ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Խնջույքի /կերուխումի/ հայկական սովորություններ

Ռուսական ասացվածքն ասում է. «Когда я ем – я глух и нем»։ Հայերը սեղանի շուրջ հավաքվում են ավելի շատ հաղորդակցվելու, զրուցելու և կարծիքներ փոխանակելու համար, «ձեռի հետ էլ հաց են ուտում»։

Ընդհանրապես հայ ընտանիքներում հաճելի չէ «մենակ» հաց ուտել, առանձնապես, երբ տանտիրուհին համով ճաշ է պատրաստում, տանտերը գերադասում է կանչել որևէ բարեկամի կամ հարևանի՝ միասին ճաշելու։ Գյուղերում երբեմն տղամարդը դուրս է գալիս փողոց և առաջին պատահած մարդուն հրավիրում մի բաժակ օղի խմելու։

Երբ ընտանիքում որևէ առիթ է լինում նշելու, հավաքվում են բոլոր բարեկամները, հարևաններն ու ընկերները, «թուփ ու ծուպը»։ Թուփը ընտանիքի ծնողների, եղբայրների ու քույրերի ընտանիքներն են, իսկ ծուպը՝ որդիների ու դուստրերի առանձին կազմած ընտանիքները։

Սեղանի շուրջ սովորաբար նստում են հետևյալ հերթականությամբ՝ սեղանի գլխին նստում է ընտանիքի հայրը, նրա աջ ու ձախ կողմերում՝ պատվավոր հյուրերը, հարգելի մարդիկ՝ ընկեր, բարեկամ կամ հարևան, աջ ու ձախ կողմերում շարվում են որդիները, փեսաները, հարսներն ու դուստրերը, ապա մյուսները՝ ըստ տարիքի։ Տանտիրուհին նստում է ամուսնու դիմաց՝ ամենավերջում, երբ բոլորն արդեն տեղավորվել են։ Սովորաբար երեխաների համար առանձին սեղան են պատրաստում։ Հայկական սեղանին միշտ դրվում է հյուրերի նախատեսված քանակից ավելի սպասք՝ անսպասելի հյուրի համար։

Ճաշկերույթը սկսում է ընտանիքի ավագ տղամարդը՝ «բարով տեսանք» խոսքերով, պարզաբանում է հավաքվելու պատճառը և նշանակում թամադա (սեղանապետ), որը պիտի «համով զրույց անի» և ղեկավարի սեղանը։ Առաջին կենացը թամադայի կենացն է։ Ամեն մի հայ տղամարդ տարիքի հետ սովորում է «կենացներ ասել», այսինքն՝ լինել խոսքաշեն և ճարտարախոս։ Յուրաքանչյուր թամադա յուրովի է վարում խնջույքը, նա է որոշում կենացների հաջորդականությունը և սահմանում ուտեստների մատուցման կարգը։ Սակայն կա կենացների որոշակի խումբ, որը պարտադիր հիշատակվում է յուրաքանչյուր անգամ։

Երկրորդ կենացը առիթի կամ պատճառի կենացն է, որը նախ գեղեցիկ արտահայտություններով ու դիպուկ բնորոշումներով ներկայացնում է թամադան, ապա խոսքը տալիս է մյուս ցանկացողներին՝ լրացնելու համար, մինչև որ առիթ հանդիսացող անձնավորությունը կամ երևույթը ներկայացվի բոլոր կողմերից։

Հաջորդաբար խմում են բոլոր սեղանակիցների կենացը՝ ավագության կարգով (եթե մեկի կենացը մոռացվում է, նա խիստ նեղանում է, խռովում)։ Ում կենացն առաջարկվում է, նա վեր է կենում, շնորհակալություն հայտնում իր հասցեին հնչածի համար և պարտավորվում բազմապատկել սեփական արժանիքները ու շտկել թերությունները։ Անձնական կենացները վերջանալուց հետո սովորաբար խմում են մի ավանդական կենաց. «Պարզերես լինենք, իրարից չկշտանանք, մեր պատվին, մեր օջախին, մեր հողին տեր լինենք, Աստված մեր ագահությունից կտրի ու մեր սերության վրա դնի, հացն ու գինին մեր սեղանից անպակաս լինեն, մեր վատ օրը սա լինի»։

Վերջին տարիների Արցախյան պատերազմներից հետո ընդունված կարգով բոլոր սեղանակիցները ոտքի են կանգնում և խմում հայրենիքի համար զոհվածների հիշատակի կենացը, մաղթում, որ նրանք վերջին զոհերը լինեն, բոլոր ծնողները «աչքը ցամաք» հեռանան այս աշխարհից, ու ոչ մի մանուկ որբ չմնա։ Պարտադիր խմում են հայրենիքի և խաղաղության կենացը, իսկ վերջում՝ հյուրընկալ օջախի կենացը։ Հիշվում են գերդաստանի բոլոր նշանավոր մարդիկ, շնորհակալություն է հայտնվում տանտիրուհուն։

Բոլոր ցանկացողները արտահայտվում են՝ խնդրելով թամադայի թույլտվությունը։ Հայկական կենացը մի ինքնատիպ բանահյուսական ժանր է։ Նրա մեջ սովորաբար հնչում են գովեստ ու հաճոյախոսություն, բայց զգալի տեղ են գրավում նաև հորդորն ու խրատը, բարոյախոսությունն ու մաղթանքը՝ առանձնապես ուղղված երիտասարդներին։

Բաժակներն իրար խփելն ունի միաձայն, միասնական լինելու խորհուրդը, և երբ, դեպքերի բերումով, մտերիմները հայտնվում են բարիկադների հակառակ կողմերում, դժվարանում են հակադրվել իրար։ «Ես նրա հետ բաժակ եմ խփել, հաց եմ կիսել, ինչպե՞ս կարող եմ նրան վատություն անել»։ Միասին կերած աղն ու հացը պարտավորեցնում է։ Խնջույքի ավարտի հետ չի ավարտվում բարեկամությունը, բաժակի զնգոցը դեռ երկար հնչում է մտերիմների ականջներում։ 

Ընդհանրապես առաջ հայ տղամարդիկ առավոտյան դատարկ ստամոքսին մի կում օղի էին խմում, ապա նախաճաշում՝ մարսողության օրգանների ախտահանության համար։ Նախքան խմելը խաչ էին հանում երեսներին, որը կոչվում էր «Աստված-Քրիստոս» անել։ Այս արտահայտությունը փոխաբերական իմաստով նշանակում է նախաճաշել, առաջին աղոթքը կարդալ։ Հիմա, քանի որ բոլորը ղեկին են, խմում են միայն կերուխումների ժամանակ։ Ավանդաբար երեք բաժակից ավելի օղի չէին խմում, անցնում էին գինու։

Գինին սովորական խմիչք չէ հայի համար, այն կենարար հեղուկ է։ Գինի պատրաստում են գերազանցապես խաղողից, նռնից, մոշից և բալից։ Առաջին երեք տարում գինին անընդհատ քամում են, ազատում նստվածքից, խմել սկսում են երեք տարուց հետո, երբ այն զուլալվում է։ Մաքրված գինին առաջ պահում էին մեծ կավե կարասների մեջ, որոնք երբեմն թաղում էին հողի տակ։ Կարասը բացում էին հատուկ առիթներով։ Խաղողի գինին սովորաբար խմում էին մսով կերակուրների հետ, իսկ նռան գինին՝ ձկնեղենի։

Խնջույքի վերջում մատուցվում են միրգ, քաղցրավենիք, ընկուզեղեն, չոր մրգեր, թեյ ու սուրճ։ Հաճախ երեխաների համար կազմակերպվում են զվարճալի մրցումներ։ 

Օրինակ՝ 

— Ո՞վ կարող է մի ամբողջ նուռ ուտել՝ առանց մի հատիկ գցելու։ 

— Ո՞վ կարող է խնձոր ու տանձ ուտել՝ առանց ձայն հանելու։ 

— Ո՞վ կարող է հոն ու մոշ ուտել՝ առանց ձեռքերը կեղտոտելու։ 

Նման խաղերը ինքնանպատակ չեն, դրանք դաստիարակում են կոկիկ, շնորհքով և քաղաքավարի ուտելու մշակույթ։

Սեղանը հայ մարդու համար միջոց է հաղորդակցվելու, համով զրուցելու, ավելի մտերմանալու, հոգեպես մերձենալու համար։ Գինին մղում է անկեղծության ու ճշմարտախոսության։ Հայկական սեղանները սովորաբար լինում են ճոխ և առատ։ Եթե հյուր ես կանչում, պետք է ամեն բան դնես սեղանին՝ «կաչաղակի կաթից մինչ սնկի յուղը»։ Ուտում ու խմում են երկար, բայց չեն հարբում, հարբելը համարվում է ամոթ, իսկական տղամարդ չլինելու նշան, անպատվություն։

Կանայք խմում են միայն գինի՝ մեկ-երկու բաժակ։ Սովորաբար, եթե հյուրի տանը կան հիվանդ կամ ծեր մարդ, հղի կին, նրանց անպայման հյուրի հետ բաժին են ուղարկում սեղանից։ Եթե գյուղում, շենքում կամ թաղում կա աղքատ մարդ կամ անօգնական ծեր, նրան էլ են բաժին ուղարկում։ Մի կտոր հաց տալը աղքատին կամ անկարողին բարեվարքության նշան է։ Եթե հաջողվում է կյանքում չարից ու փորձանքից ազատվել, ապա հայ մարդը դա համարում է իր բաժին ուղարկած մի կտոր հացի պատասխանը՝ տրված Աստծո կողմից։ «Տեսնես ում եմ մի կտոր հաց տվել, առաջս է եկել»։

Մեր երեխաներին փոխանցենք մեր պապերի ժուժկալ և առաքինի սովորույթները։

Երազիկ Հարությունյան

Response

  1. Լալա Avatar
    Լալա

    Հրաշալի հոդված է, շնորհակալ ենք, որ անդրադառնում եք մեր ավանդույթներին։ 💖👍

Թողնել պատասխան