Կրթական կամուրջ․ Սփյուռքի ուուցիչների հերթական վերապատրաստում

«Լեզուն՝ կամուրջ, կրթությունը՝ միասնություն» կարգախոսը Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագրի ամենախոսուն արտահայտությունն է։ Այս գաղափարը հերթական անգամ համախմբեց շուրջ 11 երկրներից 60 մասնագետների։ Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ամենամյա ծրագիրը կամուրջ է Հայաստանի ու Սփյուռքի միջև. այն միավորում է տարբեր երկրների մանկավարժների փորձը, հնարավորություն տալիս ստեղծելու հայերենի դասավանդման մեթոդների տարածման միասնական ցանց։ Արդեն ավանդույթի ուժ ստացած ամենամյա վերապատրաստումն այս տարի տևել է հուլիսի 2-ից 21-ը։ Ինչպես միշտ, դասընթացները հագեցված էին, շատ արդյունավետ, ներառում էին մանկավարժության, հայոց լեզվի ու գրականության դասավանդման ժամանակակից մանկավարժական մեթոդների, ինչպես և հայագիտական այլ առարկաների ուսուցում։ Տեսական ու գործնական պարապմունքներին զուգահեռ կազմակերպվել էր ճանաչողական-ուսուցողական շրջայցեր՝ դեպի Հայաստանի պատմամշակութային վայրեր։
Վերապատրաստման մասնակից, Մոսկվայի Համազգային հայ կրթական և մշակութային ﬕության ՌԴ-ի մասնաճյուղի «Հայաստան» դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ռուզաննա Գրիշյանը պատմում է. «Նախ պետք է արձանագրել, որ ծրագրի կազմակերպիչների, պատասխանատուների համար բավական բարդ էր կազﬔլ այնպիսի համապարփակ ծրագիր, որ բավարարեր բոլոր մասնակիցների պահանջները, պատասխաներ բոլորին հուզող հարցերին. ﬔնք բոլորս Հայաստան էինք ժամանել՝ ունենալով որքան ընդհանուր, նույնքան էլ ﬔր մասնավոր խնդիրներն ու հարցերը։ Այս պարագայում ինձ համար շատ կարևոր և գնահատելի է ՀՀ ԿԳՄՍ նախարարի, ինչպես նաև ծրագրի իրականացման աշխատանքներին ներգրավված բոլոր անձանց վերաբերմունքը Սփյուռքի ուսուցչի նկատմամբ։ Ծրագրի շրջանակներում և ծրագրից դուրս ﬔզ օգնելու և աջակցելու նրանց պատրաստակամությունը արդեն իսկ խոսում է Սփյուռքում հայապահպան գործի կարևորության խոր գիտակցման մասին։ Մեր հայրենիքի՝ պետական մակարդակով նման աջակցությունը ոգևորող է և քաջալերող։ Ամփոփելով 21 օրերի ընթացքում ծանրաբեռնված ու հագեցած տպավորություններս` կարող եմ ասել, որ վերադառնում եմ Սփյուռք՝ լիցքավորված նոր գիտելիքներով, նոր մտքերով, ծրագրերով, դրական էմոցիաներով»։
Կոպենհագենի Մայրենի լեզվի դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Ռուզաննա Վարդանյանը կիսվում է իր շնորհակալական խոսքով. «Հարգելի՛ դասախոսներ, շնորհակալություն եմ հայտնում Երևանում ուսուցիչների վերապատրաստման քսանօրյա ոգեշնչող ծրագրի համար։ Ձեր մտքերը և ժամանակակից դասավանդման մեթոդաբանությունները իսկապես փոխակերպել են կրթության վերաբերյալ մեր պատկերացումները։ Ես ոգևորված այս նոր մեթոդները կկիրառեմ իմ դասավանդման ընթացքում։ Շնորհակալությո՛ւն ձեր նվիրվածության, համբերատարության համար։
Վերապատրաստվող ուսուցիչների կազմում էր նաև մեր թերթի «Դասղեկի ժամ» խորագրի պատասխանատու, ՌԴ Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքի հայ համայնքի կրթության ու մշակույթի բաժնի ղեկավար Կարինե Փիլոյանը։ Մեջբերում ենք նրա երախտիքի խոսքը․ ««Ուսուցիչը կարող է սովորեցնել այնքան ժամանակ, քանի դեռ ինքն է սովորում, հենց նա դադարի սովորելուց, կդադարի ուսուցիչ լինելուց»,- նշում էր հայտնի մանկավարժ ու փիլիսոփա Ջոն Լոքը: Ինձ բախտ վիճակվեց ինստիտուտը ավարտելուց քառասուն տարի հետո նորից զգալ հայոց լեզվի և գրականության ֆակուլտետի ուսանող լինելու բերկրանքը: Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագրի կազմակերպիչները ջանք ու եռանդ չէին խնայում, որ այն լիներ հետաքրքիր, արդյունավետ և ուսանելի: Իհարկե, հրաշալի էին ճանաչողական ու մշակութային բոլոր միջոցառումները, բայց ծրագրի ամենամեծ արժեքը դասախոսական կազմն էր, որոնցից յուրաքանչյուրը, վստահորեն կարելի է ասել, իր արժանի տեղն ունի հայ դպրոցի և մանկավարժության պատմության մեջ: Երեք շաբաթ շարունակ ուսումնասիրում էինք հայոց լեզվի և գրականության ուսուցման ժամանակակից մեթոդները, որոնց հիմքում ընկած են սովորողի ինքնուրույն ստեղծագործական գործունեությունը, գիտելիքի ձեռքբերման գործընթացում նրա անմիջական ակտիվ մասնակցությունը:
Անչափ շնորհակալ եմ հետաքրքիր ու բովանդակալից գիտելիքներ ստանալու և այդ գիտելիքները մատուցողների հետ ծանոթանալու ինձ ընձեռած հնարավորության համար»:
Ծրագրի մասնակից, Անապայի Տիգրան Ավդալյանի անվան «Մուշ» արվեստի կենտրոնի տնօրեն Կարեն Սաքանյանն էլ շատ յուրատիպ կերպով է բնութագրել վերապատրաստման օրերը․ «Երեք շաբաթ ինտենսիվ փորձի փոխանակում, բազմաթիվ նոր գաղափարներ և էներգիայի հզոր լիցքեր․ այսպիսին էին հուլիսի 1-ից 21-ի երևանյան օրերը: Մենք խորապես վերլուծում էինք թիմի կառավարման ժամանակակից մեթոդները, ուսումնասիրում թվային գործիքների ներդրման հաջողված դեպքերը, ձեռք բերում վստահելի գործընկերներ տասնյակ կազնակերպություններում: Հետաքրքիր էին այցելությունները Երևանի առաջադեմ դպրոցներ ու լրացուցիչ կրթական կենտրոններ:
Շնորհակալություն դասախոսներին անկեղծ երկխոսությունների և ոգեշնչող դասախոսությունների, իսկ մասնակիցներին՝ համարձակ նախագծային գաղափարների համար»:
Մոսկվայի մարզի ասորիների ազգային-մշակութային ինքնավարության նախագահ և Հայ-ասորական «Ակունքներ» արվեստների ակադեմիայի հիմնադիր-ղեկավար, վերապատրաստման մասնակից Նելլի Դանիելյանի խոսքից տեղեկանում ենք, որ դասընթացներին զուգահեռ մասնակիցների համար կազմակերպվել են նաև ճանաչողական ու մշակութային բազմազան միջոցառումներ, որոնք հնարավորություն են տվել ոչ միայն խորացնել մասնագիտական գիտելիքները, այլև ավելի մոտիկից ճանաչել հայրենիքի մշակութային կյանքը։ Ծրագրի շրջանակում վերապատրաստվողները այցելել են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և վայելել Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» օպերան, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում ունկնդրել են Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորական, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանի բովանդակալից ու հետաքրքիր դասախոսությունը, եղել են Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում։
Վերապատրաստման ծրագրի շրջանակում Սփյուռքի ուսուցիչները ծանոթացել են M.A.M. կրթական կենտրոնի նորարարական կրթական ծրագրերին, հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացներին։
Ծրագիրը հագեցված էր նաև գրական-մշակութային միջոցառումներով. տպավորիչ էր Եղիշե Չարենցի տուն-թանգարանում կազմակերպված բաց դասը։ Իսկ Հայաստանի ազգային պատկերասրահ այցը հնարավորություն տվեց ծանոթանալու հայ և համաշխարհային կերպարվեստի արժեքավոր ստեղծագործություններին։
Մասնակիցները հնարավորություն ստացան նաև լսելու «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանի բովանդակալից և ոգեշնչող զեկույցը։
Հուլիսի 21-ին ամփոփվեց ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Սփյուռքի կրթօջախների ուսուցիչների կարողությունների հզորացում» ծրագիրը: Ծրագրի ավարտին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ուսուցիչներին հանձնեց վկայականներ՝ ընդգծելով, որ սփյուռքահայ ուսուցիչները հայապահպանության և հայկական կրթության կազմակերպման կարևորագույն կրողներն են։ Նրա խոսքով՝ ուսուցիչների գործունեությունը հայրենանվեր առաքելություն է, որի շնորհիվ արտերկրում ապրող հայ երեխաները շարունակում են պահպանել կապը Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն։ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորեց մասնակիցներին ծրագրի հաջող ավարտի կապակցությամբ և վստահություն հայտնեց, որ մասնակիցները ձեռք բերած գիտելիքներն ու փորձը կփոխանցեն նաև իրենց համայնքների մյուս ուսուցիչներին։
«Մոսկվա եմ վերադառնում՝ ինձ հետ տանելով ոչ միայն տնօրենների վերապատրաստման վկայականը, այլև անգնահատելի գիտելիքներ, նոր փորձ, մարդկային գեղեցիկ շփումներից ստացած ջերմությունն ու էներգիան, ինչպես նաև նոր գործընկերներ և ընկերներ։ Շնորհակալությո՛ւն ծրագրի կազմակերպիչներին և բոլոր դասախոսներին՝ մասնագիտական բարձր մակարդակի, հոգատար վերաբերմունքի և այս արժեքավոր փորձառության համար։ Այս օրերը երկար կհիշվեն և վստահաբար իրենց դրական ազդեցությունը կունենան մեր հետագա աշխատանքի վրա», — նշում է Նելլի Դանիելյանը։
«Սփյուռքի դպրոց» թերթը վերապատրաստված մասնագետներին մաղթում է հաջողություններ հայրենիքից դուրս հայ ոգու ու հայոց լեզվի պահպանման սուրբ գործում։





Թողնել պատասխան