ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Հուսո կամուրջ

«Խաղաղություն ամբողջ աշխարհին և մեր Հայաստանին»

Ամանորյա միջոցառում Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» հայկական համայնքի «Հուսո կամուրջ» հայկական խմբակում

«Հուսո կամուրջ» հայկական խմբակի նախատոնական օրը սկսվեց  Ալ.  Պուշկինի անվան մանկական գրադարանում գործող կրտսեր և միջին խմբերում անցկացվելիք բաց դասով։

Երեխաները պատրաստեցին հայկական զարդանախշերով ամանորյա խաղալիքներ՝   մակագրված հայերեն մաղթանքներով։ Խաղ֊մրցույթի միջոցով կրկնեցին նախօրոք սովորած բառերը` նվիրված Ամանորին և ձմռանը։ Շատ հուզիչ էր Ձմեռ պապի մուտքը, քանի որ այն անակնկալ էր երեխաների համար։ Երեխաները հայերեն ոտանավորներ արտասանեցին և ստացան Ձմեռ պապի պատրաստած նվերներները։

Իսկ տոնական հեքիաթային երեկոն շարունակեց խմբակի ավագ խումբը Դոնի Ռոստովի հայկական համայնքի հարազատ օջախում։ Ծրագիրը շատ խորհրդանշական էր․ մասնակիցները կախարդական փայտիկի հրաշագործությամբ «հայտնվեցին ինքնաթիռում», որը  նրանց տանելու էր հայրենիք՝ Հայաստան։ Ինքնաթիռում նրանց համար ցուցադրվեց կարճամետրաժ ֆիլմ։ Ֆիլմը  պատմում էր  հին հայկական ավանդույթների ու   սովորույթների մասին։ Շատերը անկեղծորեն զարմացան, որովհետև շատ սովորույթներ նրանց համար իսկական բացահայտում էր։

Ինքնաթիռը վատ եղանակի պատճառով չէր կարողանում վայրէջք կատարել, իսկ ժամացույցի զանգերի սլաքներն անհամբեր սպասում էին իրենց մուտքին։ Ահա և վե՛րջ։ Զրը՜նգ, զրը՜նգ… ծոր է տալիս ժամացույցի զանգը հպարտ, և ինքնաթիռի սրահ է ներս մտնում  Ձմեռ պապը։ Նա իր հետ բերել էր գեղեցիկ հուշանվերներ՝ կանխատեսումների տեսքով։ Մթնոլորտը իսկապես տոնական էր։ Վերջապես   լսվում է հայ ուղեկցորդուհու հմայիչ ձայնը. «Հարգելի՛ ուղևորներ, ամրացրե՛ք անվտանգության գոտիները։ «Հուսո կամուրջ» ինքնաթիռը հինգ րոպեից վայրէջք կկատարի Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում»։  

Բոլորի աչքերում նկատվեցին ուրախության ու հուզմունքի կայծեր։ «Զվարթնոց» օդանավակայանում  սպասվում էր հաճելի անակնկալ։ Կաղանդ Պապը՝ ազգային արժեքները, ծիսական համակարգը պահպանող ու սերունդներին փոխանցող ծերուկը, իր օգնականների միջոցով բոլորին փոխանցեց ոչ թե նվերներ, այլ Ամանորի յոթ խորհուրդ՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն։ Կաղանդ պապի օգնականները բոլորին «առաջնորդեցին» մի  գեղեցիկ հայկական  օջախ, որտեղ էլ երեկոն թեժացավ արդեն բացառապես հայկական ճաշատեսակներով ու անուշեղեններով լի տոնական  սեղանի շուրջ։ Գլխավոր կերակուրը կավե ամանում մատուցված հարիսան էր։

Խորհրդանշական էր Ամանորի նախաշեմին թխվող Տարեհացի մատուցումը։ Նախ ընտրվեց ամենատարեց կինը, որը հին ավանդական սովորույթի համաձայն՝ խմբի  ամենափոքր տղայի մեջքին դրած, նրան մաղթանքներ ու օրհնանքներ տալով,  կտրեց Տարեհացը՝ գաթան, որի մեջ «թաքնված էր» կարմիր լոբու հատիկը՝ դովլաթը։ Գաթայի կտորները բաժանելուց հետո՝ ով կգտներ  դովլաթը, նա էլ կհամարվեր գալիք տարվա հաջողակը։

Առանձին մի հիացմունք էր կենաց ծառի պատրաստումը, որը կոչվել է նաև Կաղանդի ծառ։ Մենք էլ, չխախտելով  ավանդույթը,  Կաղանդի  ծառը զարդարեցինք  մրգերով, չրերով, ընկույզներով, ինչպես նաև տիկնիկներով, ասիլ-վասիլներով (մարդակերպ թխվածքներ), ցորենի հասկերով` որպես առատության նշան։

 Ամանորին Կաղանդի ծառը կյանքի, բեղմնավորության ու շարունակականության, պտղաբերության խորհուրդն ունի։ Հայկական օջախներում այն խորհրդանշում է, որ ընտանիքը ապրում է, դեռ բազմանալու է, քաղցրանալու, առատությամբ է լցվելու տունը։

 Ու քանի որ մշակույթը կարծրացած երևեույթ չէ, ապա Կաղանդի ծառն էլ կարող է դառնալ մերօրյա, կրել մեր օրերի գաղափարներն ու զարդարանքի որոշ պարագաներ։ Եվ, ուրեմն, հարգելի՛ հայրենակիցներ, դուք էլ պատրաստեք  ձեր Կաղանդի ծառը և զարդարելիս մի՛ վախեցեք այն ներկայացնել ըստ ձեր երևակայության։

Դարերի ընթացքում, իհարկե, շատ բան է փոխվել, բայց Նոր տարին այսօր էլ հայերի ամենասպասված և ամենաուրախ տոնն է։ 

Թո՛ղ 2026 թվականին յուրաքանչյուր նոր պահ երջանկություն, հաջողություն, հարմարավետություն և ջերմություն բերի  մեր բոլորիս օջախներին: Թող յուրաքանչյուր իրադարձություն լցված լինի ուրախ պահերով, աչքերը` փայլով ու սիրելիների ժպիտներով: Մաղթում եմ, որ բոլոր նպատակներն իրականանան, խնդիրները լուծվեն, իսկ անակնկալները միայն հաճելի լինեն։ Թող այս տարին լինի ուրախ, անհոգ և բարեկեցիկ: Խաղաղություն ամբողջ աշխարհին և մեր Հայաստանին։

Լուսինե  Համլետի Պետանյան,երեկոյի կազմակերպիչ, «Հուսո կամուրջ» հայկական խմբակի ղեկավար, Դոնի  Ռոստովի  «Նոր Նախիջևան» հայկական համայնքի ուսումնամեթոդական բաժնի վարիչ, հայոց լեզվի ուսուցչուհի

Leave a Reply