ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

 Հավերժության շունչը

Ամեն տարի՝ հոկտեմբերի երրորդ շաբաթվա վերջին, Երևանը հագնում է իր ամենագեղեցիկ զգեստը։ Փողոցներում ծածանվում են դրոշներ, լսվում է երաժշտություն, և քաղաքի սիրտը բաբախում է առանձնահատուկ ռիթմով։ Սա Էրեբունի-Երևան տոնն է՝ տոն, որը միավորում է անցյալն ու ներկան, հիշողությունն ու հույսը։

Երևանը քաղաք չէ, որ ծնվել է պատահաբար։ Նա ծնվել է արքայական հրամանով՝ մ.թ.ա. 782 թվականին, երբ Արգիշտի Ա արքան հիմնադրեց Էրեբունի ամրոցը։ Այդ օրվանից սկսվեց մի պատմություն, որը շարունակվում է ավելի քան 2800 տարի։ Այս տոնը մեզ հիշեցնում է, որ մենք քարե ժամանակների ժառանգներ ենք,  հզոր պետության՝ Ուրարտուի, այնուհետև Հայոց թագավորության, և այսօր՝ անկախ Հայաստանի քաղաքացիներն ենք։

Տոնի օրը Երևանը կերպարանափոխվում է։ Հրապարակներում երգ ու պար է, փողոցային ներկայացումներ, ավանդական ու ժամանակակից արվեստի միահյուսում։ Երևանի բնակիչներն ու հյուրերը զբոսնում են քաղաքի պողոտաներով՝ վայելելով աշնան ոսկեգույն երանգները, որոնք այս օրերին առանձնահատուկ ջերմություն են հաղորդում քաղաքին։

Բայց ամենակարևոր պահը, թերևս, այն է, երբ բոլորս միասին հիշում ենք մեր արմատները։ Էրեբունի ամրոցի պեղումները, սեպագիր արձանագրությունները, որոնք վկայում են քաղաքի ծննդյան մասին, դարձել են մեր ազգային ինքնության խորհրդանիշը։ Այդ արձանագրություններից մեկում Արգիշտի Ա-ն հայտարարում է. «Խալդ աստծո մեծությամբ ես կառուցեցի այս ամրոցը…» — և այս խոսքերն այսօր էլ հնչում են որպես կենդանի վկայություն մեր պատմության վաղեմության  մասին։

Էրեբունի-Երևան տոնը միայն տոն չէ. դա ինքնագիտակցության, հպարտության և սիրո արտահայտություն է։ Այն մեզ սովորեցնում է, որ քաղաքը ոչ թե քարերից ու շինություններից է կազմված, այլ՝ մարդկանցից, նրանց երազանքներից ու հիշողություններից։ Երևանը շարունակում է ապրել, զարգանալ և ծաղկել՝ միշտ հիշելով իր սկզբնաղբյուրը։

Երբ մայրամուտին քաղաքի լույսերը վառվում են, և Արարատը հեռվից նայում է իր զավակին, յուրաքանչյուրս զգում ենք, որ պատկանում ենք մի մեծ պատմության։ Այս տոնը մեզ հիշեցնում է, որ Երևանը հավերժական է, ինչպես իր լեգենդները, ինչպես իր ժողովուրդը, ինչպես իր ապագան։

Շնորհավո՛ր Էրեբունի-Երևան տոնը՝ մեր մայրաքաղաքի ծննդյան օրը, որը դարձել է մեր բոլորի՛ ծննդյան օրը։


Սա պատմելու բան չէ,
Սա զգալո՜ւ բան է…
Ա’խ, ինչքա՜ն է տանջել
Ինձ իմ Երևանը:
Շենքերին ես նայում,
Պալատներին վսեմ
Եվ ուզում ես անվերջ
Խոսե՜լ, խոսե՜լ, խոսե՜լ:
Եվ ուզում ես խոսել
Ինչ-որ ուրի՜շ ոճով,
Բայց կորչում է ասես
Հայերենը քո ճոխ:
Մի «չքնաղ» է մնում,
Մի «հոյակապ», մի «պերճ»,
Մի մեծ «չնաշխարհիկ»,
Մի «վեհ» փոքրիկ և՝ վե՛րջ:
ՈՒ ծով հիացումը
Քարանում է, լռում:
Քարանում է այնպես,
Ինչպես հեքիաթներում:
Լեզուդ համրանում է,
Լոկ հայացքդ է խոսում,
Կարծես մոռանում ես
Քո մայրենի լեզուն…
Սա պատմելու բան չէ,
Սա զգալո՜ւ բան է:
Դրա համար պիտի
Տեսնել Երևա՜նը:

Պարույր Սևակ
հատված «Երևանին» պոեմից

Լալա Սողոմոնյան, ք․Մոսկվա,
«Սփյուռքի դպրոց» առցանց թերթի սրբագրիչ

Թողնել պատասխան