Հայոց պարի Ավետարանիչը
(Հետմահու հարցազրույց Գագիկ Գինոսյանի հետ)

Այս աշխարհում կան մարդիկ, որոնք ոչ միայն իրենցով շատ բան են հաստատում, այլև շատ բան են հերքում մեր՝ բազմաթիվ ստանդարտներով կաղապարված կյանքում։ Հերքում են այն ընդունված համոզմունքները, թե մի ծաղկով գարուն չի գա կամ, որ անհատները չեն կարող փոխել հասարակական կյանքի ընթացքը․․․
Կան մարդիկ, որոնք այնքան բան են թողնում իրենցից հետո, որ նրանց ֆիզիկական բացակայությունից անհաշվելի ժամանակ հետո անգամ շրջապատը հաստատապես զգում է նրանց ոչ միայն հոգևոր, այլև շատ շոշափելի ներկայությունը։
Նա անմիջապես լցնում էր միջավայրն իր անկրկնելի հայապաշտ մագնիսական դաշտի անդիմադրելի ձգողականությամբ՝ իր մտածածի ու զգացածի շուրջ պտտեցնում էր անգամ հայկականությունից շատ հեռացած մարդկանց, դարձի էր բերում բոլոր մոլորյալներին, խանդավառում բոլոր հուսախաբներին, քաջալերում բոլոր ծուլացողներին։
Ես մեծ երջանկություն եմ ունեցել երկու հարցազրույց վարել «Գագիկ Գինոսյան» անունով ոգեղեն երևույթի հետ, որը իմ կյանքում հանդիպած հրաշքներից մեկն էր։ Ես համոզված էի, որ դեռ շատ հարցազրույցներ եմ ունենալու ինձ համար ամենավստահելի, ամենահասկանալի և ամենաերկրպագելի ժամանակակից մտավորականի հետ։ Սակայն ճակատագրի հեգնանքը դեռևս ոչ ոք չի հերքել․․․ Երրորդ հարցազրույցը հետմահու է։ Դրա իրավունքը ինձ տալիս են տարիների այն բազմաթիվ դեմառդեմ և ֆեյսբուքյան զրույցները, երկխոսությունները, մտերմիկ վերլուծական նամակներն ու մտորումները, որոնք հյուսվում էին հայրենիքի հզորացման, կորուստներից խուսափելու և մեր ինքնության վերապատվաստման, վերաբողբոջման և ծլարձակման շուրջ։ Ես փորձեցի հավաքել այն մտքերը, որոնք չպետք է լինեն ու մնան միայն ի՛մը, որոնք Նրա շատ ու շատ, տասնյակ հազարավոր մարդկանց համար ուղեցույց դարձած մտքերի շարքում պետք է դառնան բոլոր կարգին հայերի մտորումների մաս։
— Մոտ 20 տարի առաջ մեր առաջին հանդիպմանը Համահայկական կրթական համաժողովում իմ ելույթից հետո մոտեցաք և ծանոթացաք ինձ հետ՝ որպես Ձեր «պատվավոր ուսուցչի՝ Արցախի ինքնության խորհրդանիշներից մեկի՝ վարպետ Լևոնի դստեր»։
— Այո՛, անկախ նրանից, որ քիչ անգամ ենք հանդիպել, բայց Ձեր հոր կերպարը խանդավառող, նվիրման դաս տվող և, իհարկե, ինքնամաքրվելու սրբագրման լուրջ մղիչ է եղել և վստահ եմ` ոչ միայն ինձ համար… Համոզված եմ, որ նրա զնդանում բազում ժանգոտող երիտասարդներ են թրծվել որպես Հայրենիքի սրասայր թրեր ու Հայրենապաշտ, Հայրենապաշտպան վահաններ։
— Նույն օրվա ավարտին հյուրանոցի սրահում, երբ հավաքված ուսուցիչներին ազգագրական պար էիք սովորեցնում, արտաբերեցիք մի բանաձևային արտահայտություն, որը փոխեց իմ պատկերացումները պար երևույթի նկատմամբ՝ «Հասկանու՞մ եք, ինչպե՛ս պարում ենք, այնպե՛ս էլ ապրում ենք»։ Միգուցե բացատրե՞ք մեր ընթերցողին, թե ինչ էիք ուզում ասել։
— Կոմիտասն ասում է․ «Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը»։ Պարը միակն է մշակույթներից, որը կատարելապես ներդաշնակում է հոգին ու մարմինը: Իսկ ազգային խմբապարերում այն ոչ միայն ներդաշնակում է յուրաքանչյուրի հոգին ու մարմինը, այլև ներդաշնակում է համայնքը՝ պարեղանակի և ռիթմի, միանման և միանվագ շարժումների, դարձումների, թռիչքների կամ զսպանակների շնորհիվ ստեղծվող հավաքական հոգևոր դաշտի շնորհիվ:
Այն, ինչ ազգի պարն է, դա էլ ազգն է… Երբ ձևափոխում, ձևախեղում են ազգի պարը, հստակորեն ձևախեղում են նաև ազգի նկարագիրը, ազգի հոգեկերտվածքը, քանզի պարը ներազդում է ենթագիտակցական մակարդակով և ներդաշնակում ենթագիտակցությունն ու գիտակցական վերապրումը: Զորեղ հասարակություն, հզոր պետականություն և զորեղ ազգ վերակերտելու համար ազգին պետք է վերադարձնել իր ավանդական մշակույթը, ազգային անաղարտ պարը, Կոմիտասի շուրթերով ասված «Հայ գեղջուկի պարը», որը դարերով ձևավորել է մեր ինքնությունը, մեր հոգեկերտվածքը։
Իսկ ի՞նչ է պարն ազգի համար, երևի թե անհնար է Կոստան Զարյանից ավելի գեղեցիկ ու ավելի ճշգրիտ ասել. «…Ցեղը գերազանցապես ռիթմ է: Մեր մարմնի բնազդական շարժումների մեջ գոյություն ունեն անմիջական կապակցություններ, որոնց շարունակականությունը կազմում, գոյացնում է ռիթմը և մեր հոգեկան կյանքի ձևահայտնությունը․․․ Եվ երբ պատահում է, պարագաների բերումով, որ ցեղը կամ ժողովուրդը կորցնում է, մոռանում է իր կշռութային ինքնուրույնությունը, դառնում է խառնածին քանակ, բոլոր հոսանքներն ընդունող և ոչ մի հոսանքին պատկանող, բոլոր պարերը պարող, բայց հոգեպես մերկ և մշտնջենապես անպար»:
«Մշտնջենապես անպար» չմնալու համար օր առաջ վերադառնանք դեպի մեր պարն ու փորձենք նոր սերնդին դաստիարակել ազգային մշակույթով, քանզի ազգային մշակույթն է կատարյալ և ներդաշնակ սերունդ դաստիարակելու հիմնասյունը:
Մի պարզ օրինակ բերեմ․ ավանդական պարում հայուհին ձեռքերը բարձրացնում է իր ուսերին հավասար։ Հայ կինը, բարձրացնելով մերկ թևերը և թռչկոտելով հարսանիքներին, ոչ միայն ուրանում է մեր ավանդական չափված-ձևված նազով և կոկետությամբ համեմված կանացի պարաշարժումների հմայքը, այլև ուրանում է մեր ավանդական ընտանիքում հայ կնոջ, մոր, դստեր, քրոջ դերակատարության բուն էությունը։
— Տեսնելով, թե ինչպես է աղավաղվում մեր ազգայինը՝ Դուք արտահայտեցիք Ձեր մտավախությունը․ «Ես վախենում եմ, շատ եմ վախենում, որ հանկարծ պարը գրաբար դառնա»․․․ և ուսումնասիրելով Կոմիտասի, Սրբուհի Լիսիցյանի, Վահրամ Արիստակեսյանի ժառանգությունը, զբաղվելով երկարամյա բանահավաքչական աշխատանքներով, շրջելով գյուղից գյուղ, գրի առնելով շուրջ 60 պարային նմուշներ և նկարագրություններ՝ գործի անցաք։
— Երկար տարիներ պարել եմ «Վան» և «Ակունք» ազգագրական պարի համույթներում։ 1987-2001 թթ․ համերգային ծրագրերով մասնակցել եմ արտերկրյա մի շարք շրջագայությունների և դարձել 4 տարբեր միջազգային փառատոնների դափնեկիր։
Աշակերտելով Հայրիկ Մուրադյանին՝ զգացել եմ Հայաստանի տարբեր շրջանների, հատկապես՝ Կարնո, Ախալցխայի, Ախալքալաքի ազգագրական պարերի բացակայությունը և 2001 թ․ հիմնադրել եմ «Ծովակ» և «Կարին» ավանդական երգի-պարի խմբերը։ Վերականգնել ենք Կարնո տարածաշրջանի պարարվեստի երկու տասնյակից ավելի նմուշներ։
2011 թ․ «Կարինը» Իսպանիայում ազգային պարերի 14-րդ համաշխարհային մրցույթ-փառատոնի պարերի անվանակարգում զբաղեցրել է առաջին տեղը, իսկ երաժշտական նվագակցության անվանակարգում նվաճել է երրորդ մրցանակը, ինչի համար պարգևատրվել եմ Հայաստանի Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով։
Կարևոր եմ համարում 2007 թ․ մեր հիմնած Ազգագրության թատրոնը, որը «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հետ բեմադրեց իմ հեղինակած ներկայացումները՝ Հայրիկ Մուրադյանին նվիրված «Հայոց երգի հայրիկը», «Խնկահոտ Էրգիրը» (հորս արտահայտությունն է), «Վարք հայոցը», «Խաչ պատերազմին», «Ղողանջ Հարսանեկանը»՝ նվիրված Կոմիտասի 150 ամյակին (ըստ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի)։
2008 թ․ «Հայ ասպետ» կրթադաստիարակչական հիմնադրամի հետ ստեղծել ենք հայ իրականության մեջ հայկական պարի առաջին DVD-պարուսույցը։
2012 թվականին «Ծովակ» մանկապատանեկան ավանդական երգի-պարի խումբը Թուրքմենստանում անցկացված ավանդական պարերի մանկապատանեկան միջազգային մրցույթում արժանացել է 3-րդ մրցանակի։
2013-2024 թթ․ հեղինակել և վարել եմ Հայկական լրատվական ռադիոյի «Հայու տեսակ» ծրագրային հաղորդաշարը, որը հայկական եթեր բերեց ազգային արժեքների մասին ծանրակշիռ հիշեցումներ։
2015 թ․ «Այբ» կրթական հիմնադրամի հետ համատեղ ստեղծել ենք «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամը, ապա՝ 2016 թ․ «Կարին» հայ ավանդական մշակույթի ուսումնասիրության և հետազոտման գիտական կենտրոնը։ Երբ որ դու զգում ես քո առաքելությունը, քո անելիքի ազնվությունը և կարևորությունը, Աստված քեզ ուժ է տալիս։
— Ավարտելով Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի «Տեխնիկական կիբեռնետիկա» ֆակուլտետի «Ավտոմատիկա և հեռուստամեխանիկա» բաժինը և աշխատելով Երևանի ֆիզիկայի ինսիտուտում՝ Դուք սովորել եք բանաձևել ոչ միայն տեխնիկական երևույթներ, այլև անառարկելի բանաձևումներ եք բերել մեր ազգային մշակույթի դաշտ։ Դուք Ձեր արգասաբեր կյանքի ընթացքում բանաձևեցիք ոչ միայն հայկական ազգային պարը, «հայու տեսակը», այլև հայոց ազգային բանակի կայացման և հզորացման մեխանիզմը, մեր ազգային պետականության առաջընթացի և վերելքի բոլոր հնարավոր միջոցները։ Մնում է, որ ․․․
— Մնում է, որ Նժդեհի՝ «ոսկեքսակ հայը թիկունք չեղավ ոսկեգրիչ հային» միտքը լոզունգի նման հնչի բոլոր «ոսկեքսակ հայերի» ականջում։ Մնում է, որ ազգի իշխանավորները կարողանան վեր կանգնել անձնական շահից և տեր կանգնել պետական, առավել ևս ազգային շահերին… Մնում է, որ ազգի մեջ գտնվեն ազդեցիկ, ազգակերտ հորինվածք ունեցող մարդիկ, ովքեր թույլ չեն տա ազգակործան, ազգասպան զարգացումներ․.. այլ կդառնան ազգաձույլ շաղախ։
Շարունակելով Ձեր ոճով ՝ ասեմ, որ նախ ազգային պարը կամեցա «բանաձևել» որպես աղոթք, ապա և պարաքայլը չքանդելով՝ ձեռք բերել դիտարժանություն։ Խորապես ազգային այս աղոթքը պետք է դարձնել հմայիչ, առինքնող, դիտարժան։
Մեր գյուղերը բազմիցս քանդվեցին, մեր տոհմերը բաժան-բաժան եղան, որոշ բաներ, իհարկե, ժամանակի խնդիրն են, և կատարվում են բոլոր ազգերի հետ, որոշ բաներ էլ հենց մե՛ր ազգային խնդիրներն են։ Կորցնելով 100-ավոր գյուղեր` մենք կորցրինք մեր մշակույթի առյուծի բաժինը։ Հիմա ևս շարունակում ենք կորցնել։ Այսինքն՝ այդ կորուստների մի մասը կախված չէ մեզնից, սակայն մի մասը մենք կարող ենք փրկել, բայց չենք անում։
Ե՛վ Կոմիտասը, և՛ Լիսիցյանը գտնում էին, որ հայկական պարի առանցքը, դա զիստաձև, զսպանակաձև ուղղահայաց շարժումներն են, որոնք մարմինը հոգու միջոցով Աստծուն հասցնելու խորհուրդ ունեն։
2016 թվականին հեղինակել եմ «Կոմիտասի պարային ժառանգությունը» և «Սրբուհի Լիսիցյանի կինետոգրաֆիան (շարժումների գրառում) և ազգային պարարվեստի արդի հիմնախնդիրները» գիտական մենագրությունները: Կարծում եմ՝ շատ կարևոր է Instigate ընկերության հետ համատեղ 2013-2014 թվականներին մեր ստեղծած «Կաքավագիր» համակարգչային ծրագիրը՝ ըստ Սրբուհի Լիսիցյանի դեռևս 1940-ական թվականներին ստեղծած Կինետոգրաֆիայի։ Կաքավագրերի համակարգչային մշակումն ու գրառումն այժմ հաջողությամբ իրականացնում են «ԱՅԲ» դպրոցի «Կաքավագիր» նախագծային ակումբի աշակերտները։
Հետաքրքիր է նաև մեր հեղինակած «Ուխտագնացություն երգով» երաժշտական ֆիլմը, «Սասնա ծռեր» տեսապատումը, «Հավատո վերածնունդ» և «Արարատից Եվրոպա» փաստավավերագրական ֆիլմերը:
Սակայն ամենաշատը կարևորում եմ «ԱՅԲ» կրթական հիմնադրամի և «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադրած «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամը, որը զբաղվում է ավանդական երգերի և պարերի պահպանման, գիտական հետազոտության, հանրայնացման, կրթական ծրագրերի մշակման և պարուսուցման աշխատանքներով։ Այն ներառում է չորս ուղղություն՝ կրթական, ռազմապարի, մշակութային, գիտական։ ԱԵՊԱ-ն հսկայածավալ աշխատանքներ է իրականացնում և շոշափելի արդյունքներ է գրանցել մի քանի ուղղություններով։ Կարևորագույններից է «Ազգային երգ ու պար» առարկայի ներդրումը հանրակրթական դպրոցներում։ 2016թ․ ԱԵՊԱ-ի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, ըստ որի՝ հիմնադրամը ճանաչվել է ոլորտի գերակա կառույց։ «Ազգային երգ ու պար» առարկան այսօր դասավանդվում է ՀՀ հանրակրթական դպրոցների կեսում։
Հայոց խրոխտ ռազմապարերը բանակ մտցնելու մեր ծրագիրը դեռևս ավարտին չենք հասցրել, չնայած այդ ուղղությամբ ահռելի աշխատանք ենք կատարել․ սկսած հայ իրականության մեջ նախադեպը չունեցող ռազմապարերի՝ «Նրանք պարում էին կռվելու պես և կռվում՝ պարելու պես» խորագրով շքահանդեսից։ Սրբուհի Լիսիցյանի նշած 30 ռազմապարերից 15-ը փորձել ենք պեղել, գտնել, վերականգնել, նաև տեսանյութ ենք ստեղծել, որպեսզի բանակը կարողանա սովորել այդ պարերը։ Դրանք և՛ մարմնակրթական են, և՛ հոգեկրթական են, և՛ մտավոր մեծ ներուժ ունեն իրենց մեջ։
Ինչ վերաբերում է Հայու տեսակին, այն պետք է ամեն օր վերածնել ու Հայ մարդուն վերադարձնել Հայ լինելու հպարտությունը։ Պետք է փութալ օր առաջ կերտել ինքնաճանաչ, ինքնահարգ և ինքնիշխան Հայու տեսակը։
— Դուք որոշել եք 2024 թվականի փետրվարի 6-ին մեկնել հեռավոր ճամփորդության դեպի Անքննելի Անհայտը։ Ի՞նչ կկամենայիք ասել Ձեզ հետևող և սիրող մարդկանց մեկնելուց առաջ։
— Պարե՛ք։ Պարե՛ք այն պարը, որը կօգնի Ձեզ ավելի ինքնաճանաչ ու ավելի ներդաշնակ դառնալու և ինքներդ Ձեզ հետ հաշտ ապրելու համար:
Ազգային պարն է, որ մեր մեջ պետք է վերածնի Հայ լինելու հպարտությունը: Եվ ով պարը դիտում է որպես նպատակ, նա ոչ միայն ինքն է սխալ ճանապարհի վրա, այլև հանրությանն ու ազգին է մոլորեցնում և շեղում ճշմարիտ ուղուց:
Ազգային պարը կածան է, կածան, որ տանում է դեպի Ազգային Տաճար, դեպի ինքնաճանաչման տաճար, և պետք է անշեղորեն քայլենք Ազգային Տաճար տանող կածանով, և մեր հոգին ու մարմինը ներդաշնակենք այն տիեզերական երևույթով, որ կոչվում է Հայ ազգային պար: Աշխարհը չի ստեղծել ավելի ոգեղեն բան, քան Հայոց խենթ պարն է:
Թո՛ղ հավերժանա քո վերընթաց, վարարող ուղին, Հայո՛ց խենթ պար, և այդ պարն ապրեցնո՛ղ խենթեր: Մարդկության աղն է խենթությունը, ու ազգի հոգին համեմող ամենամեծ խենթությունը Հայոց պա՛րն է:
Ա՛յ, երբ ժողովուրդը իր հարսանիքներին, իր տոնախմբություններին, իր բոլոր ուրախություններին սկսի պարել ազգային պարերը, կվերադառնա իր նախաստեղծ էությանը, կդառնա այն ժողովուրդը, որը տոկուն կուռ ապրել է հազարամյակներով, և ես կհամարեմ, որ իմ գործը կատարել եմ։
Եթե մահը անխուսափելի չլիներ, միգուցե և կհասկանայինք այն մարդկանց անձնական նկրտումները, որ վազում են փառքի, փողի կամ դատարկ հաճույքների հետևից և մոռանում են ամենանվիրականի մասին։ Բայց մահը անխուսափելի է։ Բոլորս ենք մեռնելու, և մահն է, որ իմաստավորում է ապրած կյանքի գույնը, համը, որակը, բաղադրությունը, սերունդներին փոխանցած արժեքները։ Երանելի են բոլոր նրանք, ովքեր ինչ-որ մի քար են ավելացրել այս կյանքի լուսավոր հիմքերին, ովքեր ինչ-որ մի երանգով համալրել են այս աշխարհի գունապնակը։
Գագիկ Գինոսյան մեծ հայով ոչ միայն մեր ինքնության հիմքի քարերն են ամրացել, այլև բազմերանգ հայկական աշխարհում շատ վառ և անկրկնելի գույներ են ավելացել։
Յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը մի լուսապայծառ հոգի է թևածում հայոց երկնակամարում և սպասում է «Խնգահոտ էրգրի» «վերադարձի բերքառատ ժամին»։ Յուրաքանչյուր երիտասարդ ոտքի դոփյուն և բազուկի գրկախառնում կողքի ուսին՝ մոտեցնում է այդ վերադարձի ժամը։ Պարե՛ք, հայո՛ց երիտասարդներ, պարե՛ք ձեր պապերի խնկահոտ պարը։

(շարունակությունը՝ հաջորդ համարում)
Response
-
Շատ հետաքրքիր ձևաչափ եք ընտրել, իսկապես կարոտել ենք շատերիս ոգեղենությամբ վարակած մեր սիրելի ընկեր Գինոսյանի ուղիղ խոսքին։ Նա մեզ հետ է ամեն պարը պարելիս, հնչող ամեն ՀԵՅ ի մեջ իր մասնիկն է, իր ոգին։

Թողնել պատասխան