ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Կարինե Ալբերտի Եսայան (Սարգսյան)

Ծնվել եմ 1957 թ. Վրաստանի Շահումյան ավանում, որն իր պատմական հուշարձաններով, իր ննջեցյալ նախնիների տապանաքարերով, հող-հայրենիի հարգն իմացող շինականի նվիրումով, իր բարձրակարգ մտավորականությամբ և ազգային հավաք- բնութագրով Հայաստան է՝ ազգային ճակատագրով խաթարված քարտեզով… 

Մանկուց երազում էի դառնալ մանկավարժ: Դպրոցական տարիներից գրում էի մանկական բանաստեղծությաններ, որոնք տպագրվում էին «Պիոներ կանչ» թերթում: Սիրում էի կարդալ ու երազե՜լ… Այդ սերն ինձ տարավ ՀՀ Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) պետական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետ, և դեռ ուսանողուհի, տեղի միջնակարգ դպրոցում դասավանդում էի հայոց լեզու, գրականություն և պատմություն: 

Ճակատագրի բերումով հայտնվելով ՌԴ Կրասնոդար քաղաքում՝ սկսեցի դասավանդել հայոց լեզու «Մաշտոց» հայկական համայնքում, իսկ 1997թ.-ից մինչև այսօր «Սոդրուժեստվո» կրթամշակութային կենտրոնում պետականորեն հայոց լեզու և հայրենագիտություն եմ դասավանդում, իրականացնելով հայապահպանության, հայ երեխաների հայեցի կրթության ու դաստիարակության դժվարին, բայց արժանապատիվ գործը:

 2013 թվականից Կրասնոդարի երկրամասի Ռուսաստանի հայերի միության երկրամասային բաժանմունքի կրթության բաժնի պետն եմ, նաև՝ հայոց լեզվի և հայրենագիտության ուսուցիչների մեթոդական միավորման նախագահը: 2016 թվականին հիմնադրեցի հայկական «Մաշտոց» մանկական զարգացման կենտրոնը: Ազգանվեր գործունեությանս նվիրվում եմ ամբողջ հոգով ու էությամբ: Ռուսախոս միջավայրում սկսեցի զբաղվել հայոց լեզվի ուսուցման մեթոդիկայով, ստեղծեցի ուսումնական ծրագրեր, գրեցի մեթոդական հոդվածներ, մշակումներ, նախաձեռնեցի բազմաբնույթ հայապահպան միջոցառումներ՝ հայագիտական օլիմպիադաներ, կրթական համաժողովներ, վերապատրաստման դասընթացներ, թրեյնինգներ, սեմինարներ: 

Ամենակարևորը իմ աշխատանքում «Հայոց լեզու և գրականություն. Հայրենագիտություն» և «Հետաքրքրաշարժ հայոց լեզու» դասընթացի մոդուլային ծրագրերն էին, որոնց հիման վրա ստեղծեցի ուսումնական փաթեթ: Այդ փաթեթը բաղկացած է 6 դասագրքից և աշխատանքային տետրերից: Աշխատանքային գործունեությունս գնահատվում է և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում: Դրա վկայությունն են բարձր կարգի ուսուցչի և աշխատանքի վետերանի որակավորումը և ստացածս բազմաթիվ հուշամեդալները։ 

Աշխատանքային գործունեությունս շարունակվում է։ Շնորհակալություն Սփյուռքի ուսուցիչների համահայկական ասոցիացիային «Սփյուռքի դպրոց» թերթի «Օրագիր» խորագրի պատասխանատուի գործը ինձ վստահելու համար: Փորձում եմ քայլել հայապահպանության «չտրորված» արահետներով և ճանապարհ հարթել մի մեծ ու հայրենասեր բանակի համար, որ կոչվում է Հայերենի Ուսուցիչ:

Leave a Reply