Սփյուռքահայ մայրերիս մայրենի խոսքը` հայ ինքնության պահպանման գործոն
Հայրենիքից դուրս ապրող հա´յ մայրիկ, թույլ տուր քեզ հետ կիսվել մի մտահոգությամբ, խնդրով, որի լուծումը մեր՝ հայ մայրերիս ձեռքերում է ու մեր սուրբ պատասխանատվությունն է։
Մտքովս անգամ չէր անցնում, թե տարիներ հետո ավարտական աշխատանքիս խնդրո առարկան՝ «Հայ մնալու խնդիրը Վահե Հայկի երկերում», կդառնա նաև իմ խնդիրը, որովհետև ես էլ քեզ ու շատերի պես դարձա հայրենիքից դուրս ապրող հայ։
Հայրենիքից դուրս ապրելու պատճառները բոլորիս համար միաժամանակ նման ու տարբեր են։ Բայց ես ուզում եմ անդրադառնալ այլ հարցի՝ հայրենիքից դուրս հայերենը պահելու, հայ ինքնության պահպանման հարցին։
Արդեն մեկ տասնամյակ Ռուսաստանում բնակվելու տարիների ընթացքում հաճախ եմ հանդիպել այստեղ ծնված ու մեծացած այն հայ երեխաներին, որոնք ընդհանրապես չեն տիրապետում հայերենին, իսկ ծնողը մայրենին կիսատ-պռատ է օգտագործում։ Խոսքս Սփյուռքում ապրող հայի երրորդ սերնդի մասին է։ Նույն երևույթը նկատելի է նաև երկրորդ սերնդի մոտ, որը հասկանում է, բայց չի խոսում հայերեն։ Սա ևս մտահոգիչ խնդիր է, որովհետև լեզուն կենդանի է միայն խոսքով։ Արդյունքում Սփյուռքում ապրող հայը կամ ընդհանրապես չի տիրապետում հայերենին, կամ, լավագույն դեպքում, մի քիչ հասկանում է։ Իսկ թե ինչու, պարզ է միանգամայն․ տանը նրա հետ հայերեն չխոսելու հանգամանք, դրսում՝ ոչ հայկական միջավայր։ Ի՞նչ է սպասում չորրորդ սերնդին, սարսափում ես անգամ մտածելուց․ հայերենը նրա համար լիովին անհասկանալի և օտար լեզու կդառնա։ Իսկ հայ լինելը ինչո՞վ է վկայվելու, միայն ազգանվան «-յան»-ո՞վ։

Մտքերս նորից ինձ տանում են Վահե Հայկի, Շահան Շահնուրի հերոսների ճակատագրերի հետքերով։ Ոչ հայկական միջավայրում ծնված մանկանը դժվար է բացատրել մտահոգությունս, բայց դու՝ հա´յ մայրիկ, անշուշտ, ինձ կհասկանաս և չես վիճի, եթե ասեմ, որ մայրական կաթի պես պիտի հայրենիքի հանդեպ սերը սնուցենք մեր զավակներին, մեր քաղցրահունչ մայրենին այդ մենք պիտի հաղորդենք նրանց՝ հայրենիքից կտրված մեր զավակներին, քանի որ մերն է այդ մեծ պարտականությունը։
Մենք՝ ես ու դու ենք նրա համար ընտրել հայրենիքից դուրս ապրելու տարբերակը, մեր ընտրությամբ է նա կտրվել իր ազգային միջավայրից, հայրենիքից։ Ուստի և, արի՛ այդ կապը լրացնենք հոգևոր կերպով՝ մեր ոսկեղենիկ մայրենին դարձնելով հայրենիքին կապող կամուրջ, որով վաղը կկերտվի դեպի հայրենիք տանող վերադարձի ճամփան։ Լեզուն է մեր ազգային մտածողության ու հոգեբանության կրողը, մեր ազգային ինքնության պահպանման հզորագույն միջոցը, եկեք այն մայրական շուրթերով փոխանցենք մեր զավակներին՝ հնչեցնելով նախ օրորոցային երգերով, ժողովրդական հեքիաթներով, հերոսապատումներով, ապա՝ հայրենիքի մասին պատմական ու հերոսական դրվագներով։ Հավատացած եղե´ք, որ այդպիսով հայրենասիրության ու հայրենաճանաչման սերմերը նրանց մանկական ենթագիտակցականում կմնան ու կարմատավորվեն ընդմիշտ և այսօրվա սուպեր-հերոսներն իրենց ընկալման մեջ կպատկերվեն մեր Հայկ Նահապետի, Սանասարի ու Բաղդասարի, Մհերի ու Դավթի կերպարներով։ Իսկ դպրոցահասակ քո զավակը, «Հին աշխարհի պատմություն» առարկայի ժամանակ, քարտեզում նկատելով «Армения» անվանումը, հպարտությամբ և ոգևորությամբ ընկերներին կպատմի Հայկի, Վանի թագավորության, Տիգրան Մեծի, Երևան-Էրեբունու մասին։ Այո´, օտար հողում ծնված ու մեծացող մեր զավակը, որը մի ժամանակ բողոքում էր, թե ինչու ենք իրեն կոչել Գոռ կամ Վան, այլ ոչ թե Եգոր կամ Իվան, հպարտությամբ կներկայացնի իր հայրենիքի պատմությունը, կբացատրի իր անվան ծագումը, կհպարտանա դարավոր պատմություն ունեցող իր հայրենիքով, որովհետև արդեն ճանաչում է ու սիրում, գնահատում է, որովհետև մայրենին իրենն է, ինքը դարձել է նրա կրողը։ Եվ դրա շնորհիվ նա իր սրտում անհուն գորովանքով կփայփայի հայրենիքի սերը, որը օրորվել է ծնված օրից ու ենթագիտակցականից հասել խոր գիտակցություն:

Leave a Reply