Արի գնանք տուն

Արի՛ գնանք տուն։
Այստեղ օրերը ուրիշ գույն ունեն,
Մենք չենք ընկալում այդ գույնը օտար։
Այստեղ արեգակն ուրի՜շ փայլ ունի,
Եվ երկինքն է ցածրակա, անլուրթ։
Այնտեղ՝ Մասիսի քարե փեշերին
Օրը դարի պես ձգվում է երկար,
Եվ մուգ երկնքի բարձրակա հևքում
Մեր խոհերն էլ են ամպի պես ճերմակ։
Արի՛ գնանք տուն։ Այնտեղ բուրմու՜նք կա,
Թրթիռ կա օդում,
Մեղեդիներ կան՝ հնչող անսկիզբ,
Եվ դարակուտակ մորմոքումներից
Ընդվզումներ են արթնանում անվերջ։
Այնտեղ պայքար կա…
Մի կտոր հացի և մի ափ հողի,
Մի բուռ ճշմարտի, մի շող ժպիտի,
Եվ անպարագիծ բարության համար․
Անցավ օրերի, անդավ գոյության
Եվ հոգեպարար հանգստի համար.
Մի հուռթի արտի, բերրի մի ծառի,
Եվ անշրջանակ բարիքի համար,
Մի լիքը կրծքի, մանկան ծիծաղի,
Մի ջերմ, անկաշկանդ օջախի համար.
Մոր գուրգուրանքի,
Հայրական խոհուն, սաստող հայացքի
Տիեզերական պայքար կա այնտեղ։
Եվ արքայակա՜ն երազանքների
Արեգակնափայլ տենչանք կա այնտեղ։
Արի՛ գնանք տուն։
Ի՜նչ ենք որոնում անդեմ ու անտեսք,
Անգույն ու անբույր
Եվ անհայկակա՜ն այս երկնքի տակ։
Ի՜նչ պիտի գտնենք
Հարթություններում անխորք ու անսահք,
Անառու, անժայռ և անհուշ, անհու՜շ…
Արի՛ գնանք տուն։
Մեր երանգաշատ օրերի շղթան
Հատվել է այնտեղ։
Արի՝ կցմցենք, սոսնձենք ամուր
Մեր կարոտներով,
Վառվենք կրակում
Մե՜ր օջախների։
Երազիկ Հարությունյան /Կարապետյան/
Responses
-
Կարդացի որոշ նյութեր ,գրված են շատ ճաշակով ու գրագետ։ Ինձ դուր եկան առանձնապես բանաստեղծությունները… յուրաքանչյուր տողում ապրումակցում է,կարոտ, հույզ ,անսահման մեծ սեր առ հայրենիք։Կշարունակեմ հետևել թերթին:
-
🥰🥰

Leave a Reply