ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Իմ ամենաանմոռաց աշակերտը

Լինում են երիտասարդներ, որոնք իրենց մեջ կենտրոնացնում են իրենց նախնիների արյան և գեների մեջ եղած ամենայն լավն ու արժեքավորը։ Այսպիսի մի հետաքրքիր կերպար էր իմ անմոռանալի աշակերտ Սպարտակ Արևջանյանը։ 

Ծնվել է 1998 թվականի օգոստոսին Սամարայում, իր ողջ կարճատև ու գեղեցիկ կյանքն անցկացրել է Սփյուռքում։ Նա, սակայն, խտացնում էր իր մեջ մեր ազգային այն բուն խառնվածքը, բնավորությունը, որ հավերժացել է հայ ժողովրդական բանահյուսության, էպոսի, պատմական երգերի մեջ, հայ գրողների դասական գրվածքներում։ Մեր ժողովրդի մի շերտն է միայն իր մեջ խտացնում մեր ազգային արժեքները, բնականաբար՝ ամենաընտրյալ շերտը։ Հենց այս խավի մարդիկ էլ դառնում են հայրենիքի տերը, նվիրյալը, պաշտպանը։ Սրանք գաղափարական այն զինվորներն են, որոնք ո՛չ միայն կռվի դաշտում, այլև կյանքի բոլոր ասպարեզներում իրենց ամբողջ եռանդը նվիրաբերում են հայրենիքի կայացմանը։ 

Երբ Սպարտակ Արևջանյանը եկավ ընդունվելու Հայ Առաքելական Եկեղեցու Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի Հայոց Թեմի «Արմատ» դպրոցի «Մեծ Մհեր» ավագ դասարան, ասաց, որ գալիս է Կրասնոդարից  մոտ 80 կմ հեռավորության վրա գտնվող Տիմոշևսկ քաղաքից։ Նա պարզաբանեց, որ  խոսում է հայերեն և ուզում է արագ կարդալ ու գրել սովորել, քանի որ մեծ նպատակ ունի։ Շատ զարմանալի, հմայիչ և գեղեցիկ երիտասարդ էր, մտածկոտ, խոհուն և զարմանալիորեն պայծառ։ Անմիջապես հասկացա, որ այդ արտաքին համեստության տակ թաքնված է շատ խոր հոգի։ Բավականին կարդացած և զարգացած էր, իր տարիքից հասուն, հստակ սկզբունքներով, ուրույն և կայուն պատկերացումներով։ Այնքան կայացած էր իր քսան տարեկանում, որ անմիջապես գրավեց բոլորի ուշադրությունը և համակրանքը։ Խմբի՝ իրենից ավելի տարիքով բոլոր աղջիկների և տղաների համար նա ինքնաբերաբար դարձավ հեղինակություն, բոլորը հաշվի էին նստում նրա կարծիքի հետ, դաս պատասխանելուց հետո նայում նրա դեմքի արտահայտությանը, դիմում նրան՝ շտկելու համար իրենց թերացումները։ 

Առաջին անգամ Հայաստան էր մեկնել 16 տարեկանում, բայց արդեն այնքա՜ն բան գիտեր հայրենիքի մասին, որ ծնողների հետ մեկնեց ստույգ  ճանապարհային քարտեզով․ ուր պետք է գնալ, ինչ պետք է տեսնել, ինչի վրա պետք է կենտրոնանալ։ Առաջին այցելության ավարտին միանգամից վստահ հայտարարեց ծնողներին, թե ինչքան երջանիկ է ինքը այդտեղ։ Հավատացնում էր, որ ոչ մեկը չի կարող հասկանալ, թե ինչ է զգում ինքը՝ պարզապես առավոտյան արթնանալով և շնչելով այդ օդը, նայելով այդ բնապատկերներին, խմելով այդ ջուրն ու զգալով հայրենիքի արդար հացաբույրը։ 

Մենք հաճախ էինք զրուցում․ մի ուրի՜շ հաճույք էր նման հոգեթով երիտասարդի հետ հոգեպարար մտքեր փոխանակելը։ Հիմնական թեման Հայն ու Հայաստանն էր։ Սպարտակի Հայաստանը անթերի, իրական, մաքրամաքուր, պաշտպանության ու աջակցության կարոտ Հայաստան էր։ Նոյեմբերին մոտեցավ ինձ և ասաց, որ որոշել է Հայաստանի քաղաքացիություն ստանալ և ծառայել հայոց բանակում, որովհետև դա համարում է ամեն մի կարգին հայի պարտքը։ Ես, իհարկե, չզարմացա, դա գիտակցված որոշում էր, նրա նման երիտասարդի ինքնաբավարարման և ինքնագոհացման ուղիղ ճանապարհ։ 

Ծնվել այլ երկրում, ամբողջ կյանքն անցկացնել այնտեղ, ստանալ ո՛չ հայկական սիստեմատիկ կրթություն, ձևավորվել այլախոս և այլաշունչ  միջավայրում, ա՛յլ մշակույթի և արժեքների ճնշող ազդեցությամբ և մնալ այսքան հա՞յ․ մեր հազարամյա գենի բացառիկ ծլարձակման պատկեր էր Սպարտակը։  Նրա նվիրական երազանքը Հայաստանում ապրելն էր, իսկ որպեսզի կարողանար մեկնել և կազմակերպել իր ստեղծարար աշխատանքային կյանքը հայրենիքում, իրեն պարտավորված էր զգում նախ հայրենիքին մատուցել իր պարտքը։

Սպարտակը հրաշալի խոսում էր հայերեն, քանի որ ընտանիքի լեզուն հայերենն էր, դպրոցում «Երևան» խմբի հետ երկու-երեք ամսում շաբաթը մեկ անգամ ներկայանալով դասի, գրել-կարդալ սովորեց։ Անսահման ուրախ էր, որ արդեն ազատ ճախրում է հայոց լեզվի, հայ գրականության  և հայոց պատմության մեջ։ Ասում էր, որ դպրոց հաճախելը իրեն շատ է օգնել, և ընկերներն ու հարազատները փաստում են իր ռուսական առոգանության վերանալը։ Շատ մտերմացավ հայ ընկերների հետ, առայսօր այդ խմբի իմ աշակերտները, ցանկացած տոն կամ առիթ միմյանց շնորհավորելուց առաջ, նախ  հիշում են Սպարտակի սխրանքը, հավաստիացնում որ սերն ու ակնածանքը նրա նկատմամբ մշտական են իրենց հոգիներում։ 2018 թ․ «Երևան» խումբը Սպարտակով է տպավորվել և մնացել «Արմատ» դպրոցի պատմության և նրան բոլոր ճանաչողների հիշողության մեջ։ 

2019 թ․ հունվարի 15-ին նա ստացավ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, փետրվարին արդեն ծառայում էր Հայոց բանակում։ Հայրենասիրությունը սնամեջ ճոռումաբանություն չէ, Սպարտակը շատ զուսպ և սակավախոս էր իր բնույթով, սակայն շռայլ և առատանվեր էր իր զգացումներում և որոշումներում՝ առ Հայրենիքը։ 1,5 տարի հսկեց Մեղրու սահմանը, հետո  կամավոր փոխեց վաշտը և մեկնեց Արցախի հողը պաշտպանելու։ 

Վերջին անգամ ծնողները նրան տեսան 2020 թվականի օգոստոսին, իսկ սեպտեմբերին սկսվեց պատերազմը։ Նրա ծնողներից ավելի լուսավոր, ավելի անձնվեր և հոգեշռայլ մարդկանց ես չեմ հանդիպել իմ կյանքում։ Հայրը մինուճար որդու առողջական որոշ խնդիրների հիման վրա օրինավոր կերպով նրան ազատել էր ռուսական բանակից, մայրը իր գորովանքն ու անափ սերը պատնեշ էր սարքել շուրջը, սակայն Սպարտակը այն մարդն էր, որ ուներ ավելի մեծ, ավելի անդիմադրելի սեր՝ Հայաստան աշխարհը, որ կենդանի և կանգուն է միմիայն Սպարտակի նման ազգային անսքող արժեքների շնորհիվ։ 

Քառասունչորսօրյա տխրահռչակ պատերազմը փոխեց Սպարտակի երազանքի հունը, սակայն չկարողացավ կասեցնել երազանքը, այն իրականացավ, Սպարտակը գաղափարի հայրենանվեր զինվոր էր և գնաց իր երազանքի հետևից, հաղթեց և մնաց իր երազանք-հայրենիքի գրկում․․․ Զոհվում և պարտվում են միայն վախկոտները, որոնք չեն համարձակվում հետևել իրենց արյան մղումներին։

«— Յազգէն Մամիկոնէից՝ քաջն Վարդան. 

— Յազգէն Խորխոռունեաց՝ խիզախն Խորէն. 

— Յազգէն Պալունեաց՝ Արտակ.

— Յազգէն Դիմաքսենից՝ Հմայեակ.

— Յազգէն Գնթունեաց՝ Տաճատ. 

 — Յազգէն Ընծայեցեաց՝ Արսէն. 

 — Յազգէն Սրուանձտեանց՝ Գարեգին. 

— Յազգէն Դիմաքսենից՝ Փապակ. 

— Յազգէն Արծրունեաց՝ Վրէն»։

— Յազգեն Արևջանյանց՝ Սպարտակ մի անպարտելի․․․

Եվ շարունակվելու է Հայաստան աշխարհի ծանր ու հերոսական, բաղձալի և պատվական վերելքը։ 

Երազիկ Հարությունյան

Leave a Reply