ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

«Նաիրի» մշակույթի կենտրոն. փոքրիկ Հայաստան Գերմանիայի Քոբլենց քաղաքում

Օտարության մեջ ազգային ինքնության, մայրենի լեզվի ու մշակույթի պահպանումը յուրաքանչյուր հայ համայնքի գերխնդիրն է: Գերմանիայի Քոբլենց քաղաքում գործող «Նաիրի» մշակույթի կենտրոնն արդեն մի քանի տարի է, ինչ ստանձնել ու պատվով իրականացնում է այս կարևոր առաքելությունը։

Ուզում ենք պատմել նվիրյալ մանկավարժների հայապահպան գործունեության, կենտրոնի սաների՝ դեպի Վենետիկ կատարած անմոռանալի ուխտագնացության և «Հայրենիքն իմ սրտում է» տոնական միջոցառման մասին։

 Գերմանիայի Քոբլենց քաղաքում գործող «Նաիրի» մշակույթի կենտրոնն արդեն մի քանի տարի պատվով իրականացնում է իր կարևոր առաքելությունը՝ համախմբել է ավելի քան հիսուն հայ երեխաների և դարձել մի փոքրիկ Հայաստան օտար հողում։ Այստեղ սերնդեսերունդ պահպանվում և փոխանցվում են հայոց լեզուն, ազգային մշակույթը, պատմական հիշողությունն ու հոգևոր արժեքները։ Կենտրոնի սաները ոչ միայն սովորում են հայոց լեզու և գրականություն, հայ եկեղեցու պատմություն, ազգային երգ ու պար, այլև հաղորդակից են դառնում հայկական մշակույթի հարուստ ժառանգությանը, ազգային ավանդույթներին և հայրենասիրական ոգուն, այդպիսով ձևավորվում է հայրենաբաղձ ոգի։ Յուրաքանչյուր դաս նրանց համար նոր բացահայտում է դեպի իրենց ինքնությունը, արմատներն ու ազգային պատկանելությունը։ Այս հայրենանվեր գործը սիրով, նվիրումով և բացառիկ պատասխանատվությամբ իրականացնում են ուսուցչուհիներ Արևիկ Գևորգյանը, Սեդա Սարգսյանը, Գայանե Հայրապետյանը, Ջուլիետա Հովսեփյանը և Ալլա Մարտիրոսյանը։ Նրանք կամավորական աշխատանքի, մասնագիտական նվիրումի և անսահման սիրո շնորհիվ ոչ միայն կրթում են երեխաներին, այլև նրանց սրտերում վառ են պահում հայրենիքի, մայրենի լեզվի և ազգային ինքնության նկատմամբ սերն ու հավատարմությունը։

 «Նաիրի» կենտրոնի գործունեության մասին է պատմում  կենտրոնի ղեկավար Ալլա Մարտիրոսյանը։


Ուխտագնացություն դեպի Սուրբ Ղազար կղզի

Կենտրոնի գործունեությունն ուղեկցվում է տարատեսակ ճանաչողական ծրագրերով: Այդպիսի անմոռանալի էջ դարձավ 2026 թվականի հունիսի 15-ին «Նաիրի» մշակույթի կենտրոնի սաների և ծնողների այցը դեպի Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանություն։ Կղզու խաղաղ ու յուրահատուկ մթնոլորտը, հայկական մշակույթի շունչն ու պատմական արժեքները մեծ տպավորություն թողեցին բոլորիս վրա։ Այնտեղ մեզ սիրալիր ընդունեց Հ. Համազասպ Վարդապետ Քեշիշյանը և մեծ սիրով ու նվիրումով ներկայացրեց միաբանության պատմությունը, նրա կրթական, գիտական և մշակութային գործունեությունը, հայ մշակույթի պահպանման ու տարածման գործում ունեցած բացառիկ դերը՝ սկսյալ հիմնադրման առաջին օրից մինչև մեր ժամանակները։ Երեխաները մեծ հետաքրքրությամբ լսեցին պատմական փաստերն ու ուշագրավ դրվագները, ծանոթացան միաբանության հարուստ ժառանգությանը, գրադարանին և թանգարանային արժեքներին։

Այդ օրը մեզ համար դարձավ հանդիպում մեր ազգային հիշողության ու հոգևոր-մշակութային ժառանգության կարևորագույն կենտրոններից մեկի հետ։ Օրվա ավարտին մեր սաները ներկայացրին իրենց պատրաստած մշակութային ծրագիրը՝ ասմունքով, երգով ու պարով։

Հ. Համազասպ Վարդապետ Քեշիշյանը բարձր գնահատեց երեխաների շնորհքն ու հայրենասիրական ոգին, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց մեր կատարած աշխատանքի համար։ Ջերմ խոսքերով և հայրական օրհնությամբ նա ճանապարհեց երեխաներին՝ նրանց մաղթելով հաջողություններ, նոր ձեռքբերումներ և մշտական կապ հայրենի արժեքների հետ։


Մեծ Վարպետի հետքերով. Ավետիք Իսահակյանի տունը

Վենետիկյան ճամփորդությունը հարուստ էր նաև գրական բացահայտումներով: Դորսոդուրո թաղամասի 2266 հասցեում կանգ առանք այն տան առջև, որտեղ 1921–1926 թվականներին ապրել և ստեղծագործել է հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանը։ Այստեղ՝ Իտալիայում, ՀՀ դեսպանության և Վենետիկում պատվո հյուպատոսության աջակցությամբ Վարպետի 150-ամյակի հոբելյանի առթիվ փակցվել է հուշատախտակ։ Այդ պատին ամրացված հուշատախտակի առջև մեր երեխաները խոր հուզմունքով և առանձնահատուկ ակնածանքով արտասանեցին Վարպետի ստեղծագործություններից հատվածներ։ Այդ պահին թվում էր, թե բանաստեղծի խոսքն ու ոգին կրկին լցրել են Վենետիկի հին փողոցները՝ միավորելով անցյալն ու ներկան։ Իսահակյանի հիշատակին նվիրված հուշատախտակը պարզապես հիշողության նշան չէ. այն հայ և իտալական մշակույթների բարեկամության ու հոգևոր երկխոսության խորհրդանիշն է։ Նրա վրա պատկերված Ռիալտոյի կամուրջը հիշեցնում է Վարպետի անմահ տողերը՝ «Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամուրջին…», իսկ Երերույքի տաճարի զարդանախշերը խորհրդանշում են այն ազգային ակունքները, որոնցից Իսահակյանն ամբողջ կյանքում ներշնչվել  և ուժ  է առել։ Հուշատախտակի վրա զետեղված QR կոդը հնարավորություն է տալիս այցելուներին դիտել «Իսահակյանը և Վենետիկը» տեսանյութը և բացահայտել բանաստեղծի կյանքի վենետիկյան էջերը։

Այս տանը Իսահակյանն ընտանիքի հետ ապրել և ստեղծագործել է վեց բեղմնավոր տարիներ։ Այստեղ են հյուրընկալվել  հայ մշակույթի  հսկաներ Մարտիրոս Սարյանն ու Եղիշե Չարենցը՝  տունը վերածելով ստեղծագործ մտքի և ազգային ոգու յուրահատուկ օջախի։

Նշենք նաև, որ 2025 թվականի մարտին Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ևս բացվել է մեծանուն գրողի հուշատախտակը։


«Հայրենիքն իմ սրտում է» 

«Նաիրի» մշակույթի կենտրոնի առօրյան հագեցած է նաև ներհամայնքային վառ տոնակատարություններով: Այդպիսին էր հունիսի 7-ին կայացած «Հայրենիքն իմ սրտում է» խորագրով միջոցառումը, որը համախմբել էր կենտրոնի սաներին, ծնողներին և հյուրերին։

Միջոցառման առաջին մասում երեխաները ներկայացրին հայ գրերի գյուտի հեղինակ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի կյանքն ու գործունեությունը։ Մաշտոցյան գյուտը, անտարակույս, այն հզոր զենքն էր, որի շնորհիվ հայ ժողովուրդը պահպանեց իր գոյությունը 5-րդ դարի մեծ պայքարում և մտնելով քաղաքակրթված հնագույն ժողովուրդների ընտանիքի մեջ՝ զարգացրեց իր ինքնուրույն մշակույթն ու հարուստ գրականությունը: Սաներն արտասանեցին բանաստեղծություններ, երգեցին և արժևորեցին հայոց լեզվի նշանակությունը մեր ազգային ինքնության պահպանման գործում։ Միջոցառման երկրորդ մասն ամբողջությամբ նվիրված էր հայրենիքին։ Երեխաներն իրենց ասմունքի, երգի, պարի և բեմական կատարումների միջոցով արտահայտեցին հայրենիքի հանդեպ ունեցած սերն ու նվիրումը։ Նրանք հիշեցին հայ ժողովրդի անցած ուղին, արտահայտվեցին ազգային արժեքների ու այն ամենի մասին, ինչը միավորում է մեզ որպես ազգ։ Ներկաները մեծ ջերմությամբ ընդունեցին երեխաների ելույթները՝ բարձր գնահատելով նրանց նվիրումն ու ազգային գիտակցության դրսևորումը։ ​

Այս բոլոր նախաձեռնությունները ևս մեկ անգամ ընդգծում են հայրենիքի կարևորությունը ազգային ինքնության ձևավորման և պահպանման գործում․ հայրենիքը հայ ժողովրդի լեզվի, մշակույթի, պատմության և հավաքական հիշողության առանցքային բաղադրիչն է։ Այն շարունակում է մնալ սերունդների միջև կապի և մշակութային ժառանգության պահպանման կարևորագույն հիմքը՝ փաստելով, որ ազգային կապն ու հայրենիքի նկատմամբ պատասխանատվության զգացումը ամուր պահպանվում և հաջորդ սերունդներին են փոխանցվում նաև Սփյուռքում։

«Նաիրի» մշակույթի կենտրոնի ղեկավար Ալլա Մարտիրոսյան


Թողնել պատասխան