Կաղինը

Ուշ գիշեր էր։ Զանգի ձայն լսվեց։ Հարութը կիսաքուն-կիսաարթուն վեր թռավ տեղից, կարծես վատ երազից, խոժոռած հայացքով նայեց հեռախոսին։
– Տղաս է զանգում, – ինքն իրեն թեթևակի խնդալով` վերցրեց հեռախոսը։
– Հա՜, տղաս, էս ինչու՞ չէիր զանգում, ախպե՛ր։ Բարև՜, մեռնեմ կյանքիդ, – վերջապես, կարծես արթնացած, բարձրաձայն ասաց նա։
– Իի՞նչ, ո՞ւր, ե՞րբ, – խառնված, կիսախելագարի նման գոռալով, տան մեջ մեծ–մեծ քայլերով այս ու այն կողմ նայելով՝ բղավում էր։
Ննջարանից դուրս թռավ կինը՝ Արմինեն։
– Ի՞նչ է եղել, Հարո՛ւթ, Արմե՞նս է, տուր ես էլ խոսեմ։ Վա՜յ, Աստվա՜ծ ջան, ասա՜, ի՞նչ էր եղել, ինչո՞ւ չէր զանգում։
Հարութը քարացած նայեց կնոջն ու աչքերը լցվեցին։ Տեսնելով Հարութի արցունքոտ աչքերը՝ Արմինեի ոտքերը թուլացան, խեղճ կինը 2 շաբաթ էր ո՛չ քնել էր, ո՛չ էլ ինչ-որ բան կերել։ Ընկավ բազմոցին.
– Հարու՜թ, ասա՛, ի՞նչ է եղել։
Ինքն էլ լացելով, խեղճացած նայեց մարդուն։
– Պատերա՜զմ, Արմինե՜, նորից պատերազմ է սկսվել։
– Վա՜յ, վա՜յ քոռացա ես, – ծնկներին խփելով, գոռում էր Արմինեն։
– Ա՜յ մա՜րդ, մի բան արա՜, ինչ ուզում ես արա, դու գնա, մենակ թե երեխաս տուն գա։
Դուռը խփեցին, հարևան Նուռիկն էր, հարևանների ողբի ձայնից անհանգստացած, մոռացել էր, թե ժամը քանիսն է, եկել էր։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում, երևի օրը մի քսան անգամ էս տունն էր մտնում, հետները նստում, ինչ-որ պատահական թեմա բացում, որ սիրելի հարևանուհուն մի քիչ շեղեր մտքերից։ Արմենը՝ Հարութի ու Արմինեի որդին, ծառայում էր, Արցախ էին տարել, նույնիսկ հաստատ տեղը չգիտեին։ Միայն գիտեին, որ վարորդ է։
– Ի՞նչ է եղել Արմինե ջան, Հարո՞ւթ, – նկատելով հարևանների թաց աչքերը՝ անհանգստացած մոտեցավ Արմինեին։
– Պատերազմ է սկսվել, Նուռի՛կ, – պոռթկաց Հարութը։
Նուռիկը արդեն գիտեր, բայց չասաց, որ հարևաններին ևս մի ցավ չպատճառեր։
– Լավ կլինի, Աստված մեծ է, Արմինե՜ ջան, – սիրտ էր տալիս, սփոփում էր, բայց ինքն էլ չէր հավատում իր ասածներին։
Մի կերպ լուսացրին։
Առավոտյան, լույսը դեռ չբացված, սկսվեց զանգերի շարանը։ Բոլոր բարեկամները հերթով զանգում էին։ Հարութի երկու քրոջ որդիներն էլ էին բանակում՝ արդեն պատերազմում։
Զանգում էին բոլորը՝ բարեկամները, ծանոթները, անծանոթները, որդու դասընկերները։
Եվս մեկ զանգ։ Արմինեն էլ չէր վերցնում հեռախոսը, Հարութն էլ արդեն ջղային տոնով էր խոսում, որ էլ չզանգեն։ Բայց նայելով հեռախոսի էկրանին, հայացքը մեղմելով պատասխանեց.
– Հա՜, Գայանե՜ ջան, ճանաչեցի, աղջի՛կս։ Արմե՞նս, հա, զանգել է, աղջի՜կս, շատ ուշ էր, կարող է դրա համար էլ քեզ չի անհանգստացրել։
– Իմացել ենք, աղջի՜կս, – նորից խոժոռեց հայացքը, – ի՞նչ կարող ենք անել, բա տղամարդ տղա է, պե՞տք է, ուրեմն պիտի կռվի էլ, – երկու մատներով սեղմեց աչքերն ու անջատեց հեռախոսը, կարծես խուսափելով, որ Գայանեն՝ Արմենի ընկերուհին, չնկատեր, որ ինքն ավելի մեծ տագնապի մեջ է։
Անցավ ևս մի քանի օր, հետո շաբաթներ։ Արմենը հազարից մեկ էր կարողանում զանգել, այն էլ՝ գիշերները։ Ասում էր՝ լավ է, մի անհանգստացեք, ինքը չի կռվում, միայն հաց ու զենք է տանում, վիրավորներին է տեղափոխում և այլն։
– Շան տղեն էնպես է ներկայացնում, ոնց որ թե հանգստի է գնացել, – մի օր զայրացավ Հարութը։
Հարութը զանգեց մեծ քրոջը՝ Աննային, որի տղան էլ էր ծառայում։ Իմացավ, որ վիրավորված բերել էին Ստեփանակերտի հոսպիտալ։ Կնոջը չասաց այդ մասին, առանց այդ էլ ուշքի չէր գալիս։ Ասաց, որ գնում է դուրս՝ մի քիչ քայլելու։
Հարութի սրտից կարծես արյուն էր կաթում։ Դա ի՞նչ մղձավանջ էր․
– Կարո՞ղ է՝ վատ երազ է, – ինքն իրեն համոզում էր Հարութը։
Նորից զանգեց քրոջը, քույրը լաց ու կոծեց․
– Հարո՜ւթ, ի՞նչ անեմ, ասա՜։
– Ոչ մի բան, Աննա ջան, փառք տվեք Աստծուն, որ գոնե կենդանի է։
Տուն վերադարձավ։ Մեղքը շատ եկավ Արմինեն, չուզեց մենակ թողնել։ Խեղճ կինը օրվա կեսը սրբերի նկարների դեմ չոքած՝ աղոթում էր։
Հանկարծ նորից եկավ Նուռիկը։
– Հարու՜թ, – խոսելու բան կա։ Արմինեն շունչը պահած, վախեցած նայեց հարևանուհուն։
– Արմինե ջան, մի՛ վախենա, – իրեն մի քիչ մեղավոր զգաց Նուռիկը, – ախր էդ պահին նույնիսկ չգիտեր՝ ինչը ո՞նց ասեր։
– Մի վախենա, – շարունակեց նա, – ուրիշ բանի մասին եմ ասում։ Ասում են՝ Արմենի Գայանեին են ուզում ամուսնացնել։
– Ի՞նչ, – միաձայն գոռալով՝ վեր թռան տեղներից Հարութն ու Արմինեն։
Ասում են՝ տեղափոխվում են արտասահման ապրելու, աղջկան էլ ուզող է եկել, որոշել են մարդու տան ու գնան։
– Վա՜յ, Արմե՛ն ջան, երեխուս սիրտը կոտրին, – նորից սկսեց լացել Արմինեն։
Անցավ ևս մի քանի ծանր ամիս։ Զանգ չկար Արմենից։ Արմենը զգուշացրել էր, որ հարմար չի զանգելը, երբ որ հարմար լինի, կզանգի։
Մարդ ու կին կարծես մեխված լինեին հեռուստացույցի առաջ։ Սարսափած ցուցակներն էին ստուգում, մոմ վառում, որ հանկարծ չհանդիպեն տղայի անուն-ազգանվանը։
Դաժան, շատ դաժան օրեր էին։ Հարութը հերթական անգամ դուրս էր գալիս տնից, եկեղեցու ճանապարհին ծանոթ մարդկանց էր հանդիպում, մեկը մյուսից հարց ու փորձ էին անում ու շարունակում ճանապարհը։ Կարծես ողջ ժողովուրդը հիպնոսի տակ լիներ, ոչ մեկի դեմքին ժպիտ չկար։
Հարութը մոտենում էր եկեղեցու ցանկապատին, երբ մեկը հետևից ձայն տվեց․
– Հարութ, այ տղա՜, էս կողքովս անցնում ես, չե՞ս էլ բարևում։
Հարութը անտարբեր նայեց ձայն տվողին․
– Կներես, ախպե՛րս, էլ ուղեղ չի մնացել։
– Արի կաղին տամ, գրպանդ լից, չրթելով գնա, տեսնում եմ՝ տրամադրություն չունես, Հարո՜ւթ ջան։
Հարութը ձեռքը մեկնեց, մի բուռ կաղին վերցրեց, լցրեց գրպանն ու գնաց։ Հասավ եկեղեցու մոտ, նոր հիշեց, որ շնորհակալություն էլ չհայտնեց։
Ծնկաչոք նստել էր գեղեցիկ խաչքարի առաջ, նայում էր, բայց չգիտեր՝ մտածու՞մ էր, թե՞ ոչ։ Ուղեղը միայն մեկ բանով էր զբաղված՝ Արմենի զանգը, ուրիշ ոչինչ։
Հանկարծ խաչքարի վրա անցքեր երևացին։ Հարութը զարմացած ուշադիր նայեց, քանի ամիս է, գալիս նույն տեղը նստում աղոթում էր, բայց այդ անցքերը նոր նկատեց։
Ինքն իրեն կարծես հույս տվեց, – սա ուրեմն մի բան նշանակում է, ինչ որ նշան է, Աստվա՜ծ ջան, – ձեռքը կամաց մտցրեց գրպանը, հանեց կաղինն ու, կարծես նշանակետ բռնելով, կաղինը գցեց խաչքարի անցքի մեջ։
– Աստվա՜ծ ջան, եթե էս փոքր անցքով անցնի, ուրեմն Արմենս էլ կզանգի, չէ՜, չէ՜ , – կարծես ինքն իրեն ուղղեց, – տուն կգա։
Աչքերը վախից փակեց, որ կաղինը անցքով չանցնելու դեպքում, ինքն այդ չտեսներ։
Վախվխելով աչքերը բացեց, – վա՜յ, Աստվա՜ծ ջա՜ն, – կաղինն անցել էր անցքով։
Տեղից հպարտորեն վեր կացավ Հարութը, կարծես՝ Աստծուց ուղիղ խոսք լսած, համարյա վազելով գնաց տուն։ Մտավ տուն ու զանգ եկավ։ Մինչև գրպանից կհաներ հեռախոսը, արդեն համոզված էր, որ դա Արմենն է։ Այո՛, Արմենն էր։
– Պապ ջան, ինձ մի քանի օր է մնացել ծառայելու, մի՛ անհանգստացեք, ինչ լինելու էր, արդեն եղել, անցել է։ Գիտե՞ս, պա՜, մեր տղերքից մենակ ես եմ ողջ մնացել։ Երևի Սուրբ Հովհաննեսն իրոք ինձ պահեց։ Մի՛ վախեցեք, Աստված իրոք ինձ հետ է։
Մի քանի օրից Արմենին զորացրել էին։ Արմենը տուն եկավ։

Leave a Reply