Հայոց եղեռնազարկ բանաստեղծներ

Հայ ժողովրդի հավերժական երթի մեջ արյունոտ էջեր շատ են եղել, սակայն այն, ինչ կատարվեց 1915-ին, համայն աշխարհի հավերժական ամոթն է, որ չի ջնջվում արդեն 111 տարի․ չի ջնջվում, քանզի մեղավոր աշխարհը չի կարողանում ընդունել իր անքավելի մեղքը։
Բենեդիկտոս 15-րդ պապի դիպուկ բնորոշմամբ․ «Հայը ժողովուրդների Հոբ երանելին է»՝ որքան շատ են կոտորում, այնքան շատ է հավատում։ Գուցե այդ հավատն էր, որ ծնեց Դեր Զոր ու Չանղըր, Ադանա ու Վան, Դիարբեքիր և Ուրֆա, այդ հավատն էր պատճառը, որ հայերը ողջունեցին Երիտթուրքերի կարծեցյալ հեղափոխությունը։ Այդ հավատն էր, որ «Ուղիղ գծեն դուրս․․․, Համակ բացառություն մը․․․, Կարգ ու սարքի թշնամի» Զոհրապն անգամ չտեսավ անխուսափելին։
Հայ գրականության գրական ֆիդային՝ Դանիել Վարուժանը, դեռևս 1906-ին սարսափած գրում էր․
«Տապարն է ջախջախ դռանըս կուրծքին,
-Ջարդն է, դուռըդ բա՛ց»։
Բայց անպարագիծ էր մեր ժողովրդի հավատը, և անգամ հեղինակն ինքը չէր հավատում մի նոր ոճիրի։ Նրանք Գալիքի Տրուբադուրներ էին դարձել։
Հարպիեի ճերմակ ձիավորն էր՝ Ռուբեն Սևակը, որ ճշմարիտ ձևակերպեց իրենց ողբերգական վախճանը․
Զի մե՛նք ենք, մե՛նք ենք, բանաստե՛ղծ, պոէ՛տ,
Մե՛նք պատառոտուն բեհեզով վետ-վետ
Երգի իշխաննե՛ր՝ ի սպառ հալածուած,
Մե՛նք, նօթի՛, հպա՛րտ, երբեմնի աստուա՛ծ,
Մե՛նք, չըհասկըցուած, մե՛նք եղերական,
Մե՛նք, բանաստեղծներ, մե՛նք ենք իրական
Թրուպատուրները։
Հետո արդեն անխուսափելին դարձավ ծանր մղջավանջ, ու Կարապանման էակը՝ Սիամանթոն, սարսափած աղաղակեց․ «Արյուն է, որ կըտեսնիմ» ։
Ճերմակ էդելվեյսներ ու սեր երգող Ռուբեն Սևակը անտարբեր աշխարհի խղճին էր ապավինում․
«Ո՞ւր եք, չքնաղ խոստումներ
Խաչին, եղբայրության զուր բարբառներ,
ու՛ր եք, գետերն արյունով, դիակո՜վ կուռչին․․․»։
Իսկ նորավեպի իշխանը՝ հանճարեղ իրավապաշտպանն ու մարգարեն՝ Գրիգոր Զոհրապը, չգիտեր՝ «Որուն թողնուլ սա անտէր ժողովուրդը», բայց հիշեցնում է վաղեմի ընկերոջը՝ «անճոռնի արջ Թալեաթին», որ «Օր մը նրանից հաշիվ պահանջողը ինքն է լինելու»։
Մինչ այսօր այդ հաշիվը պահանջում են մեկուկես միլիոն անթաղ հայորդիները, պրոմեթևսյան ծառացումով հնչում է Սիամանթոյի ձայնը․
«Ո՜վ մարդկային արդարություն, թող ես թքնեմ քո ճակատիդ», իսկ արդարությունը դեռ ննջում էր «պոռնիկ Եվրոպի» մարդասիրական կոչերում, կեղծ արցունքներով օգնություն ուղարկվող պարկերում։
Այսօր էլ մեկ ու կես միլիոն անթաղ զոհերը և եղեռնազարկ հանճարները դեռ սպասում են արդարության հաղթանակին, դեռ «Ափ մը մոխիր են» հայցում իրենց սրախողխող, քարածեծ ոսկորների համար, դեռ հավատում են իրենց աստղային առկայծումին այնտեղ՝ Երկնքում, և այստեղ՝ Երկրի վրա։
Եվ հնչում է Վարուժանի աղոթք-պատգամը՝
Արևելյան կողմն աշխարհի Խաղաղություն թող ըլլա․․․
Արևմտյան կողմն աշխարհի Բերրիություն թող ըլլա․․․
Հյուսիսային կողմն աշխարհի Առատություն թող ըլլա․․
Հարավային կողմն աշխարհի Պտղաբերում թող ըլլա․․․
Եվ աշխարհի չորս ծագերում «Սիրերգություն թող ըլլա», որպեսզի այլևս երբեք չմեռնեն պոետները երգելով, այլ երգեն՝ ապրելով։
Օրհնա՛նք և աղո՛թք նրանց անթաղ աճյուններին․․․
Եղեռնազարկ բանաստեղծների և հայ ժողովրդի բարեկամների անուններով Հայաստանում դպրոցներ, փողոցներ, հուշատներ են անվանակոչվել։
Ծիծեռնակաբերդի բարձունքից Արարատին նայող պատանին պետք է հիշի Գուրգեն Մահարու «Այրվող այգեստանները», երբ Վանից հեռացող հայերը գույնզգույն քարեր էին շաղ տալիս, որ վերադարձի ճանապարհը չկորցնեն։
Այդ գույնզգույն քարերը մեր ճանապարհը լուսավորող հավատի կանթեղներն են, որոնցով մենք պիտի հասնենք Մհերի դուռ և դուրս կանչենք մեր հերոսին․
— Դո´ւրս արի, հե՜յ, Մհեր, դո´ւրս արի, աշխարհը արդար է ու գեղեցիկ,
դո՛ւրս արի, և թո՛ղ Քուռկիկ Ջալալու վրնջյունն ու Թուր Կեծակիի հրացոլքը մեկընդմիշտ վերջ տան բոլոր արյունահեղություններին, թո՛ղ մանկանց աչքերը լույսով ճառագեն, և արևագալները օրհնությամբ ու աղոթքով օծվեն։ Եվ թո՛ղ յուրաքանչյուրիս անձով բյուրեղանա Հայաստանի բնությունը «Հայոց լեզուն, հայրենի բարքերը»։

Leave a Reply