ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

20-րդ դարի հերոսապատում. Սարդարապատի ճակատամարտը

Նկարի աղբյուրը՝ Վիքիպեդիա

Հայ ժողովրդի պատմության փառավոր էջերից է Սարդարապատի հերոսամարտում թուրքական զորքերի դեմ տարած հաղթանակը։ Ցեղասպան եղած Արևմտյան Հայաստանի նույն իրավիճակին էր արժանանալու Արևելյան Հայաստանը, եթե ճակատամարտում պարտություն կրեինք։ Բախտորոշ այդ օրերին կար լինել-չլինելու խնդիրը, հարկավոր էր ուղղել ծռված մեջքը և հավատալ միայն սեփական ուժերին։ 1917թ. Երզնկայի զինադադարը կնքելուց հետո ռուսական զորքերը զանգվածաբար լքում են Սև ծովից մինչև Վանա լիճ ընկած ռազմաճակատի գիծը՝ այն թողնելով սակավաթիվ հայկական զորամասերի հույսին։ 1918թ. Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, որը ճակատագրական եղավ հայ ժողովրդի համար։

Թուրքական կողմը, խախտելով պայմանագիրը, 1918թ. մայիսի 21-ին հարձակվում է Արևելյան Հայաստանի վրա՝ նպատակ ունենալով գրավել Երևանն ու ողջ Անդրկովկասը։

Սարդարապատի ճակատամարտն անվանում են «20-րդ դարի Ավարայր»։ Ավարայրի ճակատամարտը տեղի է ունեցել Ավարայրի դաշտում՝ Տղմուտ գետի ափին, 451թ. մայիսի 26-ին։ Սասանյան Պարսկաստանը կրոնափոխ էր ուզում անել հայ ժողովրդին, բայց հայերի անկոտրում կամքի շնորհիվ այն ձախողվում է։ Սպարապետ Վարդան Մամիկոնյանն իր կոչով ոտքի է հանում հայ ժողովրդին և Հայ Առաքելական Եկեղեցու հետ միասին բարոյական հաղթանակ է տանում։ Նա դիմում է իր ժողովրդին՝ ասելով. «Չվախենա´ք պարսիկների բազմությունից, պատրա´ստ եղեք գիտակցված մահվան՝ հանուն հավատքի և հայրենիքի։ Անգիտակից մահը մահ է, գիտակցվածը՝ անմահություն»։ Անգամ 5-րդ դարում անհավասար ուժերի պարագայում հավաքական պայքարի շնորհիվ կարողացել են հաջողության հասնել։ Յուրաքանչյուր պատերազմի ամենակարևոր գործոնները կամքն ու գաղափարն են, որ պետք է ունենան կազմակերպված բնույթ և ժողովրդի գիտակցությանը հասցնելու գործիք։

1918թ. մայիսի 21-ին թուրքական 36-րդ դիվիզիան ներխուժում է Ալեքսանդրապոլ, գրավում Սարդարապատ գյուղն ու «Արաքս» կայարանը։ Աղետալի այդ իրավիճակում հայկական զորքերի հրամանատար, գեներալ Մովսես Սիլիկյանը գալիս է Էջմիածին՝ հանդիպելու Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցին։

— Անվտանգության համար ժամանակավոր պետք է հեռանաք և ապաստանեք Սևանա կղզում,- ասում է հրամանատարը։

— Ո՛չ և ո՛չ։ Հազար անգամ ո՛չ։ Ես չեմ լքի մեր սուրբ նախնիներից ավանդ մնացած Մայր Աթոռը։ Եթե հայ ժողովուրդը չի կարող թշնամու առաջխաղացումը կասեցնել, եթե ի զորու չի փրկել մեր սրբությունները, ապա ես ինքս սուր կվերցնեմ և կընկնեմ Մայր Տաճարի գավիթում, բայց չեմ հեռանա պապերից ավանդ մնացած Սուրբ Աթոռից։ Իսկ եթե եկել է վերջը, ապա ինչո՞ւ չընդունենք պատվով ու քաջությամբ։ Ուրեմն էլ ինչո՞ւ ազգովի չբարձրանանք թշնամու դեմ, որ գալիս է ծարավ մեր վերջին արյանը, – պատասխանում է հայոց Հայրապետը։

Հայոց կաթողիկոսը 6 օր շարունակ հնչեցնում է Մայր Աթոռի զանգերը՝ որպես մարտակոչ և արթուն պահում հայ ժողովրդին։ Բոլորը ոտքի են ելնում՝ թե՛ այր, թե՛ կին, թե՛ գյուղացի, թե՛ հոգևորական։ Ցեղասպանությունից հետո Արևմտյան Հայաստանից գաղթած վանեցիները, սասունցիները, զեյթունցիները գտնվում էին Էջմիածնում, նրանք բավականին մեծ պայքարի փորձ ունեին։ Ահասարսուռ ահազանգը զարթնեցնում, զգաստացնում, սթափեցնում է բոլորին, խանդավառում ամենքին համեստ զոհողության և հերոսական անձնազոհության։ Կաթողիկոսն իր մոտ է կանչում Գարեգին և Զավեն եպիսկոպոսներին, օրհնում նրանց և ուղարկում կռվի դաշտ՝ խաչը ձեռքներին մարտական ճառ կարդալու հայ զինվորներին։

Վճռորոշ դեր խաղաց գեներալ Մովսես Սիլիկյանի կոչը հայ ժողովրդին.

— Հայե՛ր, շտապեցե՛ք հայրենիքն ազատելու… Հասել է րոպեն, երբ յուրաքանչյուր հայ, մոռանալով իր անձնականը, հանուն հայրենիքի փրկության և իր ընտանիքի պատվի պաշտպանության, պետք է գործադրի վերջին ճիգը թշնամուն հարվածելու համար։

Հայ մարտիկները կռվում են հերոսաբար և ջախջախում թուրքական «Գելիբոլու» դիվիզիան։ Հարկադրում են հետ նահանջել 15-20 կմ շառավղով։ Օսմանյան բանակի գեներալ Մեհմեդ Վեհիբ փաշան ասել է.

— Հայերն աշխարհի լավագույն զինվորներից են. նրանք կռվում են առյուծի պես, և նրանց քաջությունն անկրկնելի է։ Ղարաքիլիսայի ճակատում նրանք ցույց տվին, որ երբեք չեն նահանջում, նույնիսկ երբ մահն անխուսափելի է։

Դիլիջանում հայկական զորքերի հրամանատար էր նշանակված գեներալ Թովմաս Նազարբեկովը։ Նա, տեսնելով թուրքական բանակի գերակշռությունը, նահանջի հրաման է արձակում՝ զորքը Սևանի կողմը տանելու համար։ Ըստ ավանդության, նա ասել է, թե անհնար է թուրքական զինված բանակի դեմ կռվելը, և որ անհաջողության է դատապարտված ցանկացած դիմադրություն, ուստի պետք է նահանջել։

Զորքի միջից դուրս են գալիս երիտասարդ սպաներ Գարեգին Նժդեհն ու Գուրգեն Տեր-Մովսիսյանը և կոչ անում․

— Այս հրամանը դավաճանություն է, մենք հրաժարվում ենք ենթարկվել դրան։ Եթե ձեր մեջ գեթ մի կաթիլ հայի արյուն կա, ապա հետևե՛ք մեզ մեկնել ճակատ։ Ինչքան հուր ու կրակ կա՝ թափենք թուրքի վրա։

Գարեգին Նժդեհն էլ ավելացնում է իր ճառում.

— Թող ով ցանկանում է նահանջի, մենք գնում ենք կռվելու և մեռնելու։ Ով կռվի դաշտում թշնամու զենք ու զորք է համրում, ակամա իր պարտությունն է նախապատրաստում։

Դիլիջանի և Ղարաքիլիսայի անկման դեպքում վտանգվելու էին թե՛ հայոց մայրաքաղաքը, թե՛ հոգևոր կենտրոն Էջմիածինը։ Ոգեշնչող ու գոտեպնդող կոչերն էլ ավելի էին ուժեղացնում հայ զինվորներին, որոնք կռվում էին գիտակցաբար։ Ոչնչացման վտանգը թակել էր հայոց դուռը։ Արիաբար կռվելով՝ ջախջախեցին թշնամուն, և թուրքերը բռնեցին նահանջի ճանապարհը։ Անուրանալի է արցախցի «Մահապարտներ» գնդի հրամանատարներ Դանիել և Պողոս Փիրումյանների դերը Սարդարապատում, ովքեր իրենց խիզախությամբ ու մարտավարական հմտություններով հակահարված տվին զավթիչներին։

Բաշ-Ապարանում հայերի կողքին ուս-ուսի տված կռվել են հավատարիմ եզդի մարտիկները։ Ջհանգիր աղայի հրամանատարությամբ հեծյալ ջոկատը մեծ ավանդ է ունեցել թուրքերի դեմ պայքարում։

Թուրքական զորքը հարձակվեց նաև Ախալցիխեի ու Ջավախքի կողմից. հայկական զորքի հրամանատարը Զորի Զորյանն էր։ Հզոր ինքնապաշտպանական մարտեր են մղվել Դամալա գյուղում, որը շրջապատված էր թուրքական բազմաթիվ գյուղերով։ Դամալային փոքրիկ Զեյթուն են անվանում. ավանդությունը պատմում է, թե ինչպես են սակավաթիվ մարտիկներն անօրինակ դիմադրություն ցույց տվել մեծաքանակ թշնամուն։

Հայ զինվորն ապացուցեց, որ հայոց երկրում մի տեր կա, դա հայ ժողովուրդն է։ Հանուն արժանապատիվ Հայաստանի՝ ուժեղ և գիտակից հրամանատարները բեկում մտցրին բանակի մեջ։ Սարդարապատի հերոսամարտն ազգի համախմբման պահ էր. արցախցի, վանեցի, զեյթունցի, ապարանցի, երևանցի, սասունցի… բոլորը միավորվեցին նույն նպատակի շուրջ՝ ապրելու և հաղթելու։ 1918թ․ մայիսի 28-ի հաղթանակը հիմք դարձավ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակմանը։

Երբ չի մնում ելք ու ճար,
Խենթերն են գտնում հնար,
Այսպես ծագեց, արեգակեց
Սարդարապատի մարտը մեծ։

Զանգեր, ղողանջեք,
Սրբազան քաջերին կանչեք
Այս արդար մարտին։
Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչեք
Սարդարապատից։

Ավարայրից ջանք առանք,
Այստեղ մի պահ կանգ առանք,
Որ շունչ առած շունչներս տանք
Սարդարապատի պատի տակ։

Զանգեր, ղողանջեք,
Սրբազան քաջերին կանչեք
Այս արդար մարտին։
Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչեք
Սարդարապատից։

Բայց մենք չընկանք, մենք միշտ կանք,
Մենք չհանգանք, դեռ կգանք,
Երբ տան զանգը, ահազանգը,
Որ մեր հոգու պարտքը տանք։

Զանգեր ղողանջեք,
Սրբազան քաջերին կանչեք
Այս արդար մարտին։
Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչեք
Սարդարապատից։

(Պարույր Սևակ)

Չալթրի №1 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝
Հռիփսիմե Անդրանիկի Վարդևանյան

Leave a Reply

Discover more from ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading