ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԱՄԲԻՈՆՆԵՐ
Ֆրեզնոյի պետական համալսարանի Հայագիտական ծրագիրը

Աշխարհի տարբեր համալսարաններում գործող հայագիտական կենտրոնները ոչ միայն գիտական հետազոտությունների օջախներ են, այլև կարևոր կամուրջներ Հայաստանի և Սփյուռքի միջև։ Դրանք նպաստում են հայոց պատմության, լեզվի և մշակույթի ուսումնասիրմանը, պատրաստում են նոր սերնդի հետազոտողներ և հայագիտությունը ներկայացնում միջազգային ակադեմիական հանրությանը։
Ամերիկայի Միացյալ Նահանգներում այդպիսի հեղինակավոր հաստատություններից է Ֆրեզնոյի պետական համալսարանի Հայագիտական ծրագիրը։ Այն հիմնադրվել է 1977 թվականին, իսկ 1988 թվականին ստեղծվել է Հայագիտական կենտրոնը, որի կազմում այսօր գործում են Հայագիտական ծրագիրը, Սահաթջյան հայագիտական գրադարանը, Ավետյան արխիվը, «Hye Sharzhoom/Armenian Action» թերթը, Հայ ուսանողների կազմակերպությունը և Հայկական արվեստի ցուցիչ (Index of Armenian Art) նախագիծը։
Նույն 1988 թվականի աշնանը հիմնադրվել է նաև Հայկ և Իզաբել Բերբերյանների անվան հայագիտական ամբիոնը։ Այն ստեղծվել է բժիշկներ Առնոլդ և Դիանա Ղազարյանների նախաձեռնությամբ՝ ի հիշատակ Դիանայի ծնողների՝ Հայկ և Իզաբել Բերբերյանների։ Հետագայում բազմաթիվ բարերարների աջակցությամբ այն շարունակել է ընդլայնել իր գործունեությունը՝ ապահովելով հայագիտության ոլորտի առաջատար գիտնականների աշխատանքը Ֆրեզնոյի համալսարանում։
2024 թվականից Բերբերյանների անվան ամբիոնը գլխավորում է դոկտոր Դավիթ Զաքարյանը՝ միջնադարյան հայ գրականության և մշակույթի ճանաչված մասնագետ, որը մինչ այդ երկար տարիներ դասավանդել և հետազոտական գործունեություն է ծավալել Օքսֆորդի համալսարանում։
Ստորև ներկայացնում ենք պարոն Զաքարյանի հետ հարցազրույցը, որով նաև բացում ենք հայագիտական ամբիոնների վերաբերյալ մեր խորագիրը։

Դավիթ Զաքարյանը Բարլո Տեր-Մկրտիչյանի և Քեն Խաչիկեանի հետ (2024)
— Պարոն Զաքարյան, կպատմե՞ք՝ ինչպե՞ս ձևավորվեց հետաքրքրությունը հայագիտության նկատմամբ, և ի՞նչ ճանապարհ անցաք մինչև Ֆրեզնո հասնելը։
— Պետք է ասեմ, որ սա եղել է շատ երկար ճանապարհ, և հուսով եմ՝ մանրամասները ձեզ չեն ձանձրացնի։ Ամեն դեպքում կփորձեմ հնարավորինս հակիրճ ներկայացնել իմ ակադեմիական ուղին։ Իմ պապը, որը հայոց լեզվի և գրականության ուսուցիչ էր, մանկուց իմ մեջ հետաքրքրություն էր ձևավորել հայ ժողովրդի պատմության նկատմամբ, սակայն երբեք չէի պատկերացնում, որ այն կդառնար իմ մասնագիտական գործունեության հիմնական ուղղությունը։
Սկզբում նպատակ ունեի մասնագիտանալ անգլերեն լեզվի և գրականության ոլորտում, այդ պատճառով ընդունվեցի Երևանի Բրյուսովի անվան oտար լեզուների ինստիտուտ (այդ տարիներին հաստատությունն այդպես էր կոչվում)։ Սակայն 2002 թ․ տեղափոխվեցի Հունաստանի Արիստոտելի անվան համալսարանը Թեսաղոնիկեում, որտեղ ստացա անգլերեն լեզվի և գրականության բակալավրի աստիճան, իսկ 2010 թվականին՝ անգլիական գրականության և մշակույթի մագիստրոսի աստիճան։
Միջնադարյան թափառաշրջիկ գիտնականների մասին իմ մագիստրոսական ատենախոսության վրա աշխատելիս հետազոտական այցով մեկնեցի Քեմբրիջի համալսարան, որտեղ առկա էին իմ ուսումնասիրության համար անհրաժեշտ բոլոր սկզբնաղբյուրներն ու նյութերը, այդ թվում՝ XI դարի այն ձեռագիրը, որը պարունակում էր Carmina Cantabrigiensia ժողովածուն՝ իմ հետազոտության առանցքային աղբյուրներից մեկը։
Այն օրը, երբ ավարտել էի աշխատանքս այդ ձեռագրի վրա, որոշեցի օգտվել ինձ ընձեռված հնարավորությունից և պատվիրել նաև հայկական մի ձեռագիր։ Պարզապես ցանկանում էի ձեռքս վերցնել մեր պատմության կենդանի մասունք։ Պատահական ընտրությամբ պատվիրեցի XVII դարի մի ձեռագիր, որն ընդօրինակել էր գրիչ Մարգարիտը՝ իր եղբոր համար։
Երբ բացեցի ձեռագիրը և տեսա հայոց այբուբենի անկրկնելի տառերը, իմ մեջ ինչ-որ բան փոխվեց։ Այդ զգացողությունը դժվար է բառերով նկարագրել, սակայն ակնհայտորեն ինչ-որ խորքային փոփոխություն տեղի ունեցավ։ Հենց այդ պահից հասկացա, թե ինչով եմ ցանկանում զբաղվել։
Հաջորդ տարի դիմեցի Օքսֆորդի համալսարանի հայագիտության դոկտորական ծրագրին։ Ընդունվեցի այն պայմանով, որ նախ ավարտեմ Դասական հայերենի (գրաբարի) ուսումնասիրությունների մեկ տարվա մագիստրոսական ծրագիրը՝ անհրաժեշտ մասնագիտական պատրաստվածություն ձեռք բերելու համար։ 2011 թվականին սկսեցի աշխատել իմ դոկտորական ատենախոսության վրա՝ Գալուստ Գյուլբենկյանի անվան հայագիտության պրոֆեսոր Թեո Մաարտեն վան Լինթի ղեկավարությամբ։ Ատենախոսությունս նվիրված էր վաղքրիստոնեական հայկական գրականության մեջ կնոջ կերպարի պատկերման ուսումնասիրությանը։ Այն հաջողությամբ պաշտպանեցի 2015 թ․։
2017 թ․ արժանացա Բրիտանական ակադեմիայի հեղինակավոր եռամյա հետդոկտորական կրթաթոշակին (Postdoctoral Fellowship) և շարունակեցի աշխատել Օքսֆորդի համալսարանում՝ ուսումնասիրելով միջնադարյան հայկական ձեռագրերի հիշատակարանները։
Օքսֆորդում սովորելու և աշխատելու տարիներին` 2010 թվականից մինչև 2024 թվականը, երբ տեղափոխվեցի Ֆրեզնո, դասավանդել եմ մագիստրոսական և դոկտորական ծրագրերի ուսանողներին։ Իմ դասավանդած առարկաները ներառել են գրաբար և ժամանակակից արևելահայերեն, ինչպես նաև միջնադարյան հայկական պատմագրական, փիլիսոփայական, գրական և աստվածաբանական բնագրերի ընթերցում և վերլուծություն։ Դասընթացների բովանդակությունը մշտապես ձևավորվել է ուսանողների գիտական հետաքրքրությունների և մասնագիտական կարիքների հիման վրա, և ինձ համար մեծ պատիվ ու հաճույք է եղել նրանց հետ բացահայտել և կիսվել միջնադարյան հայկական մշակութային ժառանգության բացառիկ հարստությամբ։
— Դուք երկար տարիներ աշխատել եք Օքսֆորդի համալսարանում։ Ո՞րն էր ամենամեծ մշակութային կամ մասնագիտական տարբերությունը, որ զգացիք Ֆրեզնո տեղափոխվելուց հետո։
— Մշակութային տեսանկյունից տարբերություններն ակնհայտ են դառնում դեռևս առօրյա ամենապարզ երևույթներից։ Տարբեր են դրամական միավորը, ճանապարհային երթևեկության կազմակերպումը, անգամ կշռի և չափի միավորների համակարգը։ Տարբերություններ կան նաև լեզվում․ ամերիկյան և բրիտանական անգլերենի միջև բավականին շատ բառեր և արտահայտություններ տարբեր են, և դա նույնպես ժամանակ է պահանջում, որպեսզի մարդը լիովին ընտելանա։ Զգալիորեն տարբերվում է նաև վարչական-բյուրոկրատական համակարգը, ինչը հատկապես զգացվում է տեղափոխության առաջին փուլում, երբ անհրաժեշտ է բազմաթիվ փաստաթղթեր ձևակերպել և անցնել տարբեր վարչական ընթացակարգերով։
Միևնույն ժամանակ, ինձ համար շատ հաճելի և նույնիսկ անսպասելի բացահայտում էր այն, որ Ֆրեզնոյում հայկական ներկայությունը զգացվում է գրեթե ամեն քայլափոխի։ Այստեղ կարելի է տեսնել հայկական եկեղեցիներ, թանգարաններ, խանութներ, ինչպես նաև հայերի անուններով կոչվող փողոցներ։ Այդ ամենը Ֆրեզնոյին յուրահատուկ մթնոլորտ է հաղորդում և այն դարձնում բացառիկ քաղաք՝ սփյուռքահայ կյանքի և հայկական ժառանգության պահպանման տեսանկյունից։
Ինչ վերաբերում է իմ մասնագիտական գործունեության տարբերություններին, ապա ներկայումս Ֆրեզնոյի Կալիֆոռնիայի պետական համալսարանում դասավանդումը հիմնականում կենտրոնացած է բակալավրիատի մակարդակի հայոց պատմության, մշակույթի և արևմտահայերեն լեզվի դասընթացների վրա, մինչդեռ Օքսֆորդում իմ աշխատանքն առավելապես կապված էր մագիստրոսական և հետազոտական ուղղվածություն ունեցող ծրագրերի հետ։
Ուսանողների հայագիտական առարկաների ընտրության շարժառիթներն էլ որոշ չափով տարբեր են։ Համեմատաբար փոքր թվով ուսանողներ իմ դասընթացներն ընտրում են Հայագիտության ենթամասնագիտացման (Minor in Armenian Studies) պահանջները կատարելու նպատակով, մինչդեռ մեծամասնությունը դրանք անցնում է որպես համալսարանի ընդհանուր կրթական (General Education) պահանջների մաս։ Սա, սակայն, հնարավորություն է տալիս հայագիտությունը ներկայացնել նաև այն ուսանողներին, որոնք նախկինում առնչություն չեն ունեցել հայ(կական)ոց պատմության, լեզվի կամ մշակույթի հետ։
— Կներկայացնե՞ք այսօրվա Հայագիտության ամբիոնի առաջնահերթությունները։ Ո՞ր ուղղություններն են հատկապես գտնվում Ձեր հետազոտական և կրթական գործունեության ուշադրության կենտրոնում։
— Մեր հիմնական առաջնահերթությունը մնում է անփոփոխ․ շարունակել ապահովել Հայագիտական ծրագրի կայուն և անընդհատ գործունեությունը՝ առաջարկելով հայոց պատմությանը, մշակույթին և լեզվին նվիրված բազմաբնույթ դասընթացներ, ինչպես նաև խրախուսելով ուսանողներին ընտրել Հայագիտության ենթամասնագիտացումը։
Այս առաքելության կարևոր բաղադրիչներից են գիտական դասախոսությունների և մշակութային միջոցառումների կազմակերպումը, որոնք հնարավորություն են տալիս հայկական մշակույթն ու ժառանգությունը ներկայացնել ոչ միայն սփյուռքահայ համայնքին, այլև առավել լայն հասարակությանը։
Բացի այդ, Հայագիտական ծրագրի տնօրեն, պրոֆեսոր Բարլոո Տեր-Մկրտչյանի հետ համատեղ աշխատում ենք մագիստրոսական ծրագրի ստեղծման ուղղությամբ։ Այդ ծրագիրը հնարավորություն կտա այն ուսանողներին, որոնք ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները հայոց պատմության, մշակույթի կամ հարակից բնագավառների վերաբերյալ, ստանալ համապատասխան մագիստրոսի աստիճան և շարունակել իրենց ակադեմիական զարգացումը։
— Ֆրեզնոյի հայ համայնքը և համալսարանի Հայագիտության ամբիոնը տասնամյակներ շարունակ զարգացել են կողք կողքի։ Ինչպե՞ս կբնութագրեք նրանց փոխհարաբերություններն այսօր։ Ի՞նչ դեր ունի համայնքը ամբիոնի կյանքում, և ինչպե՞ս է ամբիոնը նպաստում համայնքի զարգացմանը։
— Ֆրեզնոն ունի բացառիկ մեծ, կենսունակ և կազմակերպված հայկական համայնք, որը մշտապես և բազմակողմանիորեն աջակցում է Հայագիտական ծրագրին։ Այդ առումով այն առանձնանում է Սփյուռքի բազմաթիվ այլ համայնքներից։ Համայնքի աջակցությունը չի սահմանափակվում միայն ծրագրի կազմակերպած գիտական, կրթական և մշակութային միջոցառումներին ակտիվ մասնակցությամբ։ Շատերը նաև զգալի ֆինանսական նվիրատվություններ են կատարում, որոնց շնորհիվ հնարավոր է կրթաթոշակներ տրամադրել ուսանողներին և նպաստել ծրագրի հետագա զարգացմանը։ Հայ համայնքի աջակցության շնորհիվ այս տարի Հայագիտական ծրագիրը կրթաթոշակների տեսքով Ֆրեզնոյի պետական համալսարանի 51 ուսանողի հատկացրել է ընդհանուր առմամբ 137,000 ԱՄՆ դոլար՝ սահմանելով կրթաթոշակների տրամադրման պատմական ռեկորդ։ Եթե տասնամյակներ առաջ ծրագիրն ուներ ընդամենը երկու անվանական կրթաթոշակ, ապա այսօր դրանց թիվը հասնում է գրեթե հիսունի, և նոր հիմնադրամների ստեղծման գործընթացը շարունակում է ընդլայնվել։
Կարևոր է նաև նշել, որ համայնքը նշանակալի դեր է ունեցել Ֆրեզնոյի պետական համալսարանի կենտրոնական հատվածում Հայոց ցեղասպանության հուշարձանի կառուցման գործում։ Եթե չեմ սխալվում, սա աշխարհում միակ համալսարանական քաղաքն է, որտեղ կանգնեցված է Հայոց ցեղասպանությանը նվիրված նման հուշարձան։ Ամեն տարի՝ 2015 թվականից ի վեր, Հայագիտական ծրագիրը և Ֆրեզնոյի Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումները կազմակերպող հանձնաժողովը համալսարանի նախագահի աջակցությամբ կազմակերպում են Հայոց ցեղասպանության ոգեկոչման մեծ միջոցառում։ Այն համախմբում է հազարավոր մասնակիցների ոչ միայն Կալիֆոռնիայի տարբեր շրջաններից, այլև այլ նահանգներից, որոնց զգալի մասը Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն են։
Իր հերթին, Հայագիտական ծրագիրը գիտական և մշակութային բազմաբնույթ նախաձեռնությունների միջոցով ստեղծում է այնպիսի միջավայր, որտեղ համայնքի անդամները հնարավորություն են ունենում առավել խորությամբ ճանաչելու Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունը, վերագտնելու և ամրապնդելու իրենց կապը հայկական արմատների հետ, ինչպես նաև ավելի լավ ծանոթանալու հայ ժողովրդի անցյալին և ներկային։ Հենց այս կենսունակ և փոխադարձաբար հարստացնող համագործակցությունն է, որ մեծապես պայմանավորում է ծրագրի հաջողությունն ու շարունակական զարգացումը։



Շարունակելի
Հարցազրույցը վարեց Անահիտ Սաֆարյանը

Թողնել պատասխան