Լոնդոնի «Գեւորգ Թահթայան» կիրակնօրյա ազգային վարժարան

Սփյուռքի բոլոր դպրոցները արժանի են հարգանքի և ուշադրության։ Յուրաքանչյուր դպրոց հայկական օջախ է, հայապահպանության արվեստանոց։ Սակայն կան դպրոցներ, որոնք արդեն ունեն հղկված կերպար, տասնամյակներում ձևավորված դեմք, թրծված ավանդույթներ։ Դրանցից մեկը՝ Լոնդոնի Գ․ Թահթայան Կիրակնօրյա Ազգային Վարժարանը, 2028 թվականին տոնելու է իր հիմնադրման 50-ամյա հոբելյանը։
Վարժարանը հիմնադրվել է 1978 թ․ Բրիտանահայ Համայնքային և Եկեղեցական խորհրդի հովանավորությամբ և Գևորգ Թահթայանի բարերարությամբ։ Տարիների ընթացքում այն դարձել է կայացած կրթական հաստատություն, որտեղ հայոց լեզու, հայոց պատմություն են սովորել և հայեցի կրթություն ստացել հարյուրավոր բրիտանահայ երեխաներ։
Վարժարանն ունի 3 բաժիններ, որտեղ աշակերտները հաճախում են հետևյալ կարգով․
- մանկապարտեզ` 3- 5 տարեկան,
- նախադպրոցական՝ 5-7 տարեկան,
- դպրոցական՝ 7-16 տարեկան։
Դասընթացները անցկացվում են արևմտահայերեն և արևելահայերեն՝ դասական և հայաստանյան ուղղագրությամբ։ Գ. Թահթայան Կիրակնօրյա Ազգային Վարժարանի հիմնական նպատակն է բրիտանահայ մանուկներին կրթել և դաստիարակել հայեցի ոգով: Դպրոցական ծրագիրը կազմված է այնպես, որ Հայոց լեզվի դպրոցական դասընթացի ուսուցումը կրում է թե՛ կրթական և թե՛ դաստիարակչական բնույթ: Ուսուցման ընթացքում աշակերտները ոչ միայն ձեռք են բերում գիտելիքներ, այլև նրանց մեջ ձևավորվում են ճիշտ հայացքներ, հաստատուն համոզմունքներ, մարդկային լավագույն հատկանիշներ:
Դպրոցում հայոց լեզվի և հայոց պատմության գիտելիքների հետ մեկտեղ աշակերտներին փոխանցվում են ազգային ինքնության արժեքները, սովորույթները և ազգային մշակութային ժառանգություններն այնպես, որպեսզի նրանք կարողանան հասկանալ և գնահատել հայ ժողովրդի ստեղծած հոգևոր և նյութական արժեքների կարևորությունը և հարազատ ժողովրդի դերը ժողովուրդների մեծ ընտանիքում: Դպրոցի նպատակն է այս բազմամշակութային հասարակության մեջ ապահովել աշակերտների՝ որպես լիարժեք քաղաքացիների ձևավորումը, և նրանց նշանակալից ներդրումները ուղղորդել հայ հասարակության զարգացմանը:
Վարժարանն ունի իր կայացած կրթական ծրագիրը, և աշակերտները 9-րդ դասարանն ավարտելիս հանձնում են ավարտական քննություն, որը համապատասխանում է անգլիական կրթական համակարգի GCSE-ի մակարդակին։
Վարժարանում հաճախ անցկացվում են ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ։ Վարժարանի ուսուցիչներն իրենց հաջողված կրթական փորձը ներկայացնում են մյուսներին և ծավալում քննարկումներ։
2017 թվականի հունվարի 22-ին Փարիզի Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, Փարիզում «Մաշտոց» դպրոցի հիմնադիր Դոկտոր Հիլտա Գալֆայեան — Փանոսեանն անցկացրեց բաց դաս վարժարանի բոլոր երեք մակարդակների դասարաններում, որին մասնակցեցին ոչ միայն ուսուցչուհիները, այլև անգլիախոս աշակերտների ծնողները։ Այնուհետև նա անցկացրեց անգլիախոս աշակերտների ուսուցման մեկօրյա վերապատրաստման դասընթաց ուսուցիչների համար։ Այդ երկու միջոցառումները շատ օգտակար էին վարժարանի ուսուցիչների համար։ Այդ դասընթացի և մեր վարժարանից ստացած տպավորությունների մասին դկտ․ Գալֆայեանը գրեց մի հոդված, որը տպագրվեց փետրվարի 16-ին Փարիզի «Նոր Յառաջ» թերթում։ Ներկայացնում ենք մի հատված այդ հոդվածից. «Իսկ ինծի համար 22 Յունուար 2017-ի այդ Կիրակին եղաւ երազային օր մը: Տեսնել այդքա՛ն աշակերտներ, այդքա՛ն ուսուցիչներ, այդքա՛ն դասարաններ, արեւելահայերէնի ուսուցում՝ դասական ուղղագրութեամբ, նոյնպէս արեւելահայերէնի ուսուցում՝ այս անգամ հայաստանեան ուղղագրութեամբ, արեւմտահայերէնի ուսուցում՝ դասական ուղղագրութեամբ, ամէն մէկը զատ-զատ դասարաններու մէջ, տարբեր ուսուցիչներով, եւ տակաւին՝ Հայոց պատմութիւն, նաեւ՝ երգ ու պար: Կարծէք Արեւելքի մեր հայկական ամենօրեայ վարժարաններէն մէկը ըլլար՝ Եւրոպայի կուրծքին: Անհաւատալի էր, բայց՝ իրաւ: Երեւոյթ մըն էր Գէորգ Թահթայեան «միօրեայ» ազգային վարժարանը: Թերեւս աւելի ճիշդ պիտի ըլլար ըսել՝ օրինակելի դպրոց մըն էր: Երանի՜ օրինակը վարակիչ ըլլար ուրիշ միօրեաներու համար: Յոյսով լեցուած վերադարձայ Փարիզ: Վարձքը կատար՝ ուսուցիչներուն եւ Տնօրէնուհի Տիկին Ռուզաննա Թաթուլեանին, ինչպէս նաեւ՝ հոգաբարձուներուն, ծնողական յանձնախումբին եւ մեծ ու փոքր բարերարներուն:
Դոկտ. Հիլտա Գալֆայեան-Փանոսեան Փարիզ, 27/01/2017»։
Վարժարանում վերջերս ուսուցիչների վերապատրաստման դասընթաց է անցկացրել նաև Հայկական պետական մանկավարժական համալսարանի մասնագետ Աստղիկ Բալայանը։
Ուսումնական ծրագրի մաս են կազմում հատուկ հանդիսությունները՝ նվիրված մեր պատմության կարևոր դեպքերին՝ սեպտեմբերի 21-ին, Թարգմանչաց տոնին, Վարդանանց հերոսամարտին, Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Վարժարանում նշվում է նաև Կաղանդը, Մայրերի օրը, Զատիկը, և ուսումնական տարին ավարտվում է աշակերտների ավարտական հանդեսով։






Աշակերտների մասնակցությամբ մեծ շուքով տոնել ենք Տիգրան Մեծի 2150-ամյակը, Անի մայրաքաղաքի 1050-ամյակը, Հովհաննես Այվազովսկու 200-ամյակը, Գևորգ Բաշինջաղյանի 150-ամյակը, Հակոբ Պարոնյանի 174-ամյակը, Դանիել Վարուժանի 135-ամյակը, Մեսրոպ Մաշտոցի 1660-ամյակը, Եղիշե Չարենցի՝ 125, Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 155-ամյակները, Պարույր Սևակի 100-ամյակը, Մարտիրոս Սարյանի 146-ամյակը, Ղազարոս Սարյանի 106-ամյակը և այլն։ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի 100-ամյա տարելիցի առթիվ վարժարանը բրիտանահայ համայնքի համար բեմադրեց Գևորգ Թահթայանի «Այսպէս ապրեցանք» գիրքը և «Սասունցի Դավիթ» էպոսը։ Գևորգ Թահթայանը գրքում ներկայացրել է իր ընտանիքի պատմությունը․ թե ինչպես է իր ընտանիքը մազապուրծ փրկվել Հայոց Ցեղասպանությունից և, գաղթելով Արևմտյան Հայաստանից, հաստատվել նախ Մանչեստրում, այնուհետև՝ Լոնդոնում։
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 30-ամյակի առթիվ տարեվերջյան հանդեսին աշակերտները ներկայացրին Գևորգ Էմինի «Հավերժի Ճամփորդը» ստեղծագործությունը։ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի 103-ամյա տարելիցի առթիվ բեմադրեցինք Պերճ Զեյթունցյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս» պիեսը։
Գ․ Թահթայան Կիրակնօրյա Ազգային վարժարանը միայն հայոց լեզու և հայկական մշակույթ փոխանցող կառույց չէ, այն նաև մեր երեխաների սրտերում հայրենասիրության հունդեր սերմանող, հայ ինքնություն և հայկական մթնոլորտ պահպանող սրբազան օջախ է։ Իր գործունեության ընթացքում վարժարանն իր անջնջելի հետքն է դրոշմել լոնդոնահայ համայնքի կյանքում։
2005 թվականից մեծագույն սիրով ղեկավարում եմ այս նվիրական կրթօջախը։ Լոնդոնում հայ ազգային ինքնության պահպանման ու զարգացման, սերունդների հայեցի կրթության և դաստիարակության, հայապահպանական ծրագրերի իրականացման գործում նշանակալի ավանդի համար Վարժարանը 2010 և 2017 թվականներին արժանացել է ՀՀ Սփյուռքի նախարարության «Լավագույն հայկական կրթօջախ» մրցանակին։
2026 թ․ մարտի 15-ին Լոնդոնի Կլինգեն նվագախմբի և երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սիփան Օլահը Լոնդոնի Գ․ Թահթայան Կիրակնօրյա Ազգային վարժարանում ներկայացրեց հայ տաղանդավոր գեղանկարիչ, հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիր Մարտիրոս Սարյանի նկարները, որոնք տրամադրել էր Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը։ Աշակերտները դիտեցին նաև Մարտիրոս Սարյանի նկարներից պատրաստված շարժանկարը, այնուհետև լսեցին պարոն Սիփանի դասախոսությունը՝ նվիրված Մարտիրոս Սարյանին և հայ տաղանդավոր կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտագետ, հասարակական գործիչ Ղազարոս (Լազար) Սարյանին։
Դասախոսության ընթացքում աշակերտները լսեցին Ղազարոս Սարյանի ստեղծագործությունները Լոնդոնի Կլինգեն նվագախմբի և երգչախմբի կատարմամբ, Սիփան Օլահի ղեկավարությամբ։ Մեր բոլոր սաները հիացած և ոգևորված էին այս շատ հետաքրքիր և օգտակար մշակութային միջոցառմամամբ։
Վարժարանն ունի իր սեփական դասագրքերը՝ «Դասական ուղղագրության քերականություն», «Հայ գրականություն և Հայոց լեզու» ձեռնարկները՝ հայաստանյան և դասական ուղղագրությամբ։ Դրանք տպագրվել և օգտագործվում են 2006 թվականից սկսած։ Կարինե Կատանյանի «Սասունցի Դավիթ» այբբենարանը դարձրել ենք անգլիախոս աշակերտների համար արևմտահայերեն, արևելահայերեն՝ հայաստանյան և դասական ուղղագրությամբ, և օգտագործում ենք 2020 թվականից։ Այս բոլոր դասագրքերը ստուգել և իր դրական կարծիքն է հայտնել Լոնդոնի Հայ հիմնարկ «Armenian institute» կազմակերպության Հայոց լեզվի դասախոս դոկտոր Գագիկ Ստեփան Սարգսեանը։ Նա տարիներ շարունակ եղել է մեր վարժարանի հոգաբարձուներից։ «Հայոց լեզու անգլիախոս սկսնակների համար» դասագիրքը հրատարակվել է 2023 թվականին, «Հայոց պատմություն» դասագիրքը օգտագործվում է այս ուսումնական տարվանից։
Լիահույս ենք, որ մեր վարժարանը դեռ շատ երկար կաշխատի, կկրթի, կդաստիարակի, կպահի և կպահպանի մեր լեզուն, մեր դարավոր մշակույթը, պատմությունը, կրոնը և հայի ոգին։

Ռուզաննա Սարգսի Թաթուլյան /Պետրոսյան/,
Լոնդոնի Գ․ Թահթայան Կիրակնօրյա ազգային Վարժարանի տնօրեն

Leave a Reply