Մեծ եղեռնին նվիրված դասղեկի ժամ

Ապրիլը մեր ժողովրդի պատմության մեջ մտավ ողբերգությամբ, որը չունի վաղեմություն, ու այսօր ամեն մի հայ, աշխարհի որ ծայրում էլ լինի, հիշում ու խոնարհվում է 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակի առջև: Պատահական չէ, որ ամեն ապրիլ իմ «դասղեկի ժամը» նվիրում եմ արևմտահայ գրականության երեք կարկառուն դեմքերի, որոնց կյանքն ու ճակատագիրը շատ նման են միմյանց՝ Սիամանթո, Ռուբեն Սևակ, Դանիել Վարուժան. մեծեր, որոնք իրենց գործերով հավերժ կմնան մեր գրականության պատմության մեջ: Ծնվել են Արևմտյան Հայաստանում, կրթություն ստանալով Եվրոպայի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ վերադարձել են հայրենիք, վերադարձել են շենացնելու, արարելու, սակայն ձերբակալվել են ապրիլի 24-ին, աքսորի ճանապարհին դաժանաբար սպանվել օգոստոսի 26-ին:
Դաս-միջոցառումը նախատեսված է ավագ տարիքային խմբի համար, այն մի մեծ ներկայացում է, որտեղ հեղինակները պատկերվում են իրենց կենդանի ապրումներով ու հույզերով, հիշողություններով, որոնք աշակերտ-դերակատարները կարող են նկարահանել նախօրոք և ցուցադրել էկրանի վրա կենսագրական հատվածների ընթերցանության հետ միասին: Դասն ուղեկցվում է հեղինակների բանաստեղծություններով և համապատասխան երաժշտությամբ: Բեմականացվող կենսագրական հատվածները Պերճ Զեյթունցյանի « Վերջին արևագալը» վեպից են:
ՍԻԱՄԱՆԹՈ (Ատոմ Եարճանեան)
— Հուշերը տարիների նստվածքի ու խառնաշփոթի մեջ ծվեն-ծվեն էին եղել, և նա խնամքով կարկատում էր դրանք:
Տասներկու տարի, 1896 թվի ջարդերից ի վեր, տնից-տեղից կտրված, նա թափառեց Եվրոպայում, և այս կարապանման էակը միշտ ապրեց աղքատ, երբեմն օրերով տնից դուրս չէր գալիս, որովհետև ուտելու բան չէր ունենում: «Տաղանդ ունենալը պատճառ չէ անոթի մնալու համար», — երբեմն մտերիմներին բողոքում էր նա, բայց միշտ նույն ժպիտով, կարծես ամաչելով ոչ թե անոթի մնալու, այլ տաղանդ ունենալու համար:
— Փարիզում` հենց Հաղթանակի կամարի առջև, ինչպե՞ս չհիշեր իր ծննդավայրը՝ Ակնի իրենց 16 հոգանոց նահապետական մեծ գերդաստանի տան ճաշասեղանը, որի տասնյոթերորդ աթոռը միշտ ազատ էր՝ անակնկալ հյուրի կամ անծանոթի համար, որ սաստիկ ձմռան բուք ու բորանին ապաստան էր գտնում իրենց տանը: Այդ տասնյոթերորդ աթոռի կարիքը հիմա հենց ինքն ուներ, բայց այն միշտ զբաղված էր իր համար, որովհետև այս շքեղ Եվրոպայում ամեն ինչ կար, ամեն ինչ, նույնիսկ՝ պաշտելի Ռոդեն, բայց չէր հերիքում մի Հեղինե մամիկ, մի Նազենի մայր, նրանք այստեղ հնաբույր էին, խելքից, մտքից դուրս…
Շվեյցարիայի Լեյզնի բուժարան, անկյունը վտիտ երիտասարդ մը կտենդեր, կդողար, կխեղդվեր, կհազար: Սնարի վերև, ճերմակ թղթի վրա գրած էր՝ Ատոմ Յարճանյան… Ջերմությունը քառասուն աստիճանից չէր իջնում, և նա զայրույթով թափ էր տալիս ջերմաչափը: Սնդիկը հիմա արդեն քառասուն թվից ապահով հեռավորության վրա էր, և նա երջանիկ ժպտում էր, հավատում էր, որ ինքը հաղթեց մահվանը:
— Պիտի ապրե՛մ, պիտի ապրե՛մ, — գոռում էր նա՝ ոտքերը գետնին խփելով: Երբ շաբաթը մի քանի անգամ պարտադիր կշռվում էր, մի քանի գիրք էր խոթում գրպանները, նախ՝ իրեն խաբելու համար, ապա՝ բժիշկներին: Ու խաբվեց, ոչ միայն ինքը, այլև ճակատագիրը: Երկու տարի ապրեց Շվեյցարիայում, և հիվանդությունը հրաշքով նահանջեց: Ջերմաչափը այնքան էր թափ տվել, այնքան հաճախ էր գիրք լցրել գրպանները, որ օրերից մի օր սնդիկը ինքնաբերաբար իջավ, իսկ կշեռքի սլաքը սկսեց բարձրանալ:
Հիշեց թիֆլիսահայ այն ազնվագույն աղջկան՝ Սաթենիկին.
«Ատո’մ, ինչու՞ ոչինչ չես գրում: Հիվանդ ես, հոգի՜ս, թե արդյոք բարկացած ես վրաս և ուզում ես դրանով պատժել ինձ: Գոնե բացատրիր, ո՞ր մեղքիս համար է այս սոսկալի պատիժը: Ո՛չ, չեմ կարծում, որ Ատոմը այդչափ չար կլինի դեպի Սաթենիկը, որը պաշտում է իրան: Եթե վաղն էլ տող չունենամ քեզնից, չգիտեմ ինչ կլինի հետս»:
Գալիս են, գնում են… ի՞նչ տարօրինակ են այս արևելահայերը: Սաթենիկի սիրույն ինքը պատրաստ է փոխել իր լեզուն, երևի Սաթենիկն էլ է պատրաստ «հոս-հոն» ասելու… Գուցե սերը միացնի արևելահայերենն ու արևմտահայերենը, և եթե մի օր միանան դրանք, ապա հիմքը դարձյալ սերն է լինելու, ոչ թե սոսկ երկու հոգու, այլ ժողովրդի երկու հատվածների:
Թո՛ղ մեր հունձքերն հովտե հովիտ՝
ծովերուն պես տարածվին…
Թո՛ղ կալերն ու որանները բլուրեն վեր,
լուսնկին հետ բարձրանան.
Թո՛ղ հայ հովիվն, մարգերուն մեջ,
իր նախահորը նման,
Իր սրնգի սարսուռներովը
իր հլու հոտը հմայե…
Ձորին վրա ջրաղացը
խաղաղությամբ թող շարժի….
— Դուռը ուժգին բախեցին: Եկան … բայց մի քիչ շուտ եկան: Հուշերը դեռ խեղդում են իրեն…
Գնաց կարապանման էակը, հայ մտքի հզոր տեսիլքներից մեկը…
Դյուցազանց երգիչը…
ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ (Ռուբէն Չիլինկիրեան)
1915 թվականին երիտասարդ բժիշկը բուժում է մի հարուստ ու ազդեցիկ թրքուհու: Աղջկա հայրն առաջարկում է երիտասարդ բժշկին ընդունել մահմեդականություն և ամուսնանալ աղջկա հետ՝ այդ կերպ փրկվելով անխուսափելի մահից: Սակայն երիտասարդը հրաժարվում է՝ ասելով. «Հավատափոխությունը ազգադավություն է»: Այդ բժիշկը նշանավոր արձակագիր ու բանաստեղծ Ռուբեն Սևակն էր:
Եկուր, եկուր ճամբաներեն անուրջիս,
Սրտիս ջահերն այրեցի քեզ ի հանդես
Վերջին անցորդ տառապանքի կամուրջես,
Երգի մը պես, քրոջ մը պես, մոր մը պես
Եկուր, եկուր ճամբաներեն անուրջիս…
— Պարոն դեսպան, ես Գերմանիայի հպատակ եմ, ունեմ երկու զավակ, եկել եմ իմ ամուսնու համար խնդրելու, աղաչում եմ Ձեզ՝ փրկեք իմ Ռուբենին:
— Դու, թշվառական գերմանուհի, լքեցիր ազգդ, ամուսնացար այդ հայի հետ և հիմա եկել ես խնդրելու, որ ազատե՞մ նրան: Նա այլևս չի վերադառնա, նրանք գնացին մեռնելու:
— Ես երկու զավակ ունեմ, պարոն Վանգենհայմ, երդվում եմ այնպես մեծացնել նրանց, որ մեկը հոր վրեժը թուրքերից լուծի, մյուսը՝ գերմանացիներից: Երդվում եմ մինչև կյանքիս վերջ ոտք չդնել հայրենիքս… Երդվում եմ երեխաներիս գերմաներեն ոչ մի բառ չսովորեցնել… Եվ եթե մի օր դարձյալ պատերազմ ծագի, իմ զավակները կռվելու են Գերմանիայի դեմ…
ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ (Դանիէլ Չպուքքարեան)
Արաքսի — Ամեն տեղ աքսորի ցուցակներ կկազմին, գուցե դուն չկաս հոն:
Վարուժան — Դու՞ն ալ, Արաքսի կհանդգնիս ցուցակեն դուրս հանիլ զիս:
— Քեզ չեմ հաներ, քեզի հետ միասին նաև զինքս, նաև երկու զավակներդ, նաև այն երրորդը, որ պիտի ծնվի….
— Ներե, Արաքսի: Տա Աստված, որ այդպես ըլլա, որ բոլորդ մնաք անվնաս, բայց գիտցիր, եթե իրոք աքսոր պիտի ըլլա, ես ալ կերթամ, որտեղ բոլորը, այնտեղ էլ՝ ես…Ըսե, որ չես մեղադրիլ զիս….
— Չեմ ուզեր հասկնալ, բայց գիտեմ, որ ճիշտ ես….
— Շնորհակալ եմ, Արաքսի…. Քնացա՞ն երեխաները… քնացա՜ն… Ամեն հայ մանուկ որբ է ի ծնե, իսկ մենք ծնունդ կուտանք…
— Մեղք կընես (խաչակնքում է): Երրորդը դեռ պիտի ծնվի:
— Եվ ինչու՞ այսքան ապրիլ կուզենք, ինչու՞։
— Ինչու՞ դուն «Հացին երգը» կգրես:
— Բավական է եղերամայրերու պես ողբ ու կոծ ընենք: Քու հայրն ու մայրը ինչու՞ դեմ էին, որ ինձի հետ ամուսնանաս:
— Քանի տարի անցավ, դուն ալ բան գտար հիշելու։
— Ճիշտ կընեին: Ո՞վ կհամաձայնվի իր աղջիկը բանաստեղծի մը կնության տալ: Ես իմ Վերոնիկս չէի տար: Շատ կխոսիմ չէ՞… Թույլ տուր այսօր շատ խոսիմ… Այսօր ամսու քանիսն է… Ապրիլի 24… Դեռ քանի ապրիլի 24-եր պիտի տեսնինք մենք ու մեր զավակները, քանի՜, քանի՜ գարուններ… Ամեն ինչ լավ կըլլա, ամեն ինչ…
Դրամը ծխնելույզին մեջ է, չմոռնաս, Մկրտիչ Պարտիզյանին կդիմես, ան կօգնի Բուլգարիա փախչելու… Երեխաներուն կասես բանակ տարին զիս, երբ մեծնանար, ամեն գնով ուսումի կուտաս, չթողնես օտարի հետ ամուսնանան:
— Լռե, ալ մի խոսիր…
— Վերջ, վերջ… Բայց դուն ինչպե՞ս հանդգնեցար գավառին պայմաններուն մեջ օրը ցերեկով հայտարարել, որ սիրահարված ես Դանիել Վարուժանին, գավառի հայ կինը սիրահարվա՞ծ …Շնորհակալ եմ քու մեծ խիզախության համար… Ներե՛, որ այսքան տարի հետո ըսի… Իսկ հիմա մինակ ձգե զիս… Ինչու՞ գրիլ կուզիմ անընդհատ, մանավանդ այս օրերում … Ի՞նչ իրավունքով…
«Զարհուրելի ձմեռ: Սպիտակ անհունության մեջ մարդիկ կոռնան շնագայլերու պես: Արևելքեն արևմուտք բոցավառ պատերազմը կարշավե: Այս տարի որքան ցուրտ է մսուրները, ամայի են ախոռները: Մանուկ հիսուսները կմրսին այս զարհուրելի ձմռան մեջ»:
Հիշեց Սեբաստիան, Արամյան վարժարանը, իր դասընկեր Վահրամ Փափազյանին:
— Վահրամ, կոշիկներս տուր… Ես ինչպե՞ս բոբիկ երթամ քննության…
— Եթե ըսես, որ Վահրամ Փափազյանը ավելի լավ կարտասանե, քան Դանիել Վարուժանը, այն ատեն կստանաս կոշիկներդ:
— Ես ալ լավ կարտասանեմ, դուն ալ…
— Չէ, պիտի ըսես, որ Վահրամը ավելի լավ կարտասանե:
— Չեմ ըսե…
— Ես ալ քու կոշիկներդ չեմ տար:
«Լինե՞լ, թե չլինե՞լ, այս է խնդիրը,
Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ,
Տանե՞լ գոռ բախտի պարսաքարերը և սլաքները,
Թե զենք վերցնե՞լ ցավ ու վշտերի մի ծովի ընդդեմ»:
Ո՞վ է հեղինակը, գիտե՞ս:
— Դու՞ն գրած ես:
— Ապու՛շ, սա Շեքսպիրին «Համլետն» է: Շեքսպիրը գիտե՞ս
ով է: ՉԷ՛, Դուն լիակատար բոբիկ ես: Ատանկ բոբիկ էլ մնա։
ՈՒ՞ր կերթաս, խելքդ թռցուցի՞ր, ինչ է:
— Քննության:
— Քննությա’ն: Դուն խե՞նթ ես… Ծեծ ուտել կուզե՞ս, հորդ, մորդ կկանչեն, խայտառակ կանեն: Ուզածս ի՞նչ է, որ ըսես, որ Վահրամն ավելի լավ կարտասանե:
— Չեմ ըսեր: Ես կուզիմ բոբիկ երթալ քննության:
— Դանիել, կեցիր, խենթություն մի ընիր, առ կոշիկներդ:
…………
(Այգի, Արաքսին, Վարուժանի տետրը ձեռքին, կարդում է)
«Հովե՜ր կանցնին…
Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթննան,
Իրենց խորքեն կը հոսի դող մ’անսահման
Գեղադալար կողերն ի վար բլուրին,
Ծովե՜ր կանցնին… »
Կուտամ ամսահաշիվս: Սենյակ, ճաշ՝ 75 ֆրանկ, լվացք՝ 2, թուղթ, մատիտ, տետր՝ 50 …Դանիել, աս ի՞նչ է…
— Ուրիշ տետրակ տվեր եմ քեզ, պատռե:
— Բայց այս ի՞նչ հաշիվներ են:
— Երբ Բելճիքա համալսարան կերթայի, պետք է ամեն ամիս հաշիվ ներկայացնեի բարերարներուս… Տուր, չեմ ուզեր կարդաս:
«Հովե՜ր կանցնին…
Ու ցորյանին պատմուճանները ծփուն
Մերթ կը պատռին, մերթ կը կարվին փողփողուն
Ըստվերի մեջ, լույսերու մեջ փրփրագին
Ծովե՜ր կ՛անցնին… »։
Ահա ձմեռ եկավ, և ես ամառային զգեստով եմ, այնպիսի վերարկուով մը, որով աղքատ գործավարի մը ողորմություն միայն կտրվի:
— Ես քեզի արգելեցի կարդալ …
— Բայց այս թվերը բնավ չխանգարեցին, Դանիել, ավելին օգնեցին հասկանալ, թե ինչ սքանչելի բանաստեղծություն էր, իսկ այս կրկնությունները՝ հովե՜ր կանցնին, ծովե՜ր կանցնին…
— Դուն իմ բանաստեղծությունը ինձ մի բացատրեր: Եվ եթե դուն կհավնիս, ուրեմն անկատար է դեռ…
— Դանիե՛լ, ոչ երանի անոր, որ քու կինդ պիտի դառնա:
— Ճիշտ ես, ձանձրալի կյանք կսպասե անոր։
— Այո՛, Դանիել, անտանելի կյանք: Տունին մեջ խեղճը ոտի
մատներուն վրա պիտի քալե, որ չխանգարե ամուսնուն: Մարդու երես չպիտի տեսնե:
— Օրը մի քանի ժամ պիտի տեսնե ամուսնուն, որովհետև անիկա ցերեկը պիտի ուսուցչություն ընե, գիշերները գրե… և որուն են պետք անոր գրածները…
— Անոր կինը պիտի դադրե կին ըլլալե: Աղախին պիտի դառնա…
— Դրամը քիչ, հոգսերը շատ…
— Ոչ ոք չի դիմանար այդպիսի կյանքի, ոչ ոք…
—Ուրեմն, թույլ տուր ձեռքդ խնդրել, Արաքսի:
— Բայց չէ՞ որ ես արդեն տվի իմ համաձայնությունը:
— Դուն գիտե՞ս, որ այսօր ամենաարհամարհվածը գավառին մեջ վարժապետն է ու բանաստեղծը:
— Գիտեմ…
— Բայց ես և բանաստեղծ եմ, և վարժապետ…
— Դուն իմ ամուսինն ես…
— Բարձր ըսե…
«Արևելյան կողմն աշխարհի խաղաղություն թող ըլլա.. .
Արևմտյան կողմն աշխարհի խաղաղություն թող ըլլա…
Հյուսիսային կողմն աշխարհի խաղաղություն թող ըլլա…
Հարավային կողմն աշխարհի խաղաղություն թող ըլլա… »
— Դուռն է, Արաքսի… Եկան…
— Այսօր մեր հարսնիքն է, ի՞նչ դուռ….
— Դուռն է, դուռը… աս հիշողություն չէ, Արաքսի, աս իրականություն է… Կոպիտ, դաժան իրականություն… Ես հոն պիտի վերադառնամ, ներե՛ ինծի, ներե՜…
Այս սերնդի փրկված զավակները տարածվեցին աշխարհով մեկ՝ համր ու անտարբեր աշխարհին պարգևելով համաշխարհային մշակույթի մնայուն արժեքներ:

Leave a Reply