Տիտանական աշխատանք մեկ աչքով

«Քանի ապրում է մարդկությունը, կապրի լեզուն ուսումնասիրող գիտությունը, քանի ապրում է լեզվաբանությունը, կապրի հայրենագիտությունը, քանի ապրում է հայրենագիտությունը, կապրի Հրաչյա Աճառյանը»։
Գևորգ Ջահուկյան
2026 թվականի մարտի 8-ին լրացավ համաշխարհային ճանաչում ունեցող, հայ ժողովրդի պանծալի զավակ, հայագետ, լեզվաբան, պրոֆեսոր Հրաչյա Հակոբի Աճառյանի 150-ամյակը։ Ապրելով 77 տարի՝ նա ապրեց զարմանալով և զարմացրեց շատերին՝ մանկան պես պարզ ու անխարդախ, իմաստունի պես լրջամիտ ու պարտաճանաչ։ Գերազանց տիրապետել է 20 լեզուների, խոսել է 50 լեզուներով, 250 աշխատությունների հեղինակ է։ Բացառիկ գիտնականը և՛ լեզվաբան էր, և՛ պատմաբան, և՛ գրականագետ, և՛ աշխարհագետ։ Առասպելական աշխատասիրությամբ օժտված լեզվաբանի երկերից են՝ «Հայոց լեզվի պատմություն» (երկու հատոր), «Հայոց անձնանունների բառարան» (հինգ հատոր), «Հայերեն արմատական բառարան» (յոթ հատոր), «Լիակատար քերականություն հայոց լեզվի՝ համեմատությամբ 562 լեզուների» (տասը հատոր)… Աճառյանը փոքրուց երազել է այնքան գիրք գրել, որ դրանք իրար վրա դարսելիս իր հասակից բարձր լինեն։ Մեծ լեզվաբանի 70-ամյակին աջ կողմում շարել էին տպագրված գրքերը, որոնք հասել էին իր հասակին, իսկ ձախում՝ ձեռագիր աշխատություններն էին, որոնք մինչև առաստաղ էին ձգվում։ Սա նրա ամենաթանկ նվերն էր հոբելյանի առթիվ։
Փոքրիկ Հրաչյան ծնվել է Կ․Պոլսում, կոշկակարի ընտանիքում։ Նա մեկ տարեկանում կորցրել է ձախ աչքի տեսողությունը։ «Այսպես ես իմ ամբողջ կյանքում միականի մնացի։ Փորձով կարող եմ ասել, որ մի ոտքով, մի ձեռքով լինելը շատ վատ բան է, բայց մի աչքով լինելը ոչ մի նշանակություն չունի։ Ահագին «Արմատական բառարանս», հինգ հատոր «Անձնանունների բառարանս», տասը հատորանի «Լիակատար քերականությունը» և այլն մի աչքի արդյունք են»,- գրում է գիտնականը։
Մեծ լեզվաբանը նախնական կրթություն է ստացել ծննդավայրում, նախ՝ Արամյան, ապա՝ Սահակյան վարժարաններում, հետո՝ Կ․ Պոլսի Կեդրոնական վարժարանում, որոնք որոշիչ դեր են խաղացել Աճառյանի նախասիրությունների հստակեցման, հայացքների ու համոզմունքների կազմավորման հարցում։ Բարձրագույն կրթություն է ստացել Սորբոնի համալսարանում և Ստրասբուրգում, որտեղ էլ խորացրել է իր լեզվաբանական գիտելիքները։ Նա երախտագիտությամբ և պաշտամունքով էր արտասանում իր հայագետ ուսուցիչների՝ Անտուան Մեյեի և Հայնրիխ Հյուբշմանի անունները։ Դա աշակերտի ակնածանքն էր, որ տարիներ հետո էլ չնվազեց, այլ մնաց նրանց նկատմամբ՝ հավերժ աշակերտի վերաբերմունքով։
Աճառյանն ու Կոմիտասը միասին դասավանդել են Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ «Կոմիտասը բացառիկ առաքինություններու ծով էր,- գրել է Աճառյանը իր հիշողություններում,- չափազանց աշխատասեր, աննկուն կամքի տեր, անկեղծ, բարեհոգի, ընկերասեր, քաղցր և համեստ ամենուն նկատմամբ»։ Էջմիածնից հետո Աճառյանն իր գիտական ու մանկավարժական գործը շարունակում է Շուշիի թեմական դպրոցում, ապա՝ Թավրիզում, հետո՝ Նոր Բայազեդում, այնուհետև՝ Նոր Նախիջևանի հոգևոր ճեմարանում։ Նրա եռանդի հոգևոր աղբյուրներն էին գրքերն ու ուսանողները։ Մեծահամբավ գիտնականն աճեցրել է մտավորականների սքանչելի սերունդ։ Դրանց շարքերում է լեզվաբան Գևորգ Սիմոնի Ջալաշյանը։ Երբ Մարտիրոս Սարյանը Նոր նախիջևանցիներին հորդորում է փրկել իրենց գաղթօջախներում մշակութային արժեք ունեցող ժառանգությունը, Գ. Ջալաշյանը որոշում է մայրենի բարբառի բառարան կազմել՝ իր նպաստը բերելով ազգօգուտ գործին։ Քրտնաջան աշխատանքի շնորհիվ, մահից հետո լույս է տեսնում «Նոր Նախիջևանի բարբառի բացատրական բառարանը»։
1919-1920 թթ. Աճառյանը պաշտոնավարեց Թավրիզի թեմական դպրոցում: Բավականին ճանաչված լեզվաբանին 1923 թ. Ալեքսանդր Մյասնիկյանը հատուկ հրավերով կանչում է Երևան՝ պետական համալսարանում դասախոսելու։ Այդ տարիներին Հայաստանի վիճակը ծանր էր, և Մեծ մտավորականը իր «Արմատական բառարան»-ի հոնորարը նվիրում է հայրենիքի բարելավման, տնտեսական և մշակութային վերելքի գործին։ Մեծ գիտնականին երբեք փառքը չի հետաքրքրել։ 20-րդ դարի 20-ականներին Երևան քաղաքը չուներ իր քարտեզը, Աճառյանը ոտնաչափերով ճշտել ու կազմել է մայրաքաղաքի քարտեզը։
1937 թ. խորհրդային իշխանությունը քաղաքական հետապնդում կազմակերպեց հայ մտավորականների հանդեպ. անմասն չմնաց նաև Հրաչյա Աճառյանը։ Կնոջը՝ տիկին Սոֆիկին, վտարեցին քաղաքից դուրս, բնակարանն էլ կնքեցին։ Հերթական տեսակցության ժամանակ Աճառյանը խնդրում է կնոջը փրկել իր անտիպ ձեռագրերից «Հայոց անձնանունների բառարանը»։ Տիկին Սոֆիկն, իր կյանքը մեծ վտանգի ենթարկելով, իր խոշոր մարմնով մի կերպ լուսամուտի օդանցքից ներս է սողոսկում։ Նա սեփական տնից ոչ մի թանկարժեք իր չի վերցնում, միայն ձեռագիր մատյանն է վերցնում և ավելի մեծ դժվարությամբ դուրս գալիս օդանցքից։ Այդ ձեռագրերը կապում է փորին, մեկ շաբաթ այդպես ման գալիս՝ փնտրելով ապահով տեղ։ Կինը հիշում է, որ մի հեռավոր ազգական ունի Բութանիա կոչվող թաղամասում։ Գնում է բարեկամի տուն, աղաչում-պաղատում, որ գրքերը մի ապահով տեղ պահեն։ Նրանք միասին մոմլաթով փաթաթում են ձեռագիրը և դնում երկաթե արկղի մեջ, այն գիշերով թաղում են ընկուզենու տակ ու ծառը երեք տարի չեն ջրում։
Հրաչյա Աճառյանին բանտում ծեծով ու ջարդով ստիպում են համաձայնվել արտասահմանյան լրտեսի պիտակին, քանի որ շատ լեզուներ գիտեր և ուրիշ համապատասխան բան չեն գտնում։ Երբ ասում են Անգլիայի, Գերմանիայի լրտես, Աճառյանը ստիպված ստորագրում է, բայց երբ հերթը հասնում է Թուրքիայի լրտեսին, նա չի ստորագրում՝ չնայած անդիմանալի կտտանքներին։
Ստալինյան մսաղացը չէր խնայում հայ մտավորականներից ոչ ոքի. շատ անմեղներ զոհ գնացին ու գնդակահարվեցին։ Բազում միջնորդների ջանքերով, երկու տարի ու երեք ամիս անց, Աճառյանին ազատում են բանտից։ Տուն մտնելուն պես մեծ լեզվաբանին հետաքրքրում են իր գրքերը։ Տիկին Սոֆիկն Ավետիք Իսահակյանի ուղեկցությամբ գնում է Բութանիա, գրքերը հանում ծառի տակից, բերում և ուրախացնում ծեր գիտնականին։
— Օրհնվի այդ ծառը, — լացակումած ասել է Հրաչյա Աճառյանը։
Այդ դառը ժամանակաշրջանում եղել են մեծ հերոսներ, որոնք կյանքի գնով փրկել են հզոր կոթողներ։ Հիմա դրանք մեր ձեռքի տակ են, իսկ մենք չենք էլ պատկերացնում, թե ինչ ճանապարհ են անցել, մինչև հասել են մեզ։ Գնահատե՛նք մեր ունեցվածքը։
Ֆրանսիացի լեզվաբան Անտուան Մեյեն Աճառյանի «Արմատական բառարանի» մասին ասել է. «Ոչ մի լեզվի համար չկա այսքան ճոխ, այսքան կատարյալ ստուգաբանական բառարան»։
77 տարի է ապրել Հր․Աճառյանը, կյանքի վերջին տարում կնոջը խոստովանել է, որ երջանիկ է, քանի որ վայելել է այն ամենը, ինչ երազել է։ Այդ տարիների արարումը մի հսկայածավալ ժառանգություն է, որը նա թողեց սերունդներին՝ այդ անգերազանցելի ժառանգությամբ էլ մնալով ընդմիշտ կենդանի, քանի կա լեզվաբանությունը, քանի կա հայագիտությունը։

Leave a Reply