Ռոզա Խաստյան

ԺԱՄԱՆԱԳԸ
(համշենահայերեն)
Իմ ժամանագըս թէռի լըմօնծավ,-
Ասէղին ձագնըն ղօլայ մը օնծավ,
Ուր ժամանագին թարիֆ չէրի յէս՝
Գյանկըս օնծուծի բադըռտաձնուն նէս…
Ջանըմ, դէսնէյ նա՝ ինճ ընէյ բիդի,
Գարգըդօնն էլի խըշիյն է չունկի,
Ասէ տէ օ՞րի տուն «հէյ վախ» գընիս,-
Խըշիր է տէ չէ՝ հալավ մը ունիս:
Ամա… կիդնէյ նէ ՝ ձէրըն պռնէյ գու,
Մըտկիս տըրաձըս՝ յէս հունգուստէյ գու…
Ժամանագըս էր օնդէյդ ֆուխարա,-
Ուխտըն էլ առաճ ասէղըն օնծավ…
—
ԺԱՄԱՆԱԿԸ
(արևելահայերեն)
Իմ ժամանակը նմանվեց թելի,
Հեշտությամբ անցավ ասեղի միջից,
Իր ժամանակին չնկատեցի,
Հագինս հիմա՝ քրքրված ու հին:
Ասենք տեսնեի՝ կանեի ես ի՞նչ,-
Կարկատանվածը նույն այն հինը չի՞,
«Հէյ, վախ» ես անում ասա թե ինչի՞, —
Կա՛ հագիդ հագուստ, նոր է այն թե հին:
Բայց… իմանայի՝ հո կկառչեի,
Ծայրին՝ մտքինս կհանգուցեի…
Ժամանակըս էր աղքատ ու անհոգ,
Ուղտից էլ արագ անցավ ասեղով…
***
ՀԱՅՈՒ ՎԱԹԱՆ
(համշենահայերեն)
Բէյդըս քու հէդ գաբօղ թէռն է խօսաձ լիզուս իմ հօմշէնծու,
Կիրըս՝ սըյդէդ էլաձ տառն է, ինձի բէհօղ աճվընուս լուս,
Ըղաձ կօռձըս քէզմօվ գընիմ, քու ադէտնուդ տըրաձ քօկօվ,
Քիչ մ էլ, քիչ մ էլ զիս բէդ էրէ՝ գյանկըս առնում ու քօվըդ կօմ:
Ըմըն էկվօն յերգինկ աշէլս՝ քու արէվըդ յէս մօն կուկօմ,
«Ինձի հէյու արէվ ղըրգէ» — չիդիմ յէս էլ ուրիշ աղօտք,
Գարօդըն մէձ… ցավ ըլլիլ չի, ամա էլ մէծ ուժ էլ չի կա,
Էդ գարօդն է օր ումուդօվ զիս բէհէ գու օտկի վըրա:
Աչկիս լուսը՝ տուն իս, տուն իս, սըյդիս յէղը՝ տուն իս, տուն իս,
Աստաձ-ըղաձ ըմըն լաֆիս քօկն ու միտկը՝ էլի տուն իս,
Տուն խաս ըղի, ձըլէ-ձաղգէ, դուշմըննուն աճվին էլ հօնե,
Կիդըծիր հընօր ուժ գառնում յէս… ազադ, մակուր ջօնգ մը խօղէդ:
Բէյդըս քու հէդ գաբօղ թէռն է խօսաձ լիզուս իմ հօմշէնծու,
Կիրըս՝ սըյդէդ էլաձ տառն է, ինձի բէհօղ աճվընուս լուս,
Ըղաձ կօռձըս քէզմօվ գընիմ, քու ադէտնուդ տըրաձ քօկօվ,
Քիչ մ էլ, քիչ մ էլ զիս բէդ էրե՝ գյանկըս առնում ու քովըդ կօմ:
—
ՀԱՅ ՀԱՅՐԵՆԻՔ
(արևելահայերեն)
Պորտս քեզ հետ կապող թելն է խոսած լեզուն իմ համշենցու,
Գիրս՝ սրտից ելած տառդ, ինձ հար պահող աչքերիս լույս,
Արած գործս՝ քեզնով կանեմ, քո դրած սուրբ արմատներով,
Մի քիչ, մի քիչ էլ ինձ սպասիր — կյանքս առնեմ ու գամ քեզ մոտ:
Ամեն առտու երկինք նայում՝ արևն եմ միշտ փնտրում ես քո,
«Հայի արև ուղարկիր ինձ» — ես չգիտեմ ուրիշ աղոթք,
Կարոտից մեծ… ցավ չի լինում, բայց ավելի ուժ էլ չկա,
Այդ կարոտն է, որ մեծ հույսով պահում է ինձ ոտքի վրա:
Աչքիս լույսը՝ դու ես, դու ես, սրտիս յուղը՝ դու ես, դու ես,
Ասած-արած ամեն խոսքիս միտք-արմատը էլի դու ես,
Դու լավ եղիր, ծլիր-ծաղկիր, թշնամու աչքերն էլ հանիր,
Գիտեցիր, որ ուժ եմ առնում ես ազատ-մաքուր քո բուռ հողից:
Պորտս քեզ հետ կապող թելն է խոսած լեզուն իմ համշենցու,
Գիրս՝ սրտից ելած տառդ, ինձ հար պահող աչքերիս լույս,
Արած գործս՝ քեզնով կանեմ, քո դրած սուրբ արմատներով,
Մի քիչ, մի քիչ էլ ինձ սպասիր — կյանքս առնեմ ու գամ քեզ մոտ:

Leave a Reply