Մենք սկսվել ենք Նոյից, ինչպես ողջ մարդկությունը, բայց մենք ողջ մարդկությունից տարբերվեցինք նրանով, որ հավատարիմ մնացինք Աստծո նախընտրած Նահապետի փրկության կայանին, կառչած մնացինք բիբլիական լեռան քարեղեն ճակատագրին։
Նախ, Հայկի առաջնորդությամբ հաղթելով ամբարտավանությունն ու բռնադատությունը, ծավալեցինք մեր աշխարհաշեն աշխատանքը, կառուցեցինք երկիր ու հայրենիք, հետո, Արա Գեղեցիկի հավատարմապաշտ առաքելությամբ, բարոյականության բարձրագույն չափանիշներ սահմանեցինք։ Ունեցանք Արտաշես Բարեպաշտի խաղաղ թագավորությունը և անգերազանցելի Տիգրան Մեծի ծովածավալ կայսրություն։
Հազարամյակներ շարունակ, դարե՜ր շարունակ կերտեցինք ու ստեղծեցինք, կառուցեցինք ու երկնեցինք։ Երկրպագության սրբազան դողով առաջինը ծնկի եկանք ամենաիսկական և ամենաազնիվ Աստծո առջև։ Ավարայրով, Ձիրավով և Սարդարապատով պատասխանեցինք բոլոր մեզ ստրկացնել կամեցողներին։
Մեսրոպյան գիրը քանդակվեց աշխարհի առաջին գրերի կողքին, նարեկյան խոհերից պրկվեցին աշխարհի ամենահանճարեղ ուղեղները, ամենանուրբ քաղաքակիրթ լսողությունը շոյվեց կոմիտասյան մեղեդուց…
Սակայն աշխարհը հազարամյակնե՜ր շարունակ, դարեր շարունակ մնաց նախաջրհեղեղյան մակարդակին…
Վեհաշուք, հոյակերտ կամարները պարբերաբար փլվեցին, երկնառաք քանդակազարդ վեմերը հաջորդաբար տապալվեցին… սրբատաշ տաճարները լլկվեցին ու այլաձևվեցին… Դեր-Զորի սև ավազները լցվեցին անհայտ ու որբ շիրիմներով, մռնչացին մեր ժողովրդի վիրավոր երազները… Արարատի կրծքին արնավառվեց խորունկ, անբուժելի վերքը ամենաչքնաղ հայորդիների, որոնք դարձան երդվյալ վրիժառուներ։
Ապրիլի 24-ը ամենատրտմալի օրն է աշխարհի հայության համար, քանզի նահատակվեցին ո՛չ միայն այն երկու միլիոնը նախճիրի ոճրոտ ճանկերում, այլև սպանվեցին նրանց բոլոր սերունդները, որ պետք է ապրեին, ստեղծեին, շենացնեին ու ճոխացնեին աշխարհը Հայոց։ Մենք կորցրինք մեր հայրենիքի մեծ մասը, լավագույն մասը, մեր գենեֆոնդի տաղանդավոր մասը։ Հաշմվեց մեր դարավոր արիությունը, խոցվեց մեր ազգային մտածողությունը, այլակերպվեց մեր ազգային բնավորությունը։ Ամենաահավորը քոչվորի գործած ոճիրը չէր նույնիսկ, ամենաահավորը քաղաքակիրթ աշխարհի անտարբերությունն էր ու նրբակիրթ երկրների դավադիր հանցակցությունը։
Ոչ մի ուրիշ ժողովրդի կյանքում չի կատարվել այսօրինակ եղեռն, ազգասպանություն, ինչպես՝ մեր։ Եվ, իհարկե, կարելի կլիներ ամոքվել վշտից ապրելով և ստեղծելով, եթե եղեռնը դադարեր, չկրկնվեր Սումգայիթում, Մարաղայում, Բաքվում․․․ եթե հայրենազրկումն ու մեր դարավոր մշակույթի ոչնչացումը այսօր էլ չշարունակվեր Նախիջևանում, Արցախում․․․
Եվ պատմությունից դասեր քաղելով՝ մեր քաղաքական գործիչներն ու ազգի առաջնորդները պետք է սովորեն լինել ավելի ճարպիկ ու շրջահայաց, ճկուն և մանևրելու ընդունակ։ Քաղաքականությունը, դժբախտաբար, ազնվության, ուղղամտության և սկզբունքներին նվիրվածության ասպարեզ չէ։
Մենք պետք է հուզվենք, վշտանանք, սակայն իրավունք չունենք հուսահատվելու և թևաթափվելու, իրավունք չունենք կորցնելու մեր հայրենիքին վերատիրանալու պայծառ հույսը։
Ողջ աշխարհի հայությունը իր առջև պետք է դնի հստակ նպատակ. ունենալ հզոր, ազդեցիկ, երջանիկ հայրենիք, որի հետ հաշվի նստի աշխարհը։ Եթե բոլորս գիտակցենք նման միասնական նպատակի էությունը և կարևորությունը, ապա կյանքն ինքը կթելադրի նրան հասնելու շրջափուլերը և ուղիները։
Մենք պարտավոր ենք հայ մանուկներով ողողել մեր շրջապատը, հայ պահել մեր սերունդներին։ Մենք պարտավոր ենք հավատալ հայկական առեղծվածի աստվածատուր հրաշքին։ Ինչպես հնագույն հարևան ազգերից հա՛յը հասավ մեր ժամանակների բարձունքները, այնպես էլ հային կհաջողվի աշխարհի խղճին մի քիչ մաքրություն փաթաթել։
Ապրիլի 24-յան ողբերգությունը միլիոնավոր անմեղ զոհերի սրբադասման իրողությամբ ձեռք բերեց այլ իմաստավորում և խորհուրդ։ Սակայն հազարամյա հայրենիքի կորստյան հարյուրամյա կսկիծը դեռ երկար մորմոքելու է հայ սերունդների գենետիկ հիշողությունը։
Մեր հայրենիքը մեզնից դատարկվեց,
Բայց… ոչ մի վայրկյան, ոչ մի ակնթարթ,
Մենք չենք դատարկվել մեր հայրենիքից։
Պ. Սեւակ

Leave a Reply