ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Սփյուռքի պարարվեստի նվիրյալները

«Պարն ինձ համար սրբազան երկրաչափություն է տարածության մեջ, հավասարակշռության հաստատում գոյության բոլոր հարթություններում, հոգևոր կատարելության ձեռքբերում, գիտակցում, թե ով եմ ես և որտեղից եմ եկել, հպում հրաշքի խորհրդին»:

Անահիտ Սարիբեկյան

Հայկական պարը   մեր միասնության և  ինքնության  խորհրդանիշներից  է, և ներկա սերնդի պարտքն է այդ   մշակութային ժառանգությունը փոխանցել  սերնդեսերունդ:  Սփյուռքի բոլոր բնակավայրերում, որտեղ հայեր են ապրում,  գործում են հայկական պարի խմբեր ու համույթներ:

Իմ զրուցակիցն է  պարուհի,  պարագետ, պարուսույց, միջազգային պարային միջոցառումների կազմակերպիչ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պարի միջազգային խորհրդի ներկայացուցիչ, պարին վերաբերող մի շարք համաշխարհային գիտաժողովների, փառատոների  և սեմինարների ժյուրիի նախագահ, անդամ և պատվավոր հյուր  Անահիտ Սարիբեկյանը: Ծնվել է  Վանաձորում,  ավարտել  է Վանաձորի արվեստի դպրոցի պարի բաժինը և Նիժնի Նովգորոդի պետական մանկավարժական ինստիտուտը, մագիստրոսի կոչում է ստացել Լոնդոնի Գրինվիչի համալսարանում:

—  Տիկի՛ն Անահիտ, ինչո՞ւ եք ընտրել պարարվեստը։ 

— Պարարվեստն է ինձ ընտրել: Ես հայկական մշակույթի կրողն եմ,  որտեղ էլ ապրեմ, իմ նպատակն է պարի միջոցով  մարդկանց փոխանցել այդ մշակույթի հոգևոր ուժը, արթնացնել  նրանց մեջ ներքին շարժումն ու հիշեցնել, թե որքան կարևոր է կապը սեփական արմատների և կյանքի կենսական էներգիայի հետ:  

— Գիտեմ, որ ձեր ծնողներն էլ են արվեստագետներ:

Այո,՛ ծնողներս ժամանակին Վանաձոր քաղաքի մշակույթի վերելքում մեծ դեր են խաղացել:  Հայրս  երգիչ էր, «Հորովել» երգի-պարի համույթի տնօրենը, Աբելյանի անվան թատրոնի  ու   տիկնիկային թատրոնի  դերասան, սցենարիստ,  մայրս «Հորովելի» պարուհի էր, հետագայում՝ բալետմեյստեր, տիկնիկային թատրոնի դերասանուհի և ռեժիսոր՝ տաղանդաշատ  ու էներգիայով լի մարդ, որը բոլորին համակում էր դրական լիցքերով: Սպիտակի երկրաշարժից տարիներ անց  մայրս ամեն շաբաթ և կիրակի  պարի դասեր էր վարում հրաշքով փրկված երեխաների համար, մեր ամբողջ ընտանիքն էր «Զարթոնք» մշակութային կենտրոնում:  Այժմ  մայրս  ղեկավարում է Նիժնի Նովգորոդի «Նաիրի» համույթը, որը  2003 թ․  հիմնել ենք  միասին: «Նաիրին» 2007 թվականից Նիժնի Նովգորոդի հայ համայնքը  ներկայացնող պարի խումբն է:   

— Դուք ապրում եք  Հունաստանում, ինչո՞ւ Հունաստան…

— Հունաստանը ընտրեցի  ոչ միայն որպես բնակության վայր, այլ նաև որպես մի տարածք, որտեղ կարող եմ շարունակել իմ ստեղծագործական ճանապարհը:  Այս երկիրն ունի   հարուստ  պատմություն, մշակույթ, հոգևոր ժառանգություն, և  ես զգում եմ, որ այստեղ կարող եմ նոր ձևով բացահայտել պարարվեստի իմ ընկալումը: Հունաստանում ես շարունակում եմ  ստեղծագործել, սովորեցնել և զարգացնել այն ուղին, որն ինձ համար ոչ միայն արվեստ է, այլ  նաև ինքնաճանաչման և մարդկանց միավորելու միջոց: 

2013 թվականին Յակուտիայում   ունեցած իմ երկարատև  գիտական և փառատոնային գործունեությունից հետո հրավիրվեցի Հունաստան: Ցրտից տեղափոխվեցի տաք երկիր՝ ծաղկունքի ու գրեթե հավերժ գարնան աշխարհ: Ես նույնիսկ խնդրել էի Աստծուն, որ հնարավորություն տա ապրել նման վայրում, քանի որ արդեն հոգնել էի ցուրտ եղանակի պատճառով մշտապես  հիվանդ  լինելուց: Հրավերը Պարի միջազգային խորհրդի կողմից էր, սկզբում ընդամենը մեկ շաբաթով: Սակայն, տեսնելով  իմ  պրոֆեսիոնալ և գիտական աշխատանքի  կարևորությունը, նրանք առաջարկեցին շարունակել համագործակցությունը:

Երբ 2020 թ․ այստեղ հանդիպեցի իմ ամուսնուն, հասկացա, թե  հատկապես ինչու էր  ճանապարհը  ինձ  Հունաստան բերել :

— Ի՞նչ գործունեություն եք ծավալում Հունաստանում:

— 2013 թվականից     լայնածավալ    գործունեություն եմ ծավալում Աթենքում Պարի միջազգային  Խորհրդի  CID UNESCO-ի  հետ, մասնակցում եմ բազմաթիվ համերգների, կազմակերպում կոնգրեսներ, վարում պարարվեստին  նվիրված գիտաժողովներ, ինչպես   նաև հաճախ տարբեր երկրներում ներկայացնում եմ CID-ը՝  նախագահի անունից: Լինելով CID UNESCO–ի Պարի միջազգային խորհրդի անդամ՝ տարբեր երկրներից ստանում եմ հազարավոր միջոցառումների հայտեր: Դրանց տեղադրումը  վստահված է ինձ: Դա հսկայական տեխնիկական աշխատանք է:  CID UNESC-ի շուրջ 60 կայքերում  ես կատարում եմ պարարվեստին վերաբերող գիտական տեղեկատվական աշխատանք: Շատ կազմակերպությունների, ինչպես նաև հենց CID-ին, ես եմ օգնել՝ ակտիվ ներկայություն ձեռք բերելու  սոցիալական դաշտում:

— Ես գիտեմ, որ դուք ավելի քան 25 տարվա փորձով և 250-ից ավելի  հեղինակային խորեոգրաֆիկ բեմադրություններով  համագործակցում եք աշխարհի տարբեր դպրոցների և անհատների հետ, տնօրինում եք «Անահիտ» արվեստի միջազգային ակադեմիան,  ինչո՞վ է ձեր պարային ոճը տարբերվում մյուսներից:

— «Անահիտ» ակադեմիան «Նաիրին»  է՝ արդեն համաշխարհային բեմի վրա: Իմ «բալիկ» Նաիրին միշտ եղել է և կմնա այն արմատավորված սկիզբը, որից ամեն ինչ սկսվել է: Այո՛, համագործակցում եմ   ուսանողների և մասնագետների հետ, ինչպես առկա, այնպես էլ առցանց ձևաչափով՝ ապահովելով բարձրորակ ուսուցում, որը հարմարեցվում է յուրաքանչյուրի անհատական կարիքներին: Իմ խորեոգրաֆիկ ոճը, որը կոչվում է «աբստրակտ  մոնումենտալ»  բեմական  պարային  խորեոգրաֆիա (ISBN: 978-5-4472-4663-1), համադրում է պատմությունն ու  արդիականությունը: Այն արմատավորված  է հին ծեսերի մեջ և հաճախ հիմնվում է հայկական տարեգրությունների  ու տեսողական աղբյուրների վրա՝ պարային   շարժման հետ միավորելով երկրաչափական ձևերը և սրբազան  խորհրդանշական  պատկերները: Յուրաքանչյուր ժեստ խորհրդանիշ է, յուրաքանչյուր շարժում՝ պատկեր, ամեն տարր հետադարձ հայացք է հնագույն մշակույթին: Իմ բեմադրությունները հաճախ  ուղեկցվում են երաժշտությամբ, որը ներշնչված է տարբեր մշակույթների միաձուլմամբ՝ հատկապես էթնիկ և էլեկտրոնային տարրերի համադրությամբ, ինչը ստեղծում է ժամանակակից, բայց միևնույն ժամանակ խոր  պատմական շերտեր ունեցող գեղարվեստական  միջավայր:  

—  Պատմեք ձեր մոտակա պլանների մասին:

— Պարի միջազգային օրը սովորաբար կազմակերպում ենք ստեղծագործական հանդիպումներ  և մշակութային  միջոցառումներ, որոնք միավորում են տարբեր երկրների պարարվեստի ներկայացուցիչներին  և նպաստում պարարվեստի տարածմանն ու զարգացմանը: 

 Մայիսին  ինձ հրավիրել են Աթենքի Համազգային կազմակերպություն՝  Եվրոպայի  ուսանողական  համազգային  հավաքի շրջանակներում վարելու հայ պարի  վարպետաց   դասերի շարք: Նախաձեռնությունը հնարավորություն   է տալիս  Եվրոպայի երիտասարդներին  ծանոթանալ  հայկական պարի ավանդույթներին:

— Տեղեկացրե՛ք, խնդրում եմ, մեր ընթերցողին, թե   ինչպե՞ս է առաջացել հայկական պարը:

— Պարերը  բաժանվում են երեք հիմնական  բաժինների՝ ծես, էթնոգրաֆիան և բեմադրություն: Բոլոր  պարերը սկիզբ են առել ծեսերից, և ոչ մի ազգի համար բացառություն չկա: Բոլորն, առանց  բացառության, նույն պատմական զարգացումն  են անցել: Յուրաքանչյուր շարժում ունի խորհրդանշական  իմաստ և կոդավորված  կրում է մեր անցյալի  դրոշմը: Հելլենիստական ժամանակաշրջանում տեղի ունեցավ կարևոր  բաժանում. ամբոխը բաժանվեց երկու մասի՝ հանդիսատեսի և կատարողի: Այս բաժանումից հետո սկսվեց բեմականացումը, ինչը  փոխեց պարի տեսքն ու ձևաչափը: Այս երեք հասկացությունները՝ ծեսը, էթնոգրաֆիան և բեմադրությունը, պետք է տարանջատել: Վարպետաց դասերի ընթացքում մենք դրանք մանրամասն ուսումնասիրում ենք՝ բացահայտելով յուրաքանչյուր շարժման պատմական, մշակութային և խորհրդանշական նշանակությունը:

—  Սիրելի՛ Անահիտ,  շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար, ստեղծագործական նորանոր հաջողություններ ենք մաղթում:

— Կարդացել եմ «Սփյուռքի դպրոց» առցանց թերթի առաջին համարը: Երախտագիտությունս  եմ ուզում հայտնել  բոլոր այն նվիրյալներին,  ում նվիրվածության ու ջանասիրության շնորհիվ պահպանվում ու վառ է մնում հայոց  լեզուն և մշակույթը, լույսն՝ աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայրենակիցների մեջ:  Պատրաստ եմ  համագործակցության:

Կարինե Փիլոյան

Թողնել պատասխան