ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Հանդիպում փոքրիկ խրճիթում  

Couple sitting closely on a wooden sofa in a cabin, smiling by a lit fireplace

Մաս 1,   I գլուխ

 Ձմեռ էր, ցուրտ ու սառնաշունչ ձմեռ, որը դուր չէր գալիս գյուղում ապրող աղջնակին։ Այս ձմեռն էլ մյուսների պես խորթ էր թվում։ Նա ատում էր Ամանորը, ցուրտն ու ձնաբուքը, փաթիլներն ու ամանորյա հրաշքները։ Թեև նա դեռ նոր էր բոլորել 17 տարեկանը, բայց անտարբեր էր ամենքի ու ամեն ինչի նկատմամբ։ Նա հոգնել էր ամեն ինչից, մինչ օրս հրաշքի ականատես չէր եղել, և սառել էին զգացմունքները։ Նրա շուրջն ապրող մարդիկ երջանի՞կ էին, գուցե և ոչ, բայց, համենայնդեպս, այդպես էին ցույց տալիս։ Իսկ նա՜… նա չուներ այդ երջանկությունը, նա մենակ էր, շա՜տ մենակ․․․ Ընտանիքից զրկվել էր 9 տարեկանում, ապրում էր հորաքրոջ հետ։ Հորաքույրը չուներ երեխա, և նա դարձել էր հորաքրոջ միակ լուսավոր կետը։ 

Պատմությանս հերոսուհին գեղեցիկ անուն ունի՝ Մանե, բայց ճակատագիրը Մանեի համար, կարծես թե, այդքան էլ բարեհաճ չէր գտնվելու։                     

Արդեն դեկտեմբերի 30-ն էր և բոլորն, ինչպես միշտ, պատրաստվում էին Ամանորին, իսկ Մանեն տխուր նստած կարդում էր հորաքրոջ համար արտերկրից ուղարկված ամանորյա նամակներն ու շնորհավորանքները։ Հանկարծ աչքովն է ընկնում մի նամակ. «Մանե՛, շնորԱվորում եմ քո Ամանորը, ցանկանում եմ , որ հրաշքը թաՔի քո դուռը։ Ուրախ կլինեմ, եթե ամանորի գիշերը գաս մեր գյուԽի փոքրիկ խրճիՏը։ Քեզ այնտեղ անակնկալ է սպասում։ Սիրով՝ Մանեին»։ Գրության մեջ մի քանի տառասխալ կար, և նույնիսկ գրված չէր, թե ումից է այն։

Մանեն շատ զարմացավ և արագ պահեց նամակը։ Մի պահ լուռ նստեց ու մտածում էր անանուն մեկի մասին․ «Ո՞վ կարող է լինել, ո՞վ»,- անընդհատ կրկնում էր ինքն իրեն։ Պետք էր պարզել։                                       

II գլուխ 

Դեկտեմբերի 31․ բացվեց գեղեցիկ ու մառախլապատ մի օր։ Ամեն ինչ նույնն էր, հենց այնպիսին, ինչպիսին տարիներ առաջ էր, բայց կար մի անհասկանալի զգացողություն, որն անպայման պետք է պարզվեր։ Այդ ամենին մնացել էր ընդամենը մի օր, նույնիսկ հաշված ժամեր, քանի որ արդեն կեսօր էր։ Տոնական սեղանը պատրաստ էր, իսկ Մանեն, հորաքույրն ու հորաքրոջ ամուսինը անհամբեր սպասում էին Ամանորին։ 

Ժամացույցի սլաքները կամաց-կամաց մոտենում էին ժամը 12-ին։ Մանեն, թեև վախենալով, բայց ուզում էր գնալ այդ փոքրիկ խրճիթը։ Դուրս գալուց առաջ նա որոշեց նամակ թողնել ու գրեց․ «Մենակ իմ մահից հետո դուք կգտնեք այս նամակը։ Իմացեք, որ ես գնացել եմ մեր գյուղի փոքրիկ խրճիթը»։ Նամակը թաքուն դրեց  արկղիկի մեջ և դուրս եկավ տնից՝ պատճառաբանելով, որ դասարանով հավաքվում են, որպեսզի միասին դիմավորեն Ամանորը և միմյանց ուրախացնեն նվերներով։ Մանեն իր հետ վերցրել էր մի ուղղագրական բառարան, մտածելով դատարկաձեռն չգնալ խրճիթ ու մի օգտակար նվեր տանել անծանոթին։  

Մանեն քայլում էր դեպի խրճիթը։ Երբ տնից դուրս էր եկել, ուղիղ ժամը 12-ն էր, իսկ հիմա արդեն ուշանում էր «հանդիպում»-ից։ Անծանոթը անհամբեր սպասում էր Մանեին։ Մանեն վերջապես հասավ։

 III գլուխ  

 Նա վախեցած կանգնել էր խրճիթի դռան մոտ ու դողում էր։ Մտածում էր՝ մտնի՞ ներս, թե՞ հեռանա․․․ Այլևս հետդարձի ճանապարհ չկար, որոշեց մտնել։ Առաջինը, ինչ աչքին ընկավ, փոքրիկ սեղանն էր՝ ամանորյա ուտեստներով լի։ Անծանոթը կանգնած էր պատուհանի մոտ՝ մեջքով դեպի դուռը։ Նա շատ բարձրահասակ էր, գեղեցիկ սանրվածքով ու կոկիկ հագուստով։ Մանեն լուռ էր, դե՛, ի՜նչ կարող էր ասել։ Որոշեց երկու քայլ էլ առաջ գնալ։ Հանկարծ ոտքը խփեց ջրով լի դույլին ու մի ծնգո՜ց․․․ դեռ լավ էր դույլում քիչ ջուր կար ու այդ ցրտին չթափվեց վրան։ Անսովոր ձայնից տղան սկզբում վախեցավ, ապա՝ ուրախացավ։ Արագ շրջվեց ու տեսավ գեղեցիկ աղջնակին։ Դեմքի մտահոգությունը միանգամից փոխվեց ժպիտի։ Մանեի դեմքը կարմրեց, կարծես Ձյունանուշ լիներ։ Նրանց հայացքները մի քանի վայրկյան բախվեցին իրար, հետո տղան մոտեցավ Մանեին ու ասաց․

—  Նորից շնորհավոր Նոր տարի։ Ուրախ եմ, որ չմերժեցիր առաջարկս ու եկար իմ փոքրիկ խրճիթը։ Խնդրեմ, համեցի՛ր, նստի՛ր։

Այնքան սահուն ու հաճելի ձայն ուներ անծանոթը, որ ամեն ինչ կարծես հեքիաթ լիներ։  Մանեն թեթև ժպտաց, անծանոթի Ամանորն էլ շնորհավորեց և նրան մեկնեց ձեռքին եղած ուղղագրական բառարանը։ Տղան քմծիծաղ տվեց, վերցրեց գիրքը, շնորհակալություն հայտնեց ու Մանեին հրավիրեց սեղանի մոտ։                                                                                                 

IV գլուխ 

— Մանե՜, շատ գեղեցիկ անուն ունես, Մանե՛։ 

Մանեն շատ զարմացավ, թե որտեղի՞ց գիտի անծանոթը իր անունը։ 

— Ըըը՜, դուք որտեղի՞ց գիտեք իմ անունը, — ամաչելով հարցրեց Մանեն։  

— Ես քո մասին շատ բան գիտեմ,- հպարտությամբ պատասխանեց տղան։   

— Լավ, իսկ ի՞նչ է Ձեր անունը։ 

— Ես Վահեն եմ, Վահե Ղազարյանը։ Ուրախ կլինեմ, եթե ինձ հետ խոսես

«Դու»-ով։        

«Շա՜տ հպարտն է երևում»,- մտածեց Մանեն ու կրկին կարմրելով հարցրեց․  

— Ուրախ եմ, իսկ ինչու՞ ես ինձ այս խրճիթ կանչել։  

— Ես քեզ հավանել էի դեռ այն ժամանակ, երբ առաջին անգամ տեսա քեզ։   

«Այ քեզ բա՜ն, այս ինչ ռոմանտիկ պատմություն է։ Ախր ես նրան առաջին անգամ եմ տեսնում», — կրկին զարմացավ Մանեն։   

— Որոշեցի քեզ կանչել ընթրիքի, ուզում էի, որ Ամանորը մեզ համար ճակատագրական լինի և, ինչպես տեսնում եմ, Աստված մեր կողմից է։ Ես շատ էի մտածում, որ չես գա, բայց դու, ահա՛, այստեղ ես։ 

«Ընդհանրապես լեզվին կապանք չկա, շատ անկեղծն է, բայց դա լավ է։ Գուցե նա ճիշտ է, սա Ամանորյա հրաշք է։ Չէ՛, ես չեմ հավատում հրաշքներին»,- շարունակեց ինքն իրեն խոսել Մանեն։

— Ինչու՞ չես խոսում, Մանե՛։ Մի՛ ամաչիր, ինձ հետ կարող ես հանգիստ լինել, քանի որ ես էլ քեզ հետ եմ շատ անկեղծ։ Սա մեր առաջին հանդիպումն է, մենք նոր ենք սկսում ճանաչել իրար, և ինձ համար շատ կարևոր է անկեղծ լինելը։                                                                                

— Է՜, ինչե՞ր ես խոսում, ի՞նչ ամուր հարաբերություններ, ի՞նչ ճակատագիր, ի՞նչ հրաշք, ես չեմ հավատում այդ ամենին,- ցածրաձայն մտմտում էր Մանեն։                                                                              

— Ես քեզ ժամանակ կտամ, կարող ես իմ ասածների մասին ևս մեկ անգամ խորը մտածել։ Ես գիտեմ, որ դու շատ խելացի ու լավ աղջիկ ես։ Կարծում ես ուղղագրական բառարանի իմաստը չհասկացա՞։ Ես նամակում մի քանի սխալ էի արել, ուզում էի իմանալ այդ դեպքու՞մ էլ կգայիր այս հանդիպմանը։ Ահա՛, դու եկար ու բերեցիր ինձ այս նվերը։  

— Ա՛խ, դու՛, խորամանկ, ես էլ կարծում էի՝ մեր դպրոցից կլինես։ Երբ մտա խրճիթ ու տեսա քեզ, ես էլ զարմացա։ Փաստորեն հենց սկզբից էլ դա մտածված էր։    

Երկուսն էլ սկսեցին ծիծաղել։ Այնքան հաճելի էր, նայում էին իրար ու անկեղծ ժպտում։ Նրանք զրուցում էին ու զարմանալիորեն շատ շուտ ընկերացան։ Թեև Վահեն հստակ ասել էր, որ հավանում է նրան, բայց Մանեն դեռ ոչինչ չէր զգում, մենակ՝ մի փոքրիկ երջանկություն։ Նրա կյանքում առաջին անգամ հայտնվել էր մեկը, որն այդպիսի խենթություն էր արել իր համար։ Գիշերվա ժամը մեկն էր և պետք էր արդեն տուն գնալ։ Նա հորաքրոջը խոստացել էր շուտ տուն վերադառնալ։ 

— Կներես, ես պետք է գնամ։ Ապրե՛ս հրավերի համար, — ասաց Մանեն ու ոտքի կանգնեց։

—Կարիք չկա՛, դու՛ շատ ապրես, որ եկար։ Հուսամ, էլի՛ կհանդիպենք,- ժպտուն հայացքով ասաց Վահեն և չերևացող մի անկյունից հանեց մի գեղեցիկ ծաղկեփունջ ու պարզեց Մանեին։

Իմանալով, որ Մանեն չի վերցնի, նախօրոք ասաց․

—Փոքրիկ աղջնակին՝ փոքրիկ նվեր։ Ընդունի՛ր այն, քանի որ գիտեմ՝ հորաքրոջդ հաստատ չես ասել, որ գալիս ես ինձ հետ հանդիպման։ Պատճառաբանել ես՝ իբր դասարանով եք հավաքվում։ Կասես նրանցից մեկն է նվիրել։         

—Դու ճիշտ կռահեցիր, — այլևս  չզարմանալով Վահեի «գուշակություններից»՝  Մանեն քմծիծաղով շնորհակալություն հայտնեց, վերցրեց ծաղիկներն ու հապճեպ դուրս եկավ խրճիթից։

V գլուխ                                                                                          

Հունվարի 1։ Ամեն ինչ եղավ պայմանավորվածի պես․ Մանեն ծաղկեփունջը ներկայացրեց որպես դասընկերոջ կողմից նվեր, ու ամեն բան մնաց ծածուկ։ Արդեն Ամանորի առավոտն էր, կրկին դրսում սառնամանիք էր, բայց Մանեն այլևս նույնը չէր, կարծես շատ բան էր փոխվել իր կյանքում։ Նոր օրը սկսվեց ժպիտով․ աչքերը բացեց, տեսավ փոքրիկ դարակի վրա դրված ծաղկեփունջը, ժպտաց։ Որոշեց ստուգել՝ բացիկ կա՞, թե՞ ոչ։ Չէր սխալվում։ Բացիկում գրված էր. «Բարի լույս, փոքրի՛կ աղջնակ։ Գիտեմ, երկտողս ստանալու ես առավոտյան։ Մեր հաջորդ հանդիպումը կլինի այսօր կեսօրին՝ ժամը 2-ին։ Քեզ կսպասեմ փոքրիկ այգում…»։

«Այս տղան խենթ է։ Ի՞նչ իմացավ, հենց առավոտյան եմ կարդալու, իսկ եթե չգնա՞մ։ Ախր չգիտեմ, ի՞նչ անեմ»,- երկմտում էր Մանեն։ Ամեն դեպքում պետք էր գնալ ու ետ չնայել։ Արդեն մոտենում էր ցերեկվա ժամը երկուսը։ Արևը սովորականից ավելի ուժեղ էր փայլում, և հենց դրա պատճառով էլ Մանեն որոշեց հագնել իր ամենագեղեցիկ զգեստը։

 VI գլուխ 

Վահեն Մանեին անհամբեր սպասում էր այգում։ Վերջապես հեռվում երևաց Մանեի սլացիկ հասակը։ Նա շքեղ տեսք ուներ, փայլում էր արևի պես։ Վահեն, աչքերն առանց թարթելու, նայում էր նրան ու հիանում։ …Ամեն ինչ հիասքանչ էր։ Սիրահարները շատ գեղեցիկ օր ապրեցին։ Նրանց երկրորդ հանդիպումը վերջինը չեղավ։ Առջևում դեռ նոր ու լուսավոր հանդիպումներ էին սպասվում։                                                    

VII գլուխ    

…Օրերն անցնում էին աննկատ։ Եկավ Վահեի բանակ գնալու ժամանակը։ Բաժանումը դժվար էր, բայց պետք էր գնալ, պաշտպանել հայրենիքը, դառնալ արժանի զինվոր, ապահովել ընտանիքի ու սիրած աղջկա խաղաղությունն ու հանգիստ քունը։

Հունիսին Վահեն դարձավ 18 տարեկան և որոշեց վերջին հանդիպումն ունենալ Մանեի հետ։ Բայց միթե՞ դա վերջինն էր լինելու… Նրանք հանդիպեցին այն նույն փոքրիկ խրճիթում, որտեղ տեղի էր ունեցել առաջին ճակատագրական հանդիպումը։ Հունիսի 16․ պայծառ ու արևոտ օր։ Նրանք հանդիպեցին, գուցե և վերջին անգամ, ո՜վ գիտի։ Մանեն միանգամից վազեց ու գրկեց Վահեին։ Նրանք սիրում էին իրար, նրանց մեջ անսահման մեծ կապ կար, որը ոչինչ և ոչ ոք չէր կարող քանդել… Մանեն ուժեղ բռնեց Վահեի ձեռքը, ափի մեջ մի փոքրիկ խաչ դրեց ու արցունքախառը մրմնջաց․   

—Վահե՛, խոստացի՛ր, որ ետ կվերադառնաս, խոստացի՛ր, որ մենք նորից իրար հետ կլինենք, խոստացի՛ր, որ ամեն բան լավ է լինելու, և մենք հաղթելու ենք։ Վահե՜, սիրում եմ քեզ անսահման։ 

Վահեն համբուրեց Մանեի ճակատը, խոստացավ, որ անպայման կվերադառնա… 

VIII գլուխ 

…Անցել էր մեկ տարի, թվում էր ամեն բան լավ էր։ Թեև կարճ տևողությամբ, բայց ամեն օր զրուցում էին հեռախոսով, լսում միմյանց շնչառությունը։ 

…Սեպտեմբեր, նորից աշուն։ Տարի ու կես էր անցել, ինչ Վահեն ծառայում էր։ …Մանեն բարձրացնում է հեռուստացույցի ձայնը։ Հնչում է չարաբաստիկ լուրը. «Հայաստանի արևելյան սահմանների նկատմամբ լայնամաշտաբ ռազմական գործողություն են սկսել Ադրբեջանի զինված ուժերը։ Ժամը 00։05-ի դրությամբ ունենք զոհեր։ Ցավակցում ենք մահացած տղաների ծնողներին, հարազատներին․․․»։ Զոհվածների ցանկում էր նաև Վահե Ղազարյան անուն ազգանունը… Մանեն տեղում մնաց քարացած․ նա իր սիրած տղային էլ կորցրեց ու նորից մնաց մեն-մենակ…  

Տանը ոչ ոք չկար։ Երկու ժամ դանակը ձեռքն առած, անզգայացած ուղղակի ուզում էր մեռնել…                                                                                 

Քիչ հետո կրկին լսվեց հաղորդավարուհու ձայնը․ «Կներեք սխալ լրատվության համար․ Վահե Ղազարյանը հիվանդանոցում է, նրա վիճակը կայուն ծանր է, հարազատներին խնդրում ենք խուճապի չմատնվել»։

Մանեն մի պահ անշարժացավ, սրբեց սառը քրտինքը, ապա հավաքեց ուժերը, իսկույն հագնվեց ու գնաց հիվանդանոց։ Վահեն բեկորային վնասվածք ուներ։ Մանեի տված խաչը, որը լի էր նրա սիրով, պաշտպանել էր տղայի սիրտը…                                                      

Պատերազմը վերջացավ թշնամու պարտությամբ և ամեն ինչ կարգավորվեց, իսկ կես տարի անց Վահեն արդեն լիարժեք առողջ էր։ Նա երրորդ անգամ Մանեին հրավիրեց իրենց սիրո փոքրիկ խրճիթը, այս անգամ ամուսնության առաջարկություն անելու։

Նրանց սերը այս անգամ հաղթեց պատերազմին։

(Շարունակությունը կարդացե՛ք հաջորդ համարում)

Սոնա  Կարախանյան                       

 ՎՀ Ախալքալաքի մունիցիպալիտետի Դիլիսկայի թիվ մեկ հանրային դպրոցի 12֊րդ դասարանի աշակերտուհի                            

Response

  1. Սոնա Կարախանյան Avatar
    Սոնա Կարախանյան

    Փոքրիկ խրճիթի ջերմությունը տեղափոխվեց «Սփյուռքի դպրոց»-ի գեղեցիկ հարթակ։ Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում կազմակերպիչներին ստեղծագործությանս հանդեպ ցուցաբերած ուշադրության և այն ընթերցողին հասցնելու համար։ ♥️♥️♥️

Leave a Reply