ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Համով ժառանգություն․ «Քաղցր պառավի օրը»

Հայերը աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկն են և ունեն հնագույն հետաքրքիր ավանդույթներ, ծեսեր, սովորույթներ, որոնք, ապուպապերից իբրև ժառանգություն դարեդար փոխանցվելով, եկել և հասել են մինչև մեր օրերը: Նրանցից շատերը մոռացվել են: Սփյուռքի յուրաքանչյուր ուսուցիչ պարտավոր է տեղյակ լինել հնարավորինս շատ մշակութային ժառանգությանը և այն փոխանցել հաջորդ սերունդներին: 

2025 թվականի դեկտեմբերի 7-ին Վրաստանի Հանրապետության Մառնեուլիի շրջանի Շահումյան ավանի թիվ 2-րդ հանրային ռուսական դպրոցում  տեղի ունեցավ հետաքրքիր միջոցառում՝ «Քաղցր պառավի օրը»: Հանդեսը ներկայացրին նախապատրաստական դասարանի աշակերտները՝ մանրամասնորեն  բացահայտելով  ավանդական տոնի խորհուրդը և խորհրդանիշները:

Ահա տոնի պատմությունը:

Շահումյան հայաբնակ գյուղն իր արմատներով ձգվում է մինչև Արցախ, առանձնանում է իր պատմությամբ, 14-15-րդ  դարերի հուշարձաններով, խոհանոցով և ավանդույթներով։

Գյուղացիները նահապետական օրենքներով, ինչպես իրենք են ասում՝ «ադաթներով» ապրող մարդիկ են, և այնտեղ պահպանվել են շատ ավանդույթներ ու սովորույթներ, որոնք այլևս ոչ մի  տեղ չեն նշվում: 

«Քաղցր պառավի օրը» նշվում է դեկտեմբերի առաջին կիրակի օրը: Այն ընտանիքի և բարեկամների մերձեցման տոն է, որի նախապատրաստական աշխատանքները սկսվում են շաբաթ օրը: Առավոտյան տանտիկինները սկսում են խմորեղեն և համեղ կերակուրներ պատրաստել, սակայն սեղանի զարդը «Քյաշկան» է:

Քյաշկան ձավարից ու տավարի մսից պատրաստվող ճաշատեսակ է: Այս ճաշատեսակի եփման արարողությանը մասնակցում են ընտանիքի բոլոր անդամները՝ մեծից փոքր, որոնք այս կամ այն կերպ ներգրավվում են տանտիրուհուն օգնելու գործին։

Տղամարդիկ միսն են կտրտում, կրտսեր անդամները ձավարն են մաքրում, իսկ  երեկոյան պատրաստվում է թոնիրի «արարողակարգը»: Թաղը հավաքվում էր այն տան բակում, որտեղ թոնիր կար: Երիտասարդները ցախն էին բերում, իսկ տարեցները՝ վառում կրակը: Թոնրի շուրջ հավաքվում են մեծ ու փոքր, հարս ու աղջիկ, ու սկսվում  է երգ ու պարը: Թոնրի շուրջը անպայման շուրջպար էին բռնում:

Հենց կրակը «խաղաղվում» էր, ամենքը բերում էին իրենց տան պղինձները, դրանք,  տղամարդիկ հատուկ փայտի վրա անցկացնելով, կախում էին  թոնրի մեջ և թոնրի բերանը ծածկելով՝ թողնում մինչև առավոտ:

Կիրակի առավոտյան սկսվում էր իսկական տոնակատարությունը:            Տղամարդիկ թոնրից հանում էին հարիսայով լի ծանր պղինձները՝ միմյանց ասելով՝ «քաշի կյա», այստեղից էլ առաջացել է ուտեստի անվանումը՝ «քյաշկա»: Քյաշկայի ախորժալի բույրը տարածվում էր ողջ գյուղով:

Բոլոր ընտանիքներում առատ սեղաններ էին բացվում: Բոլորը օրը սկսում էին ախորժալի քյաշկայով: Մարդիկ զվարճանում էին, երգում, պարում, կազմակերպում խաղեր ու ներկայացումներ: Ջահել հարսները պետք է գուլպա գործեին ամուսնու եղբայրների համար, իսկ եթե օջախում նորահարս կար, հրավիրում էին նրա ծնողներին, քավորին, քավորկնոջը. չէ՞ որ սա ընտանիքի մերձեցման, ամրապնդման տոն է: 

Այդ օրը գյուղի բոլոր բնակիչները` կին, տղամարդ, ահել ու ջահել, միմյանց ողջունում էին «քաղցր պառավես» խոսքերով: Տան տատիկը գոգնոցի գրպանները լցնում էր տարբեր քաղրավենիք և, բաժանելով բակի երեխաներին,  ասում էր․ «քաղցր պառավեք, Սիմոն  ծերունի դառնաք»: Քյաշկայի տոնը խորհրդանշող քաղրավենիքը  «շիջոխն» էր (քաղցր սուջուխը), նաև՝ չրերը, ընկույզն ու նուշը:

Մինչ օրս «Քաղցր պառավի» օրը նշվում է Շահումյանում: Որոշ սովորույթներ չեն պահպանվել․ Քյաշկան եփում են գազօջախի վրա կամ ջեռոցում, իսկ տատիկի գոգնոցի գրպանները փոխարինվել են  սկուտեղով կամ պարկերով: 

Ծանոթություն: «Քյաշկայի» պատրաստման եղանակը շատ նման է մեր ավանդական հարիսային։ Քսաներորդ դարի սկզբին Հայաստանի որոշ շրջաններում, երբ Նավասարդը դեռևս նշվում էր որպես Նոր տարի, ծիսական ավանդույթներին զուգահեռ մարդիկ հարիսա էին եփում։ 

Հարիսան շուրջ 2000 տարի հայկական օջախների սեղանների անբաժան զարդն  է եղել շատ տոների ժամանակ, օրինակ՝ Բարեկենդանի: 

Իսկ ինչպե՞ս է առաջացել հարիսա անվանումը։

Ըստ ավանդույթի, երբ Գրիգոր Լուսավորիչը, դուրս գալով Խոր Վիրապից, շրջում է Հայաստանի գյուղերով ու քարոզ է կարդում տեղի հեթանոս հայերին, աղքատներին կերակրելու համար հրամայում է գյուղացիներին շատ յուղ ու ոչխարի միս բերել, լցնել մեծ կաթսաների մեջ՝ ավելացնելով ձավար և դնել կրակի վրա: Եփվելու ընթացքում  հրամայում է խառնել կաթսայում եղած միսը և ձավարը ասելով՝ հարեք զսա։ Այստեղից էլ «Հարիսա» անվանումը: 

Սիրե՛նք, պահպանե՛նք և գալիք սերնդին փոխանցե՛նք մեր սովորույթներն ու ավանդույթները, մաղթենք միմյանց «քաղցր պառավե՛ք և Սիմոն ծերունին դառնաք»:

Կարինե Եսայան

Leave a Reply