ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Չալթրի №1 դպրոցը 90 տարեկան է

Վերջերս Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանի Չալթր գյուղի №1 դպրոցը նշեց իր 90-ամյա հոբելյանը։

1941թ. նոյեմբերի 29-ին տեղի էր ունեցել Դոնի Ռոստովի առաջին ազատագրումը ֆաշիստական Գերմանիայից, որը Հայրենական մեծ պատերազմի առաջին խոշոր հաղթանակն էր։

Հոբելյանական երեկոն կազմակերպվել էր «Հրազդան» կինոթատրոնի դահլիճում, որը լեփ-լեցուն էր պատվավոր հյուրերով, ուսուցիչներով, աշակերտներով ու շրջանավարտներով։ Ամենուրեք բարձր տրամադրություն էր. տարբեր տարիների շրջանավարտներ եկել էին ոչ միայն տոնելու, այլև սրտի խոսք ասելու հարազատ դպրոցին ու ողջագուրվելու իրենց ուսուցիչների հետ։ Դահլիճում տիրող ջերմ մթնոլորտը բարի կախարդական աշխարհ էր ստեղծել, որտեղ տարբեր սերունդներ հավաքվել էին մեկ մտքի շուրջ՝ «Հարազատ դպրոցը 90 տարեկան է»։

Չալթրի №1 միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1935 թվականին կրթության բաժնի պետ Խաչիկ Տիրացույանի և դպրոցի առաջին տնօրեն Ղունկիանոս Այդինյանի նախաձեռնությամբ։ Այնտեղ բոլոր առարկաները դասավանդվում էին հայերեն։ Սակայն մի քանի տարի անց սկսվեց Հայրենական մեծ պատերազմը։ 1940-1941 ուսումնական տարին դպրոցն ավարտեցին 50 շրջանավարտներ։ Պատերազմի առաջին օրը՝ 1941թ. հունիսի 22-ին, նրանց հանձնվեցին ավարտական վկայականներ։ Այդպես սկսվեցին Չալթրի պատմության և առաջին շրջանավարտների ամենադժվար ու ողբերգական օրերը։ Ուսուցիչների հետ միասին բարձր դասարանների աշակերտները մեկնեցին ճակատ՝ նվիրվելով հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։ Խիզախաբար կռվելով՝ պատերազմի դաշտում ընկան և անմահացան 7 ուսուցիչներ ու 63 աշակերտներ։ Փա՛ռք ու պատի՛վ նրանց հիշատակին։

Կենդանի օրինակ է մեր դպրոցի շրջանավարտ, համագյուղացի, Հայրենական մեծ պատերազմի վետերան, Մյասնիկյանի շրջանի պատվավոր քաղաքացի Գալուստ Քրիստափորի Մագոյանը։ 2025թ. մայիսի 9-ին նա նշեց իր մեկդարյա հոբելյանը։ Մեր դպրոցի աշակերտները ուսուցիչների հետ հաճախ են այցելում մեծ հերոսին և նրանից ստանում հայրենաշունչ խորհուրդներ։

Փոխվում են ժամանակները, և ժամանակների հետ փոխվում են նաև պահանջները։ 1950թ. Չալթրի №1 դպրոցում բոլոր առարկաների ուսուցումը արդեն իրականացվում էր ռուսաց լեզվով, իսկ հայոց լեզուն դարձել էր առանձին առարկա, այդպես է մինչև այսօր։

Չալթրի №1 դպրոցը հրաշալի կրթօջախ է, որն ունի վաստակաշատ ու փորձառու 75 ուսուցիչներից բաղկացած աշխատակազմ։ Նրանք գործում են բացառիկ բանաձևով՝ ներդաշնակորեն համադրելով աշակերտների, մասնագիտության և դպրոցի նկատմամբ սերը։

Դպրոցի տնօրինությունը պարբերաբար կազմակերպում է տարբեր միջոցառումներ, որոնք նպաստում են հայրենասեր սերունդ դաստիարակելուն։ Օրինակ․ «Ջուրը կյանք է» խորագիրը օգնում է մարտի դաշտում գտնվողներին՝ ուտելիք և դեղորայք հասցնելով նրանց։

Դպրոցում բացվել է գյուղատնտեսական թեքումով դասարան, որի դասղեկը հարգարժան Նատալյա Վիկտորովնա Սեկիզյանն է, որը կարողանում է գտնել յուրաքանչյուր աշակերտի սրտի ու հոգու բանալին և յուրահատուկ առաքելությամբ ամենադժվար գործը դարձնել հեշտ։

Չալթրի №1 դպրոցում այժմ սովորում է 864 աշակերտ։ Դպրոցի տնօրենն է Իլյա Յուրևիչ Խեցգետյանը՝ երիտասարդ, բայց հեռատես ու խոհեմ անձնավորություն։ Ուսմասվարներն են՝  Աննա Սիմոնովնա Աթոյանը՝ դպրոցի ջերմ արևը, խիստ ու պահանջկոտ մասնագետ,  Ելենա Անդրանիկովնա Կիլաֆյանը՝ բարությամբ լցված և իր գործի ուղն ու ծուծն իմացող մարդ, Վարդիթեր Վլադիմիրովնա Խռխռյանը՝ միշտ զբաղված ու գործունյա, անընդհատ միջոցառումների աշխուժության մեջ։

Օտար լեզուների ամբիոնի ղեկավարն է Վալենտինա Արմենակովնան, տարիների մեծ մանկավարժական փորձ ունեցող ուսուցիչ, տիպական կերպար, որն իր շուրջն է  համախմբել տասնյակ տարբեր տարիքի ուսուցիչներ և կարողանում է ստեղծել մի միջավայր, ուր հաճելի է գտնվել։ Այդ ծաղկաբույր ամբիոնում աշխատում են՝ Ոսկեհատ Լուսեղենի Դոլոբայանը՝ հայոց լեզվի մեթոդական միության նախագահ,  հիանալի գործընկեր և ոսկե մարդ, անգլերենի ուսուցիչներ՝ համեստ ու զուսպ Անահիտ Ալեքսանդրովնան, իմաստուն ու խոհեմ Մարինա Ալեքսանդրովնան, ժպտերես ու աշխույժ Մարինա Վաչագանովնան, զուսպ ու աշխատասեր Ռոզա Արշալույսովնան, ձգտող ու հասնող Լենա Հակոբովնան, սկսնակ ու բարի Գայանե Ձերոնովնան…

Օտար լեզուների ամբիոնը յուրահատուկ է, այստեղ բոլորը մեկը մյուսին լրացնում են, նրանցից միշտ կարելի է օրինակ վերցնել։ Բուրումնավետ մանկավարժական այս փունջը, որ նրբագեղ ճաշակով է հավաքված, անկասկած Վալենտինա Արմենակովնայի հրաշալի ձեռագիրն է։

Ցանկացած ուսուցչի համար մեծ պատիվ էր աշխատել նախկին տնօրեն Ալլա Գրիգորևնա Խասպեկյանի հետ, որից շատ բան կար սովորելու։ Նա մեր դպրոցի սիրտն էր. միշտ օգնում էր բոլորին, փափուկ ու նուրբ նկատողություններ անում, ինչը մեծ ուժ էր տալիս բացթողումները շտկելու համար։ Նա մեծ սիրով ներկա էր գտնվում հայոց լեզվի բոլոր միջոցառումներին, մասնակցում Կրասնոդարի երկրամասի հայոց լեզվի օլիմպիադաներին ու հայկական միջոցառումներին։ Նա իր ստեղծագործական մտածողությամբ, հմտությամբ ու գիտելիքների հարուստ պաշարով միշտ աջակցել է մեզ։

Մյասնիկյանի շրջանի բնակչության մեծամասնությունը Անիից գաղթած հայեր են։ Նրանց համար իրենց մայրենի լեզուն նույնքան կարևոր է, որքան արյունը՝ մարդու գոյության համար։ Անեցիները գաղթել են Ղրիմ՝ իրենց հետ տանելով խաչքարեր, ձեռագիր մատյաններ ու մշակութային եզակի նմուշներ։ Մոտ 450 տարի ապրելով Ղրիմում, զարգացնելով ու ծաղկեցնելով քաղաքներն ու գյուղերը, այգիներն ու դաշտերը՝  ռուս-թուրքական պատերազմներից հետո Եկատերինա II կայսրուհու հրամանով, գեներալ Սուվորովի ուղեկցությամբ 12598 հայ գաղթեցին Դոնի ափերը։ Ճանապարհին բազում դժվարություններ կրեցին,  ցրտի, քամու, շոգի, սովի ու ծարավի պատճառով հիվանդություններ ստացան, շատերը թաղեցին իրենց հարազատներին։ Նրանցից միայն մեկ երրորդը տեղ հասավ։ Ուժեղ կամքով այս ժողովուրդը՝ դիմացկուն և հարուստ իր հավատով, նորից սկսեց զրոյից և աշխատասիրության շնորհիվ հասավ իր նպատակներին։

800 տարի հեռու ապրելով պատմական հայրենիքից՝ մինչ օրս նրանք պահպանել են անեցիների եզակի բարբառը, մշակույթն ու ավանդույթները։

Կրթությունն աշխարհը փոխելու ամենահզոր զենքն է, նոր հնարավորությունների դռներ բացելու բանալին։ Լավագույն ուսուցիչները սովորեցնում են սրտով, ոչ թե միայն գրքերով։

90-ամյա հոբելյանը ևս մեկ անգամ ապացուցեց, թե որքան մեծ ու արժանի մարդիկ են դուրս եկել և դեռ դուրս կգան Մյասնիկյանի շրջանի Չալթրի №1 դպրոցից։

Չալթրի №1 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝

Հռիփսիմե Անդրանիկի Վարդևանյան

Leave a Reply