Աշակերտին հրապուրելու հնարներ

Սիրելի՛ ընթերցող, ուզում եմ, որ «Սփյուռքի դպրոց» թերթի երկրորդ համարի ԳՐԱՏԱԽՏԱԿԸ Սփյուռքի ուսուցչին հուշի հայ երեխաներին և պատանիներին դպրոց բերելու հնարներ։
Ի տարբերություն հանրակրթական դպրոցի՝ հայկական լրացուցիչ կրթության դպրոց հաճախելը կամավոր է, ուրեմն ուսումն այստեղ պետք է կազմակերպել շատ ավելի գրավիչ և հաճելի մեթոդներով։ Առաջին հերթին պետք է հարգանք և ակնածանք առաջացնել սեփական լեզվի և մշակույթի նկատմամբ։ Երեխան պետք է համոզված լինի, որ ուսումնասիրվող նյութը արժանի է ուշադրության և պիտանի է, այն պետք է փոխանցվի ուսուցչի խանդավառությամբ, ամեն մի բառն ու միտքը արտահայտվի սիրով։ Հայ երեխան պետք է գա դպրոց որպես տոնի, հաճելի հաղորդակցման, ուր իրեն սիրում են, հասկանում են, միշտ պատրաստ են օգնել։
Հայկական դպրոցը, հայկական եկեղեցին կամ մշակութային կենտրոնը Սփյուռքում պետք է ընկալվեն ոչ միայն իրենց բուն բովանդակությամբ, այլև, առաջին հերթին, որպես հայրենիքի խորհրդանիշ և ներկայացուցչություն․ Հայաստանի յուրօրինակ մոդել։
Երիտասարդներին և պատանիներին հայկական կրթական կառույցներում ներգրավելը բազմամասն հմտություն և կառուցակարգ է ենթադրում։ Պարբերաբար, նորաձևությանը համընթաց, պետք է որոնել տարբեր ժամանակակից խմբակների, ստուդիաների և ակումբների ստեղծման համար նոր մեթոդներ և ուղիներ՝ նյութական և բարոյական խրախուսանքների ճանապարհով։ Առաջին փուլում հիմնական աշխատանքը պետք է ուղղված լինի գերազանցապես ծնողներին, քանի որ, վերջին հաշվով, ազգային ավանդույթների և արժեքների նկատմամբ վերաբերմունքը ձևավորվում է ընտանիքում։ Պետք է փորձենք.
- բոլոր պատեհ առիթներով ցուցադրել մեր բարքերի ու կենցաղային սովորությունների առաքինությունները․
- տեսողական, հանդիսական այլևայլ միջոցներով համոզել, որ ազգային պատկանելիության հստակ գիտակցումը ապահովում և սնուցում է սկիզբ, արմատներ ունենալու և դրանց կապված լինելու անհատի ապրումը, հոգեբանական անվտանգության և կայունության զգացումը․
- պարզաբանել, որ մենք ծնվել ենք որպես հայ և, եթե անգամ մենք դա չենք ուզում, ուրիշները մեզ յուրային չեն համարի, և մենք կմնանք «ոչ ոքի» կարգավիճակով, «խաղից դուրս».
- անգամ կարելի է պատանուն ուղղորդել բացահայտումների այն մասին, որ շատ ավելի խորհրդավոր և հետաքրքիր է լինել միաժամանակ երկու մշակույթի կրող՝ երկշերտ հարուստ հոգեկան ու հոգևոր աշխարհով․
- խրախուսել բոլոր աշակերտներին և ծնողներին մասնակցել հետաքրքիր միջոցառումների՝ տարբեր կայքէջերում, թերթերում և ամսագրում հայտնվելու հրապուրիչ հեռանկարով։

Մեր դիտարկմամբ՝ ովքեր են վերջապես դառնում Սփյուռքի հայկական կրթական օղակների սաներ.
- ավանդական Սփյուռքի այն ներկայացուցիչները, որոնք դեռևս պահպանել են իրենց ազգային կերպը և քսանմեկերորդ դարում ազգային զգացումների նոր զարթոնք են ապրում,
- նոր Սփյուռքի այն մասը, որը չի ուզում ձուլվել և ձգտում է ապահովել իր սերունդների շփումը հայկական աշխարհի հետ։
Նրանց դրդապատճառները նույնպես բազմազան են և շերտավորված․
- սովորել մայրենի լեզուն,
- ձեռք բերել կարդալու և գրելու հմտություններ,
- յուրացնել հաղորդակցվելու տարրական ձևեր,
- զարգացնել բանավոր խոսքը,
- ձեռք բերել պատմության և մշակույթի մասին գիտելիքներ,
- հաճախել տարբեր գեղարվեստական խմբակներ,
- ունենալ շփումներ հայկական կյանքի հետ,
- գտնել հարազատ միջավայր,
- տուրք տալ ընդունված տենդենցներին․․․
Մեզ համար ընդունելի են բոլոր շարժառիթները, միայն թե երեխան կամ երիտասարդը հայտնվի մեր դպրոցի ուղեծրում, այդժամ նա մեր նավի վրա է, շարունակելու է նավարկել մե՛ր առաջնորդությամբ, մե՛ր կանոններով։
Եկե՛ք ամեն անգամ մեր գործի կարևորության համոզմունքով սկսենք այն հրաշքը, որ կոչվում է ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԴԱՍ։

Response
-
Սա շատ կարևոր է։

Leave a Reply