☀️- Ա 🦉- Բ ✒️- Գ
ԶՐՈՒՅՑ ՄԱՇՏՈՑԻ ՄԱՍԻՆ


Նկարի հեղինակ’
Ղազարյան Ինեսսա Խաչիկի
17 տարեկան
ՌԴ Պերմ քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցի արվեստի ուսուցչուհի Արմենուհի Վոլոդյայի Աբրոյանի սան
Նկարի հեղինակ՝ նկարչուհի Մարինե Հակոբյան
Լինում է, չի լինում, մի մարդ է լինում, անունը՝ Վարդան։ Մի օր նա, մեծ խուրջինը ձեռքին, թակում է գյուղացիների տան դռները և բաժանում լավաշներ՝ ասելով.
— Ցնծացե՜ք, մարդի՜կ,
Աստված ինձ օրհնեց,
Որդի նվիրեց,
Մեսրոպն է ծնվել,
Մեծ Հայքի վրա լույս է ճառագել։
Գյուղացիները ուրախացան և օրհնեցին նրան.
— Աչքդ լու՜յս լինի, Վարդա՛ն եղբայր,
Հորով-մորով մեծանա,
Գրել-կարդալ իմանա,
Մեծ Հայքի ուշիմ ժառանգ
Ու քաջ պաշտպան թող դառնա։
Փոքրիկ տղան մեծանում էր և օգնում հայրիկին։ Դեռ շատ փոքր էր, վերցնում էր մի սրած տաշեղ կամ քար ու նկարում տան պատի վրա։
— Ի՞նչ ես նկարել, տղա՜ս, — մի օր զարմացած հարցրեց հայրը։
— Սրանք տառեր են, տեսել եմ մագաղաթի վրա ու նկարել։
— Հունարեն տառե՞ր ես գրել, կարո՞ղ ես կարդալ։
— Այո՜, գրել եմ «տուն, մայր, հայր» ։
— Գիտե՞ս՝ ինչպես է կոչվում մեր երկիրը։
— Այո՜, կոչվում է Հայք, իսկ մեր ազգը՝ հայ։
— Կարո՞ղ ես գրել։
— Ուզում եմ հայերեն գրել․ Հայք, հայ, Հայրենիք։
— Բայց դա անհնար է, մենք չունենք հայկական տառեր։
— Հա՜յր, դու շատ խելացի ես, չե՞ս կարող հորինել։ Դու վանքում բանավոր թարգմանում ես Աստվածաշունչը և բացատրում մարդկանց՝ ինչ է գրված այնտեղ, որովհետև քչերը գիտեն կարդալ-գրել օտար լեզվով, իսկ եթե մենք ունենանք հայերեն տառեր, բոլորը կսովորեն։
— Տառեր ստեղծելը հեշտ գործ չէ, որդի՜ս։
— Ո՞վ է ստեղծել հունական տառերը, խնդրենք՝ մեզ համար էլ գրի առնի։
— Փյունիկյան այբուբենի հիման վրա, շատ վաղուց է ստեղծվել հունական այբուբենը, հետո մեծն Էվկլիդեսը համակարգել է այն։
— Բայց այս այբուբենում չկան «ղ, ձ, ջ, ճ, թ, ք» հնչյունները, պետք է լինի այնպիսի այբուբեն, որ համապատասխանի մեր հնչյուններին։
— Համաձա՜յն եմ, դրա համար էլ շատ լեզուներ պիտի իմանաս, շատ պիտի կարդաս ու գրես, որ հասկանաս ինչ տառեր պետք է լինեն մեր այբուբենում։
— Ես մի լավ բան մտածեցի։ Կարող եմ նկարել արև, դա կլինի «Ա» տառը, բուն կլինի «Բ», իսկ գիրքը՝ «Գ», — ասում է փոքրիկ Մաշտոցը և խազում տան պատին։
— Փիղ պիտի՞ նկարես Փ տառը գրելու համար, — հայրը սկսեց ծիծաղել։
— Ես կնկարեմ տառերը, կսովորեցնեմ բոլոր երեխաներին, և մենք կգրենք հայերեն։
— Փորձի՜ր, համոզված եմ, կհաջողես։
Փոքրիկ Մեսրոպն անցավ գործի, նա գտավ մի մեծ քար և սկսեց խզբզել։
Երեխաները հավաքվեցին Մեսրոպի շուրջ և զարմացած հարցրեցին.
-Այս ի՞նչ ես նկարում։
-Հայերեն տառերն եմ ստեղծում, հետո կսովորեցնեմ բոլորիդ, և մենք կլինենք հայերեն գրող ու կարդացող առաջին երեխաները։
-Թաթո՜ս, ուզում ես քո անվանատառերը նկարեմ։ Մի րոպե սպասի՜ր։
🦋☀️🦋🦔🍄, — Լավ է, չէ՞։
Իսկ իմ անունը Փանոս է։
🐘☀️🐇🦔🍄, — Ահա քո անունը։
Բոլորը ծիծաղեցին ու շարունակեցին խաղալ։ Ամեն մեկն սկսեց իր անունն այդպես գրել, հետո կազմեցին նախադասություններ, նույնիսկ միասին ոտանավորներ հորինեցին։
Ա-ն Արև է,
Բ-ն — Բարև,
Գ-ն Գայլն է չար,
Իսկ Դ-ն Դուռ է բաց…
Տարիներ անցան, Մեսրոպը մեծացավ, սովորեց շատ լեզուներ, և մի օր արքան հրավիրեց նրան պալատ ու ասաց.
— Լսել եմ, որ դու շատ խելացի ես, կարդացած, գեղեցիկ ձեռագիր ունես և գիտես հարևան երկրների լեզուները։ Իմ թագավորությունում կլինես գրագիր, կգրես նամակներ, թղթեր, կարձանագրես կարևոր իրադարձությունները։
— Հրամանքդ ի կատար, արքա՜, — ասաց երիտասարդ Մեսրոպը և սկսեց ծառայել թագավորին։
Մի օր թագավորը հրավիրեց Մեսրոպին պալատ, որ հրամաններ գրի առնի։ Նա ասաց.
— Ես միայն մի փափագ ունեմ՝ գրել թղթերը մայրենի լեզվով ու պատմեց, որ երբ փոքր էր, ընկերների հետ հորինել էր մի զվարճալի հայերեն։
Թագավորն ուշադիր լսեց ու ծիծաղեց։
— Լա՜վ եք մտածել, հայերեն տառեր մեզ անհրաժեշտ են, գնա՜ եպիսկոպոս Դանիելի մոտ և ասա´, որ թագավորը հրամայեց տալ քեզ այն նիշերը, որոնք կան նրա մոտ։
Մեսրոպը հեծնում է իր ձին ու գնում է հեռու՜-հեռու՜, գտնում Դանիելին, խնդրում գրերը, ապա գնում օտար երկրներ՝ ուսումնասիրելու այլ լեզուներ։
«Խոսվածքում հայերը կիրառում են 36 հնչյուն, պետք է ամեն մի հնչյունի համար ստեղծել մեկական տառ», — մտածեց նա և բերանի ու լեզվի շարժումներով սկսեց պատկերել տառերը, առանձնացնել մեծատառը փոքրատառից, դասակարգել սկզբից հունական այբուբենի հերթականությամբ՝ «Ալֆա, Բետա, Գամմա, Դելտա..․» «Այբ, Բեն, Գիմ, Դա», բայց զգաց, որ ինչ-որ բան պակասում է։ Նա համալրեց տառերը և ստեղծեց մի աղոթք, որ հեշտ լինի հիշել հերթականությունը և հնչյունը։
Երբ նա եկավ, հավաքեց իր ընկերներին ու ասաց.
— Մի անգամ ես հայրիկիս ասացի, որ պիտի հայերեն գրեմ «Հայ, Հայք, Հայրենիք», նայե՜ք և հիացե՜ք, ահա մեր Հայոց գրերը։ Դուք պիտի սովորե՜ք և սովորեցնեք սերունդներին։ Սովորեցրե՜ք ուսուցիչներին, որպեսզի նրանք կրթեն աշակերտներին։
Մի անգամ, երբ մի եկեղեցու մոտ հավաքվել էին գյուղի բոլոր բնակիչները՝ սովորելու մայրենի տառերը, Մեսրոպն ասաց.
— Այս տառերը բաժանե՜ք չորս սյունակի, ամեն սյունակում գրե՜ք ինը տառ․ միավորներ, տասնավորներ, հարյուրավորներ և հազարյակներ, մնացյալ թվերը կկոչվեն բյուր և բյուր բյուրաց։ Հաշվե՜ք այսպես։ Եվ որպեսզի տառերը տարբերվեն թվերից, թվագրված տառը խազեք։ Օրինակ՝ Դ-ին գումարել Զ, պատասխանը կլինի Ժ։ Կամ ՃԻԴ թվից հանել ԼԱ, հավասար է ՂԳ։
— Դու սովորեցրել ես մեզ գրել, կարդալ, թարգմանել, նույնիսկ հաշվել, ուսուցի՜չ։
— Ճանաչի՜ր իմաստություն և խրատ, իմացի՜ր հանճարների խոսքը, — այս է իմ պատգամը, — ասաց մեծն ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցն ու հեռացավ։
Անցան տարիներ …
Մեսրոպն արդեն 78 տարեկան էր, բայց շարունակում էր գնալ գյուղեգյուղ, քաղաքեքաղաք և սովորեցնել գրել ու կարդալ երեխաներին ու մեծերին։ Մի օր տուն վերադառնալիս տեսավ՝ պատին երեխաները նկարում են խաչ, գիրք ու տուն, իսկ ներքևում գեղեցիկ գրված էր՝ ՀԱՅՐԵՆԻՔ։
— Բաղձանքս կատարվեց, ազգը գտավ իր փրկությունը,- ուրախացավ Մեսրոպ Մաշտոցը։
ուսուցիչ
Response
-
Շատ հետաքրքիր էր, շնորհակալություն:

Leave a Reply