ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Ծնո՜ւնդդ շնորհավո´ր, անկախությու՜ն

Նկարի աղբյուրը՝ Վիքիպեդիա

Հայկական տոմարի բոլոր տոների մեջ ինձ համար առանձնանում է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրը՝ մայիսի 28-ը. այն Հայաստանի անկախության վերականգնման, ազգային պայքարի հերոսական պատումն է, որից ոգեշնչվելով` 70 տարի անց ծնունդ առավ արցախյան ազատագրական պայքարը։ Հայաստանում ապրելու տարիներին գրեթե ամեն տարի այցելում էի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը, որը կառուցվել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի և քանդակագործներ Արշամ Շահինյանի, Սամվել Մանասյանի և Արա Հարությունյանի նախագծով։ Վերադառնում էի այնտեղից ոգևորված, տոգորված հպարտության զգացումով։

2021 թվականի մայիսի 28-ին որոշեցի դարձյալ գնալ` զգալու հաղթանակի շունչը։ Կոտրված և ուշքի չեկած՝ Շուշիի, Հադրութի և այլ հայկական հողերի կորստից Արցախում, ես հասա Սարդարապատ, որը գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Արաքս գյուղի հարևանությամբ։ Հուշահամալիրը կառուցվել է հենց այն բարձունքի վրա, որտեղ ամփոփվել են անկախության համար կյանքը չխնայած հերոսների աճյունները։ Բարձրանում էի այդ սանդուղքներով և պատկերավոր էր դառնում, թե ինչպես է թուրքերի կանոնավոր բանակը ճեղքում սահմանը և չհագեցած հայ արյան ծարավից` անխնա ջախջախում հայ կամքը ու ապրելու փափագը։

Հանկարծ կանգ եմ առնում կարմիր հսկա ցուլերի առաջ, ուզում եմ հասկանալ՝ ճանապա՞րհ են տալիս քեզ խոնարհաբար, թե՞ պատրաստվում են մարտի։ Լռության պահն է անմահացել նրանց ազատատենչ հայացքներում։ Քարանում ես դու, և կենդանանում են տուֆակերտ արձանները։ Հենց այստեղ է վճռվել Հայաստանի ճակատագիրը՝ լինել- չլինելու հարցը։ Կար գիտակցված պայքար, միասնության գաղափար ու կամք այդ աչքերում։ Բարձրացնում եմ գլուխս և 25 մետրանոց զանգակատան զանգերի ղողանջից փշաքաղվում։ Միասնության, ոգեկոչման ու հաղթանակի ղողանջներ են։ Հայ ժողովուրդը երկար է սպասել շարականի նմանվող այդ հնչյուններին։

«Հայերը մեզ ջախջախեցին»,- կարծես տասնամյակների հեռվից լսվում է թուրք արյունարբու Վեհիբ փաշայի ձայնը։

Հայերի «Առա՜ջ» գոչյունին խառնվում է թուրքի «Նահա՜նջ» բղավոցը, և վախեցած գայլի ոհմակի պես փախչում են դրանք։

Հենց զանգակատան բարձունքից կարող ես տեսնել Արաքսը` փոթորկված ու անհանգիստ վկան այդ օրերի. նա հիշում է ամեն ինչ ու քարերին ուժգին զարնում ալիքները։

Հայաստանի անդորրն են հսկում խրոխտ արծիվները` հանդարտ, փակ թևերով, կարծես էլ ոչ մի վտանգ չի սպառնում հայրենիքին։ Ուզում ես ասել. «Բացե՜ք ձեր թևերը, ճախրե՜ք դեպի Արցախ, փրկե՜ք վտանգի քուղով կապկպված մեր հայրենիքը»։

«Արծիվներից նեղացած»` ետ էի վերադառնում, երբ կենտրոնական մասում տեսա շրջան կազմած, ձեռք ձեռքի բռնած երիտասարդների։

Դհոլի ուժգին զարկից սթափվեցի, ապա զուռնան ավետեց միասնության շուրջպարի սկիզբը։ Կանգնել էի հեռվում ու հետևում էի, երբ մի աղջիկ ձեռքը մեկնեց դեպի ինձ։

– Արի՜, միացի՜ր։

Ես գլուխս ձախ ու աջ տարուբերեցի ու հազիվ զսպեցի ներսից խեղդող լացս։

– Մենք պետք է միասին լինենք, արի՜։

Կուլ տալով արցունքներս` ժպտացի ու բռնեցի ինձ պարզած ձեռքը։ Նա սեղմեց մատներս՝ վերադարձնելով ինձ դեպի կյանք։

«Մեր ուժը մեր միասնության մեջ է». 1918 թվականի մայիսը երիցս ապացուցեց, որ միայն այսպես կարելի է շարունակվել ու կերտել հաղթանակներ։

Ծնո՜ւնդդ շնորհավոր, Առաջին Հանրապետության` մանկան պես թանկ Անկախություն։

Բելա Սահակյան

Leave a Reply

Discover more from ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading