Նոր ուսումնական տարում՝ նոր լայնածավալ նախաձեռնություններ
Վեբինարներ, մասնագիտական վերապատրաստումներ, ստեղծագործական մրցույթներ և նոր կրթական ծրագրեր՝ ի նպաստ հայապահպանության
Նոր ուսումնական տարվա մեկնարկին Սփյուռքի ուսուցիչների համահայկական ասոցիացիան շարունակում է իր առաքելությունը՝ միավորելով աշխարհի տարբեր երկրներում գործող հայկական կրթօջախների մանկավարժներին և առաջարկելով մասնագիտական զարգացման, փորձի փոխանակման ու համագործակցության նոր հնարավորություններ։ Ասոցիացիայի նախաձեռնությունները միտված են ոչ միայն ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը, այլև սփյուռքում հայոց լեզվի, գրականության և ազգային մշակույթի պահպանմանն ու տարածմանը։
Աշնան սկզբին նախատեսվում է հերթական մասնագիտական վեբինարի շարք, որի հեղինակն ու վարողը հայոց լեզվի դասագրքերի հեղինակ, բանասիրական գիտությունների թեկնածու Երազիկ Հարությունյանն է։ Վեբինարների ընթացքում կներկայացվեն հայոց լեզվի դասավանդման արդիական մեթոդները, սփյուռքյան կրթության մարտահրավերները և ժամանակակից կրթական միջավայրում արդյունավետ աշխատանքի գործիքները։
«Յուրաքանչյուր վեբինար նոր հնարավորություն է՝ միավորելու աշխարհի տարբեր երկրներում աշխատող հայ ուսուցիչներին, կիսվելու փորձով և միասին ձևավորելու վաղվա կրթությունը»:

Մասնագիտական վերապատրաստումներ և մրցույթներ
Նոր ուսումնական տարվա ամենասպասված իրադարձություններից կլինի նաև «Հայերենը որպես օտար լեզու. առցանց և հեռավար դասավանդման մեթոդիկա» խորագրով մասնագիտական վերապատրաստման դասընթացը։ Սա նախատեսված է այն մանկավարժների համար, որոնք դասավանդում են կամ ցանկանում են դասավանդել հայերենը որպես օտար լեզու՝ կիրառելով ժամանակակից առցանց ուսուցման մեթոդներ։ Դասընթացը կվարի մանկավարժական գիտությունների դոկտոր, բանասիրական գիտությունների թեկնածու, հայ լեզվաբան, հոգելեզվաբան, տարածաշրջանային փորձագետ Աիդա Մարկոսյանը։ Մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերելու նոր գիտելիքներ, գործնական հմտություններ և մեթոդական հետաքրքիր գործիքներ։

«Հայերենի դասավանդումը նոր պայմաններում պահանջում է նոր մոտեցումներ, ժամանակակից մեթոդներ և շարունակական մասնագիտական զարգացում»:
Ասոցիացիայի գործունեության անբաժանելի մասն են դարձել նաև ստեղծագործական մրցույթները։ Այս տարի կրկին կանցկացվի արդեն բոլորի կողմից սպասված շարադրությունների մրցույթը, որի հեղինակն է բանասիրական գիտությունների թեկնածու Երազիկ Հարությունյանը։
Տարվա կարևոր նորություններից է «Հայկական առակների թատերականացված մրցույթը», որը միավորում է գրականությունն ու թատրոնը՝ հնարավորություն տալով երեխաներին ճանաչել հայ առակագիրների ստեղծագործությունները, զարգացնել արտահայտիչ խոսք և բեմական հմտություններ։
Թվային նորարարություն՝ «Սովորի՜ր հայերեն» հավելվածը
Սփյուռքի ուսուցիչների համահայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ հուլիսի 30-ին կայացավ Կարինե Կատանյանի հեղինակած «Սասունցի Դավիթ» այբբենարանի հիման վրա ստեղծված «Հայերեն» ինտերակտիվ բջջային հավելվածի առցանց շնորհանդեսը։ Միջոցառումը համախմբեց Սփյուռքի շուրջ 55 հայկական կրթօջախների ներկայացուցիչների, ուսուցիչների և սփյուռքահայերի։
Հավելվածը ստեղծվել է հայերեն սովորելու գործընթացը հետաքրքիր, մատչելի և ժամանակակից դարձնելու համար։ Այն ներառում է այբուբենի, ընթերցանության, բառապաշարի, լսողական և ինտերակտիվ վարժությունների բաժիններ՝ հնարավորություն տալով սովորել թե՛ դասարանում, թե՛ ինքնուրույն։
Շնորհանդեսի ընթացքում ներկայացվեցին հավելվածի հնարավորությունները, ցուցադրվեցին դրա գործնական կիրառման օրինակները։ Մասնակցության բարձր ցուցանիշներն ու դրական արձագանքները վկայեցին, որ նման նախաձեռնությունները մեծ պահանջարկ ունեն Սփյուռքի կրթօջախներում։
«Թվային կրթական գործիքները ժամանակի պահանջն են։ Երբ դասագիրքն ու ժամանակակից տեխնոլոգիաները համադրվում են, հայերենի ուսուցումը դառնում է ավելի գրավիչ և արդյունավետ աշխարհի ցանկացած անկյունում ապրող հայ երեխայի համար»։
Սփյուռքի ուսուցիչների համահայկական ասոցիացիան շարունակում է ստեղծել համահայկական կրթական միասնական հարթակ, որտեղ գիտելիքը, փորձը և ազգային արժեքները միավորվում են մեկ նպատակի շուրջ՝ պահպանել, զարգացնել և սերունդներին փոխանցել հայոց լեզուն ու մշակույթը։

Աննա Օսեփյան
Ազնիվ Պարոնյան

Թողնել պատասխան