ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Սփյուռքահայ ինքնության ամրոցը՝ «Սփյուռքի դպրոցը»

Framed world map with countries divided into red, blue, and orange horizontal zones and labeled in Armenian

«Սփյուռքի դպրոց» հասկացության շուրջ մեզ բոլորիս միավորողը ՀԱՅ ածականն է, որն իր մեջ նախահայր Հայկից մինչ օրս կրում է հսկա, տեր, իշխող, ստեղծող, արարող ԳԵՆԸ։ Հայկյան եռաթև նետով, Բելի և «բելերի» կուրծքը ճեղքելով՝ հասել է մեզ, քեզ, յուրաքանչյուր ՀԱՅԻՍ։ Ու թեև փորձել են խեղդել մեր դարավոր երթն ու երգը՝ թողնելով վերջին արևագալի հույսը, միևնույն է, դու խոսում ես նոր լուսաբացներիդ մասին։ Այդ լուսաբացի կրողը հայ մանուկն է, հայ մանչը, ձագուկը՝ ինքնության և հայ գենի հավերժի ճամփորդը։ 

Ասում են՝ խավարին միշտ հաջորդում է լույսը։ Եվ այդ լույսի ակունքը Սփյուռքում, իր իսկ ձևավորման պահից սկսյալ, մայրենի լեզուն է, որի պահպանումն ու փոխանցումը Սփյուռքում ապրող յուրաքանչուր հայի՝ ինքնությամբ վերապահված պարտականությունն է։ 

Այդ սուրբ գործն ի սկզբանե հանձն են առել Մերձավոր Արևելքում դպրոցներ հիմնած նվիրյալները՝ Նիկոլ Աղբալյանը, Լևոն Շանթը…., որոնց շնորհիվ Մեծ եղեռնից մազապուրծ եղած «մանկություն չունեցող սերունդ մը» պետք է վերածնվեր, որոնք պետք է դառնային սփյուռքահայ մշակութային կյանքի շեփորահարները՝ շարունակելով իրենց նախորդներին՝ Շահան Շահնուրին, Հակոբ Մնձուրուն, Հակոբ Օշականին… Մտավորականության այդ սերուցքն էին՝ Մուշեղ Իշխանը, Նիկողայոս Սարաֆյանը, Հակոբ Հակոբյանը, Ժան Գառզուն, Լևոն Թյությունջյանը կարոտի և կորուստի ապրումին պետք է զուգահեռեին օտարության մեջ հայ մնալու վճռականությունը, պետք է բարձրաձայնեին «Նահանջ առանց երգի» պարտությունը և իրենց ստեղծած գրականությամբ ու արվեստով մարտահրավեր նետեին ուծացման «հեշտ ու անհոգ» ապրելու արահետին… Մեղա՜, մեղա՜ Արարատին… Բայց էլի հայե՜ր ու Հայաստա՜ն, էլի հայե՜ր ու Հայաստա՜ն… Հոգևո՜ր Հայաստան…

Եթե գրեթե մեկ դար առաջ պայքար էր մղվում ազգային գոյության, ազգային անկախության համար, հիմա և հետո՝ պայքար է հայ ինքնության պահպանման։ Ուստի ինքնության պահպանման ամրակուռ վահան ու պատնեշ կարող ենք ունենալ միայն հոգևոր մշակույթի ստեղծմամբ՝ ազգի ստեղծագործ ուժերի ջանքերով, հոգու եռքով ու հարատև ձգտմամբ։ Եվ այդ ուժերին ծնունդ տվողը դպրոցն է՝ հոգևոր մշակույթի ստեղծման ամենախոշոր շտեմարանը։ Ու եթե մտածում ենք ապագայի մասին, ներկայում պետք է սերմանենք ապագայի ձեռքբերումներն ու հաղթանակները։

Բոլորս էլ գիտակցում ենք՝ ձուլման դեմ կարող ենք պայքարել միայն ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎՈՎ։ Մայրենի լեզվի իմացությունն է, որ ստիպում է մտածել հայերեն, ճանաչել նրանում ամբարված պատմամշակութային դարավոր ժառանգությունը, մշակութային և հոգևոր ամրակուռ վահան ստեղծելով՝ պայքարել օտար տարրերի ու օտարության դեմ, օտար մշակույթն ընդունել իբրև համաշխարհային և համամարդկային քաղաքակրթության ձեռքբերումներից մեկը։ Եվ մենք «հայու այն տեսակն ենք», որ համամարդկային արժեքներին և հավերժ նորոգվող քաղաքակրթության լույսին խառնել ենք մեր ԼՈւՅՍԸ, նրա կողքին ստեղծել ենք և դեռ ստեղծելու ենք ՄԵ՛ՐԸ և ՄՆԱՅՈՒՆԸ… 

Օրհնաբեր աշխատա՛նք՝ ՀԱՅ սերմնացաններին, տոկունություն և կա՛մք՝ ՀԱՅ ծնողներին։

Արմինե Կարապետյան 

ուսուցչուհի

Leave a Reply