«60 տարի է` դպրոցն իմ տունն է»

Պատահական չէ, որ ուսուցչին անվանում են «երկրորդ մայր»։ Գոհարիկ Ղևոնդի Դարբինյանը (Էլբակյան) ծնող է դարձել հարյուրավոր աշակերտների համար, հայ մանուկներին ընծայել և ընծայում է իր հոգատարությունից, գիտելիքներից, սիրուց։
Նա ուսուցիչ է ճակատագրով։ «Երբ սովորում էի դպրոցում, — պատմում է նա, — գալիս էի տուն, հավաքում բոլոր մեծ ու փոքր երեխաներին իմ շուրջը ու դաս էի բացատրում, թելադրություններ էի տալիս, ուղղումներ անում, նմանակում իմ ուսուցիչներին, հենց այդ ժամանակ ես հաստատ որոշեցի դառնալ ուսուցիչ»։
2026 թվականի մայիսի 17-ին տիկին Գոհարիկը կնշի իր 80, ինչպես նաև աշխատանքային գործունեության 60-ամյակը։ «Չեմ պատկերացնում իմ կյանքն առանց դպրոցի. արդեն 60 տարի է՝ իմ տունը դպրոցն է»,- հպարտությամբ նշում է հարգարժան ուսուցչուհին։
Շիրազի և Իսահակյանի ծննդավայր Շիրակ աշխարհից սերած տիկին Գոհարիկը ծնվել է Ախուրյանի շրջանի Մարմաշեն գյուղում 1946 թվականի մայիսի 17-ին, ավարտել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի մեթոդիկայի և տարրական կրթության ֆակուլտետը և սկսել իր ուսուցչական գործունեությունը Ախուրյանի թիվ 1 դպրոցում։ Նրա տարիների վաստակն ու փորձը պարգևատրվել են բազմաթիվ դիպլոմներով ու պատվոգրերով։
Հայաստանի Լուսավորության նախարարության կոլեգիայի և ռեսպուբլիկական պրեզիդիումի կոմիտեի կողմից 1988 թվին պարգևատրվել է պատվոգրերով՝ մատաղ սերնդի ուսուցման մեջ հաջողությունների և կոմունիստական դաստիարակության համար։ Ինչպես նաև բազմաթիվ պատվոգրեր ու շնորհակալագրեր է ստացել Կրասնոդարի երկրամասի «Ռուսաստանի հայերի միության» երկրամասային բաժանմունքի, Կրասնոդարի երկրամասի ՌԴ ազգերի ասամբլեայի կողմից՝ անձնական մեծ ներդրման, հայ ժողովրդի մշակույթի և լեզվի պահպանման ու զարգացման, բարոյահոգեբանական և ավանդական արժեքների ձևավորման ու ներդրման համար ։
Նրա աշակերտները ևս մրցույթների և օլիմպիադաների դափնեկիրներ են։ Երբ տիկին Դարբինյանը հասել էր կենսաթոշակային տարիքի և ստիպված էր հրաժեշտ տալ իր սիրած աշխատանքին, ծնողների, աշակերտների հորդոր-պահանջով շարունակել է իր մանկավարժական կենսագրությունը։
2015 թվականի սեպտեմբերի 26-ին Սուրեն Վարդանյանի հրավերով տեղափոխվել է ՌԴ Կրասնոդարի երկրամասի Գելենջիկ քաղաք և Հայկական համայնքի շենքում հիմնել առաջին հայկական կիրակնօրյա դպրոցը։
Գիտակցելով հայերենի դերը սփյուռքահայ երեխայի կյանքում՝ Գոհարիկ Դարբինյանը շարունակում է առայսօր հարստացնել իր փորձը՝ սերմանելով հայերենասիրություն։ Նրա անխոնջ աշխատանքի արդյունքը բազմաթիվ աշակերտների հաղթանակներն են տարբեր միջոցառումներում։
Նրա աշակերտներից Անգելինա Սիմոնյանը (Անապա, Գրան պրի) և Իրինա Մադոյանը (Կրասնոդար, Գրան պրի) 2025 թվականին աչքի են ընկել հայերենին նվիրված մրցույթներում։
Պատասխանելով «Ինչպե՞ս է պատկերացնում հայկական դպրոցի ապագան վաղը և ինչպե՞ս պահպանել Սփյուռքի դպրոցը» հարցին տիկին Էլբակյանն ասաց․
— Շուտով հայկական համայնքի ղեկավար Գարիկ Զոբյանի անմիջական ջանքերով կբացվի Հայկական համայնքի կառուցվող նոր շենքը, որտեղ արդեն նոր պայմաններով կգործի կիրակնօրյա դպրոցը, հավանաբար՝ ավելի շատ աշակերտներով։ Շատ ծրագրեր կան, բայց առաջին հերթին կարևորում եմ համայնքի ու ծնողի հետ աշխատանքը։ Ծնողը պիտի գիտակցի հայերենի կարևորությունն ընտանիքում ու երեխայի կյանքում։ Հաճախ միջոցառումներ, զրույցներ ու բանավեճեր ենք կազմակերպում, չեմ ընդունում «օտար միջավայրում հայերենն ինչին է պետք» արտահայտությունը, ես զրույցներ եմ ունենում թե՛ ծնողների , թե՛ աշակերտների հետ մեր պատմության, մշակույթի մասին և հիմնավորում, որ մենք այդ հարստության ժառանգորդն ենք և փոխանցողը։ Հպարտություն է տեսնել՝ ինչպես է երեխան իր մայրենիով խոսում, արտասանում, երգում։
Այժմ դպրոցում շաբաթ և կիրակի օրերին սովորում են 20 երեխաներ՝ 3 խմբով։
Տիկին Դարբինյանն ունի երկու դուստր և մեկ որդի։ Ավագ դուստրը՝ Անահիտը, մայրիկի հետևորդն է, նա ևս մանկավարժ է և Մոսկվայի շրջանի Ժուկովսկ քաղաքի №6 միջնակարգ դպրոցի վաստակավոր ուսուցիչ է։
Տիկին Գոհարիկը նաև ստեղծագործում է և շատ է ուզում լույս ընծայել իր գիրքը՝ որպես ապրած տարիների, փորձի, մեթոդիկայի և ստեղծագործությունների յուրահատուկ մատյան։ Նրա բանաստեղծությունները հաճախ ընթերցվում են տարբեր միջոցառումների ժամանակ։ Ահա մի հատված «Ուսուցիչ» բանաստեղծությունից․
Դուք՝ ուսուցիչ ու մենք՝ սաներ,
Ու չենք կարող հավասարման գծեր դնել,
Դուք՝ Արարատ սարի նման վեհ ու վսեմ,
Որ տքնել եք ու ցանկացել
Լուսավորել։
Բայց ինչ-որ տեղ, ինչ-որ բանում,
Եկեք դնենք հավասարում․
Դուք՝ ուսուցիչ, իսկ մենք՝ սաներ,
Ու բոլորս էլ Մեծ Մաշտոցի աշակերտներ։
Հավելեմ նաև, որ մեծն Մաշտոցի արժանի աշակերտ Գոհարիկ Էլբակյանը փարոսի պես պայծառ ուղեկից է Սփյուռքում ապրող հայի համար։
Բելա Սահակյան

Leave a Reply