Ավանդական տոն Անապայում.
«Գաթայի խորհուրդը»

Գաթան հայերիս ամենասիրած ազգային խմորեղենն է: Այն զարդարում է մեր տոնական սեղանները, խորհրդանշում է հաջողություն և երջանկություն: Հայկական խոհանոցի համար ավանդական գաթան ոչ միայն աղանդեր է, այլև՝ ծիսական նշանակություն ունեցող թխվածք:
Ամեն տարի մարտին Անապայի Սուրբ Գևորգ եկեղեցում «Իմ մայր» կանանց միության նախաձեռնությամբ անցկացվում է գաթայի փառատոն, որն իր շուրջն է համախմբում և՛ անուշահամ քաղցրավենիք պատրաստող հայուհիներին, և՛ այն ճաշակել ցանկացողներին: Հրաշալի տոնն ուղեկցվում է ավանդական պարերով, երաժշտությամբ, վարպետության դասերով և, իհարկե, նվերներով:
Անապայի շրջանի Հայկաձոր ավանի Սուրբ Գևորգ եկեղեցու կիրակնօրյա դպրոցում տեղի ունեցավ գաթայի հերթական մրցույթ-փառատոն։ Ժյուրիի նախագահն էր Կրասնոդարի երկրամասի Ռուսաստանի հայերի միության երկրամասային վարչության կրթության բաժնի վարիչ Կարինե Եսայանը։ Լի սեղանները զարդարված էին հայկական գաթայի զանազան տեսակներով, որոնք պատրաստել էին «Իմ մայր» կանանց խորհրդի անդամները և կիրակնօրյա դպրոցի ծնողները՝ շնորհալի հայ տանտիրուհիները։ Փառատոնն ուղեկցվեց երգ ու պարով, հետաքրքիր ավանդազրույցներով։ Հաճելի պահերից էր Սուրբ Գևորգ եկեղեցու կիրակնօրյա դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Մարիամ Պողոսյանի անցկացրած «Հայկական գաթա» թեմայով հետաքրքիր դասը: Դասի ընթաքում նա աշակերտների հետ պատրաստեց հայկական ավանդական գաթա: Դասին մասնակցում էինք նաև մենք՝ Ն. Ա. Իսպիրյանի անվան հայկական մշակույթի կենտրոնի միջին և ավագ խմբերի սաներս: Հունցեցինք խմորը, պատրաստեցինք խորիզը, և, մինչ գաթաները կթխվեին, պարզեցինք, որ գաթա բառի ծագումն անհայտ է, առաջին անգամ այն կիրառել է Վարդան Այգեկցին «Խոզն ու գաթան» առակում:
Գաթայի բույրը տարածվել էր ամենուր: Մինչ բոլորս համտեսում էինք անուշահամ և անուշաբույր գաթան, տիկին Մարիամը պատմեց առակը․ «Խոզը մի գաթա գտավ ու սկսեց ուտել: Բայց խորիզը ներքև էր թափվում, քանի որ պարանոցի հաստության պատճառով վիզը չէր կարողանում ծռել։ Երբ գլուխը վեր է բարձրացնում, պատառները դարձյալ ցած են թափվում բերանից, և նա նկատում է արեգակին: Քանի որ խոզն իր կյանքում արևի գունդն իր ամբողջության մեջ աչքով չէր տեսել, ասում է. «Այն, ինչ չէի կերել, կերա, և այն, ինչ չէի տեսել, տեսա»: Նա մինչ այդ ո՛չ գաթա էր կերել, ո՛չ էլ արև տեսել»:
Այդ օրը մենք շատ բան իմացանք գաթայի մասին։ Մեր նախնիները տիեզերական խորհրդով են պատրաստել ավանդական խմորեղենը․ աստղաձևը խորհրդանշում էր մարդուն, քառակուսին՝ աշխարհի չորս կողմերը, իսկ կլորը կոչված էր ընտանիքին փոխանցելու արևի ջերմությունը: Հայկական ընտանիքները բոլոր տոները դիմավորել են կլոր գաթաներով: Հայաստանի ամեն մի շրջան մինչ օրս ունի գաթայի պատրաստման իր ուրույն բաղադրատոմսը: Յուրաքանչյուր տոնի ժամանակ այն ինչ-որ բան է խորհրդանշում: Հին հայերը հավատում էին, որ գաթան ընտանիքի ամրության խորհրդանիշն է, այն հարազատներին հեռու է պահում անհաջողություններից։ Դրա համար էլ հայկական հարսանիքների ժամանակ սկեսուրը պարում է՝ ձեռքին կլոր գաթաներ:
«Գեղեցիկ ավանդույթ է եղել գաթան թխել ընտանիքներով: Նախկինում բոլորն ապրել են կողք կողքի՝ սեփական տներում, աշխատանքը շատ է եղել, ուստի համատեղ աշխատանքը խրախուսվում էր։ Սուրբ ծննդյան գաթայի մեջ կոպեկ, ընկույզ կամ մի այլ բան են դրել, և նա, ում բաժին է ընկել, հաջողակ է համարվել, նշանակել է, որ տարին բարեհաջող կլինի նրա համար» -ասաց տիկին Մարիամը:
Մենք հաճույքով ճաշակեցինք մեզնից յուրաքանչյուրի ձեռքով պատրաստած համեղ գաթան՝ մեր միասնության ու սիրո խորհրդանիշը: Այնուհետև սկսվեց մրցանակաբաշխությունը։ Փառատոնի հաղթող ճանաչվեց Անժելա Արշակյանը։ Նա խոստացավ գաթայի պատրաստման իր հմտությունը փոխանցել մեզ՝ հայ երեխաներիս: Տոնը շարունակվեց հայկական ավանդական շուրջպարով, որին միացան բոլորը։
Տիկին Անժելան կատարեց իր խոստումը: Հաջորդ օրը նա Անապայի հայկական դասարանների սաների և ուսուցիչների համար անցկացրեց գաթայի պատրասատման վարպետության դաս: Դասի ընթացքում նա ոչ միայն սովորեցրեց գաթայի պատրաստման ձևն ու եղանակը, այլև ցուցադրեց թոնիրը, որի մեջ մեր նախնիները պատրաստել են հայկական համեղ կերակրատեսակներ:
Պահպանե՛նք ու սերունդներին փոխանցե՛նք մեր հոգևոր ու նյութական արժեքները:
Ալվինա Դավիդյան, 16 տարեկան,
քաղաք Անապա

Leave a Reply