ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Երազիկ Լևոնի Հարությունյան

Ես «սկսվել եմ» 1964թ. արցախյան հինավուրց Աշան գյուղի կուսական գույներից և, ինչքան ինձ հիշում եմ, ուղեղումս տարաբնույթ «ինչուներ» էին պտտվում, իսկ հոգումս ինչ-որ նուրբ, անորսալի, չճանաչված մեղեդիներ էին հնչում։ 

«Ինչուներովս» նախ մտավորական ծնողներիս էի զարմացնում, հետո դրանք ինձ ուղղորդեցին համալսարանական և ասպիրանտական կրթության, ապա և ցուրտ, սակայն գրքաբույր գրադարաններում խորասուզվելու մեր ժողովրդի ողբի երգերի մեջ… մինչև ծնվեց «Հայ ժողովրդական սգո երգերը» թեկնածուական մենագրությունս։ (Հղումը՝ http://serials.flib.sci.am/openreader/azgagrutyun_24/book/index.html#page/124/mode/2up)

Դե, իսկ հոգուս մեղեդիները մե՛րթ բանաստեղծություններ էին դառնում, որոնք ամփոփվեցին երկու ժողովածուների մեջ, մե՛րթ հոդվածներ և հարցազրույցներ  արցախյան ու հայաստանյան թերթերում, ապա և Սփյուռքի «Խաչքար» ամսագրում ու «Հայք-մեդիա» հարթակում։ 

Վաթսունամյա որոնումներիս 27 տարիները անցել են հայրենիքից դուրս, սակայն խանդավառ՝ հայրենիքի սիրով և կարոտով։ 

Այդ «ինչուները» շարունակ բազմանում էին և ներշնչում բազմաթիվ նախագծեր Կրասնոդարի հայկական դպրոցներում… Այդ մեղեդիները դարձան ամբողջական՝ չորս դասագրքերից, չորս տետրերից և լսագրքերից բաղկացած «Սասնա տուն» ուսումնական փաթեթ և նույնանուն առցանց դպրոց, որոնք փորձում են Սասնա հերոսների մաքուր հայեցի գեները արթնացնել և խնամել իրենց հետ բոլոր հաղորդակցվողների էության մեջ։ 

Հաճելիորեն անսպասելի էր ՀՀ վարչապետի հուշամեդալի արժանանալը այս առիթով։ 

«Ինչուները» դեռ շարունակում են նոր դռներ բացել, իսկ մեղեդիները շարունակում են հնչել նոր տոնայնությամբ։ Միգուցե այս թերթի գլխավոր խմբագրի աշխատանքը կդառնա նրանց ևս մի ակորդը… Առաջ Աստված։

Leave a Reply