Քարի պես պինդ և հայոց հողի պես փխրուն․․․
Հայ ազգային ինքնության պահպանումը օտար ափերում, հայազգի մանուկներին հայեցի կրթելու, դաստիարակելու, պատմական ակունքներին հաղորդակից լինելու ձգտումը մշտապես եղել և մնում է մեր ժողովրդի ազգային հոգեկերտվածքի կարևորագույն բաղկացուցիչ մասը: Դարեր շարունակ օտար տիրապետողների լծի տակ գտնվելը, ազգային ինքնության կորստի մշտական սպառնալիքը, ձուլման, ուծացման վտանգը մեր գիտակցության մեջ առանձնահատուկ մոտեցում ու վերաբերմունք է առաջացրել հայապահպանման կարևորագույն ինստիտուտի` հայ ազգային դպրոցի հանդեպ: Այդ է պատճառը, որ Սփյուռքի հայ գաղթօջախներում մեծ ուշադրություն է դարձվում ազգային դպրոցների ստեղծմանը։ Ազգապահպան այս գործին իրենց մասնակցությունն են բերում հայ նվիրյալները, որոնք գործադրում են բոլոր ջանքերը, որ «Սուրիո ավազին, Փարիզի մայթին, Նեղոսի ափին, Ռուսիո անծայրածիր տարածքում» հայկական ազգանուն կրող մանչուկները և մայրենի լեզվին չտիրապետող չափահասները կարողանան գրել, կարդալ ոսկեղենիկ մեսրոպյան տառերով, որ և՛ ֆրանսահայը, և՛ ամերիկահայը, և՛ գերմանահայը, և՛ ռուսահայն ու «աստղահայը» խոսեն մեր ազնվագույն հայերենով։
Այս է պատճառը, որ Սփյուռքում գործում են կիրակնօրյա հայկական դպրոցներ։ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների համար հայկական կրթօջախների ստեղծումը առաջնային կռվան է հայապահպանության և ուծացման տեմպերը նվազեցնելու համատեքստում։ Հայ երեխաների մի մասը խոսում է հայերեն, մի մասն էլ կրում է միայն հայկական ազգանուն։ Դպրոցում սովորեցնում ենք գրել, կարդալ ոսկեղենիկ մայրենիով, հայ գրականության, ավանդույթների, ազգային երգ ու պարի միջոցով ներկայացնում ենք մեր ժողովրդի ստեղծած պատկառելի մշակութային ժառանգությունը, և նրանց հայացքները ուղղորդում ենք դեպի Հայրենիք՝ ազգի ավանդույթները պահելու և մեր արմատներից չկտրվելու համար։
Սփյուռքում գործող հայկական կիրակնօրյա դպրոցների ուսուցչական կազմը ջանք ու եռանդ չի խնայում աշակերտներին հայեցի դաստիարակելու, նրանց հոգում հայի ու հայկականացման ոգին ամուր պահելու գործում։ Բոլոր աշակերտները հաճույքով են հաճախում դպրոց, սրտի թրթիռով են մասնակցում հանդեսներին և միջոցառումներին։

Քարի պես պինդ և հայոց հողի պես փխրուն է մեր աշակերտների սերը Հայրենիքի հանդեպ։
Սիրելի՛ աշակերտներ, թող որ ձեր կամքը այս օտար հողում քարից էլ ամուր լինի, իսկ հոգին՝ հանձնվել չիմանա։ Քանզի «Իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ քշվում է ամեն մի պատահական քամուց…»։
Հ․Գ․ Ես Հայրենիք բառը մեծատառով եմ գրում։

Leave a Reply