ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

«Արևմտահայերենի մեկ դաս» խորագրով վեբինար Սփյուռքի ուսուցիչների համար

 Աշխարհասփյուռ հայ իրականության մեջ արևմտահայերենի պահպանումն ու տարածումը հրամայական ու անհրաժեշտ պահանջ է։  Վերջերս Սփյուռքահայ ուսուցիչների համահայկական ասոցիացայի կողմից կազմակերպված «Արևմտահայերենի մեկ դաս» թեմայով վեբինարն այդ նպատակն էր հետապնդում, որը վարեցին սփյուռաքահայ կրթօջախներից մեկի՝ Լոնդոնի Գևորգ Թահթայան կիրակնօրյա ազգային վարժարանի տնօրեն Ռուզաննա Թաթուլյանը և բանախոս, նույն դպրոցի արևմտահայերենի ուսուցչուհի Լենա Գյուլխանճյանը։

Առցանց հանդիպման սկզբում Ռուզաննա Թաթուլյանը ներկայացրեց վեբինարի բանախոս Լենա Գյուլխանճյանին։ Վերջինս Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից է, գերազանց գնահատականներով ավարտել է   Բեյրութի Հայկազյան համալսարանը, ընտանիքով Լոնդոն տեղափոխվելուց հետո, շուրջ քսանհինգ տարի  դասավանդում է տեղի Գևորգ Թահթայան կիրակնօրյա ազգային վարժարանում։ «Նա հրաշալի մասնագետ է, մեծ սիրով իր փորձը փոխանցում է երիտասարդ ուսուցիչներին»,- այսպես  բնութագրեց ուսուցչուհուն դպրոցի տնօրենը։ Լենա Գյուլխանճյանը, հայապահպան գործի հանդեպ ունեցած իր նվիրվածությամբ, դաստիարակել է նաև իր զավակներին ու այդ նվիրումը փոխանցել նրանց, որոնք ևս սովորել են նույն հայկական կրթօջախում։ Դուստրը՝ Լիան, որը բարձրագույն կրթություն է ստացել Լոնդոնում, այժմ աշխատում է տեղի լավագույն հիմնարկներից մեկում, իսկ կիրակի օրերին արևմտահայերեն է դասավանդում վարժարանի նախակրթարանում։

Վեբինարի ընթացքում Լ․ Գյուլխանճյանը ներկայացրեց իր մասնագիտական փորձն ու մեթոդիկան, անդրադարձավ արևմտահայերենի և արևելահայերենի քերականական ու հնչյունական մի շարք տարբերությունների, արևմտահայերենի առանձնահատկություններին և պատասխանեց Սփյուռքի ուսուցիչներին հուզող մի շարք հարցերի։

Հայոց լեզվի «կը» ճյուղի բարբառների (Կ․Պոլսի) հիմքով ստեղծված արևմտահայ գրական լեզուն մեր հոգևոր և մշակութային արժեքներից է, որն այժմ դարձել է սփյուռքահայ հանրության համար հաղորդակցման և ազգային ինքնապահպանման անփոխարինելի միջոց։ Ամենայն պատասխանատվությամբ ու սրբությամբ պետք է պահպանենք մեր լեզվի այդ անգին գոհարը։ Այն հնչում է ու կհնչի  մեր սերունդների շուրթերից, մշտապես կենդանի կմնա սփյուռքահայ իրականության մեջ, քանի ունենք Լենա Գյուլխանճյանի պես նվիրյալ ուսուցիչներ։

Մերի Հայրապետյան

Թողնել պատասխան