ՀԻ՞Բ ԿԸՆԻ ԱՐԹԱՐ ԴԱՏԱՍՏԱՆԸ
/Ղարաբաղի բարբառով/

Մին վիրի ավազակ նի յա մննում գյուղացու տոն, վսկեղանը հվաքում, ածում ուրան խուրջինը թա տուս կյա, տարը դույող ա ջիհում, ծերքան փռնում.
– Հի՞շտեղ ըս տանում։
– Իմն ա։
– Պա սա իմ տոնս չի՞։
– Չէ՛, իմն ա։
– Վեր տի յա, քինանք դատավորեն կոշտը կյենգատ։ Նա հալալ– հարամը կդատե։
– Կարել չըմ կյամ։
– Խե՞։
– Ես աղա մարթ ըմ, վեննավ կարել չըմ քինիմ։ Էսքան վըսկատարը վեննավ կքյինա՞։
Ինձետե մին. յորղա ծի պեր, աբրեշումե թամք տիր յիրա, ըրծաթե լոքտա տիր, ընձետե մին թազա չոխա ինք կալ, ինձ յրան նստըցրու, կապան փռնե տար։
Պարզ, միամիտ գյուղացին ստիպված կադարում ա ավազակեն ասածը։
– Դատավերն ապրած կենա, հավիդենական արթար ընի թախտդ։ Էս ավազակը օրը ցիրեկավ մտալ ա տոնս, ապուպապերաս ժըռանգած վեսկես կյուղացալ, թա՝ իմն ա։
– Պա իմն ա, էլի, տու վըս օզում ընձանա խլիս։
– Դատավերն ապրած կենա, տա իմ կարողությունս ա, տիյեր Աստուծ, տիվեր՝ տու։
Ավազակը խոսքեն ղաթն ա ընգում.
– Շատ ըշկածակ ա էս շինականը, քուշտանալ չօնե։
– Հունց կարող ըս աբացուցիս,– հըրցնում ա դատավերը։
– Առանց հմնչիլի սա կարող ա վեննը կենա ասե էս ծին էլ ա իմը։ Էս էն ծին ա, վեր ինձ նման աղա մարթը էս ա տասը տարե յա առոք– փառոք նստում ա։
– Պա իմն ա, ըլի…
– Սա էնքան անիրես ա, վեր առանց ծիզանա հմընչիլի, կարող ա ասե, վեր ծիին յիրա տրած աբրեշումե թամքն էլ ա ուրանը։
– Հա՛, հա՛, էդ էլ ա իմը…
– Սա կարող ա ասե, վեր իմ ծիիս ըրծաթե լոքտան էլ ա ուրանը։
– Աստված վկա, էդ էլ ա իմը։
– Էս ագահ մարթը, հմանչիլ չի վեչ մինան, ու կարող ա ասե՝ թա իմ կեցըս չոխան էլ ա ինքը ինք կալալ։
– Խափվալ ըմ, բայց էդ էլ ըմ ես ինք կալալ։
– Դե լավ, լա՛վ, էդ չեղավ, – ճըղճըղաց դատավերը և ծառաներեն հրաման տվավ, վեր էդ սուտասուն տուս քցին ընդղան։
Ասում ըն՝ անմեղ բողոքավերեն թկելավ տուս ըն քցում։ Ասում ըն՝ մինչև միհենգ էլ էտ միամիտ գյուղացին դատարանան դատարան ա քինամ, էն արթար ծերքեն ա եշում, վեր դուզ կըկտրե դատը։ Իսկ ավազակը կյուղացած ծիին աբրեշումե թամքեն նստած ման ա կյամ աշխարքս։
Լևոն Հարությունյանի բանահյուսական արխիվից
Նյութը պատրաստեց Երազիկ Հարությունյանը
Հարստացրեք ձեր բառապաշարը բարբառային բառերով
վիրի -վայրի
յիրա-վրա
նի յա մննում /նի մննել/ — ներս է մտնում
լոքտա — սանձ
դույող ա ջիհում /դույող ջիհիլ/-գլխի է ընկնում
թախտդ-աթոռ, պաշտոն, գահ
կյենգատ-գանգատ
ղաթն ա ընգում/ղաթն ընգել/ -ընդհատում է խոսքը
վեննավ -ոտքով
վեննը կենա /վեննը կենալ/-կանգնի
ինձետե -ինձ համար
ծիզանա -ձեզանից
յորղա -արագընթաց
կեցըս — հագիս
աբրեշումե — մետաքսե
ինք կալալ /ինք օնել/-գնել
ճըղճըղաց /ճըղճըղալ/-գոռգոռաց
միհենգ -հիմա
Ե՞րբ կլինի արդար դատաստան
(գրական տարբերակը)
Մի վայրի ավազակ մտնում է մի գյուղացու տուն, ոսկեղենը հավաքում, լցնում իր խուրջինի մեջ և ուզում է դուրս գալ, երբ տերը հայտնվում է և բռնում նրա ձեռքը։
— Ո՞ւր ես տանում։
— Ի՛մն է։
— Բա սա իմ տունը չի՞։
— Չէ՛, իմն է։
— Որ այդպես է, արի գնանք դատավորի մոտ, գանգատվենք, նա արդարն ու անարդարը կզանազանի։
— Չեմ կարող գալ։
— Ինչո՞ւ։
— Ես աղա մարդ եմ, ոտքով չեմ կարող գալ։ Էսքան ոսկի ունեցողը ոտքով կգնա՞։ Մի արագավազ ձի բե՛ր՝ մետաքսե թամբով, արծաթե սանձով, ինձ համար էլ մի նոր չուխա գնի՛ր, ինձ նստեցրո՛ւ ձիու վրա, սանձը բռնի՛ր, տա՛ր։
Պարզ միամիտ գյուղացին ստիպված կատարում է ավազակի պահանջը։
— Դատավորն ապրած կենա, հավիտյան արդա՛ր մնա աթոռդ։ Էս ավազակը օրը ցերեկով մտել է տունս, ապուպապերիցս ժառանգած ոսկին գողացել է, ասում է՝ իմն է։
—Իհարկե, իմն է, դու ես ուզում ինձնից խլել։
— Դատավորն ապրած կենա, դա իմ կարողությունն է, վերև Աստված, ներքևում՝ դու։
Ավազակը ընկնում է արանքը․
— Շատ աչքածակ է այս գյուղացին։ Կշտանալ չունի։
— Ինչպե՞ս կարող ես ապացուցել, — հարցնում է դատավորը։
— Հիմա նա առանց ամաչելու կարող է ասել, որ ձին էլ է իրենը։ Սա այն ձին է, որ ինձ նման տղամարդը արդեն 10 տարի առոք-փառոք քշում է։
— Բա՜, իհարկե, իմն է։
— Սա այնքան աներես է, որ առանց ամաչելու Ձեզնից, կարող է ասել, որ ձիու մետաքսե թամբն էլ է իրենը։
— Այո՛, այո՛, դա էլ է իմը։
— Սա կարող է ասել, որ ձիու արծաթե սանձն էլ է իրենը։
— Աստված վկա, դա էլ է իմը։ Այս ագահ մարդը չի ամաչի ոչ մեկից ու կասի, որ իմ հագի չուխան էլ է ինքը գնել։
— Այո՛, ես սարսափելի խաբվել եմ, բայց դա էլ եմ ես գնել։
— Դե լավ, լավ, չեղա՛վ, — գոռգոռում է դատավորը և ծառաներին հրամայում, որ այդ սուտասան գյուղացուն դուրս վռնդեն դատարանից։ Անմեղ բողոքավորին ծեծելով դուրս են վռնդում։
Ասում են՝ մինչև հիմա էլ այդ միամիտ գյուղացին դատարանից դատարան է գնում և արդարություն փնտրում։ Նա որոնում է մի արդար դատավորի, որը ճիշտ կլուծի իր դատը, իսկ ավազակը իր գողացած մետաքսե թամբին նստած ազատ-արձակ ման է գալիս այս աշխարհում։
Response
-
Հեքիաթներ ը մեր ժողովրդի ամենամեծ պարգևն է։ Հեքիաթ ը տարիք չի ճանաչում։Շնորհակալություն, այսպիսի ժառանգություն փոխանցել ու համար։Կպատմեմ աշակերտներիս,Հարգարժան տիկին Երազիկ Հարությունյան։Մեր սիրելի խմբագիր`մեծ է ձեր աշխատանքը ևստեղծագործական գործունեության բաժինը`<>պարբերականում։Շնորհակալություն։

Թողնել պատասխան