ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Քանոնի հնչյուններով՝ Արթիկից մինչև Պետերբուրգի արքայական բեմեր

Այնտեղ, որտեղ հնչում է հայկական քանոնը, ժամանակն ու տարածությունը ջնջվում են՝ ճանապարհ բացելով դեպի մեր մշակույթի ամենախոր արմատները։ Երաժշտական աշխարհում քիչ չեն գործիքահարները կամ նվագողները, որոնք տիրապետում են իրենց գործիքներին, սակայն քչերին է հաջողվում գործիքը դարձնել հայրենի մշակույթն օտար ափերում ներկայացնելու և մեծարելու իսկական առաքելություն։ Լինելով միջազգային մրցույթների դափնեկիր՝ քանոնահարուհի Անի Առակյանը տարիներ շարունակ ոչ միայն հիացնում է հանդիսատեսին իր կատարումներով, այլև աշխարհի խոշորագույն բեմերից ռուս և միջազգային հանրությանը ճանաչել ու լսել է տալիս հայ դասական ու ժողովրդական երաժշտությունը։

Անի Առակյանի երաժշտական պատմությունը սկիզբ է առնում 1995 թվականին Արթիկ քաղաքում։ 12 տարեկանից նրա կյանքի անբաժան մասն է դառնում երաժշտությունը։ Ընդունվելով Արթիկի Դանիել Ղազարյանի անվան երաժշտական դպրոցի ժողովրդական նվագարանների բաժին (քանոնի դասարան, դասատու՝ Կարինե Քալաջյան), Անին հենց առաջին տարվանից դրսևորում է բացառիկ առաջադիմություն և փայլուն տաղանդ, որի շնորհիվ միանգամից փոխադրվում է երրորդ դասարան։

Այս վաղ հաջողությունները հիմք հանդիսացան մասնագիտական կրթության հաջորդ աստիճանների համար.

  • 1998-2002 թթ. ուսումը շարունակում է Գյումրու Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում, դոցենտ-պրոֆեսոր Անահիտ Վալեսյանի դասարանում։
  • 2002-2007 թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում։

Ուսումնառությանը զուգահեռ՝ Անին սկսում է իր մանկավարժական գործունեությունը՝ քանոն և սանթուր դասավանդելով կոնսերվատորիայում, ինչպես նաև կոնսերվատորիային կից «Իմպռոռիթմ» վարժարանում, ինչպես նաև հարազատ Արթիկի երաժշտական դպրոցում՝ կրթելով հայ երաժիշտների նոր սերնդին։
Անի Առակյանի ստեղծագործական կյանքի կարևոր էջերից մեկը կապված է Գյումրու մշակութային կյանքի հետ։ 2008-2012 թվականներին նա իր ձայնով հարստացրել է Գյումրու Սուրբ Աստվածածին «Յոթ Վերք» եկեղեցու երգչախումբը, իսկ 2010-2012 թվականներին որպես երաժիշտ աշխատել է Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբում։
Նրա ժանրային ճկունությունն ու փորձարարական ոգին ի հայտ եկան հանրահայտ հայկական ֆոլկ-ռոք «Բամբիռ» խմբի հետ համագործակցությամբ։ Խմբի կազմում Անին համերգներով հանդես է եկել Հայաստանի տարբեր քաղաքներում և իր ուրույն լուման է ներդրել խմբի հայտնի “Armenian Scotch” ձայնասկավառակի ձայնագրության մեջ՝ ապացուցելով, որ ավանդական գործիքը կարող է թարմ ու արդիական հնչել ցանկացած ժամանակակից ձևաչափում։

2013 թվականին Անի Առակյանը տեղափոխվում է Ռուսաստանի Դաշնության մշակութային մայրաքաղաք՝ Սանկտ-Պետերբուրգ, ինչը նոր էջ է բացում նրա կյանքում։ Այստեղ նա ոչ միայն շարունակում է մանկավարժական գործը՝ 2018 թվականից դասավանդելով Սուրբ Կատարինե հայկական եկեղեցուն կից Լազարյանների անվան հայեցի դաստիարակության կենտրոնում, այլև ծավալում է բուռն համերգային գործունեություն։

Պետերբուրգի ամենաշքեղ ու պատմական դահլիճները հերթով բացում են իրենց դռները հայ երաժշտի առջև.

  • Պետական ակադեմիական Կապելլայի և Ֆիլհարմոնիայի դահլիճներ,
  • Ելենա Օբրազցովայի անվան համերգային դահլիճ,
  • Յուսուպովների պալատ և Շերեմետևյան պալատ,
  • Պետրիկիրխ ու Աննիկիրխ լյութերական եկեղեցիներ,
  • Էթնոգրաֆիկ թանգարանի Մարմարե դահլիճ, Tinkoff արենա («Даира Фест» փառատոն) և բազմաթիվ այլ հեղինակավոր հարթակներ։

Սանկտ-Պետերբուրգի հայկական ժողովրդական նվագախմբի կազմում Անին նաև մասնակցել է ռուսական հանրահայտ НТВ հեռուստաալիքի «Страна Талантов» («Տաղանդների երկիր») համառուսաստանյան հեռուստաշոուին՝ միլիոնավոր հեռուստադիտողների հասանելի դարձնելով հայկական մշակույթի շունչը։

2022 թվականից սկսած՝ Անի Առակյանի գործունեությունն  է՛լ ավելի է ընդլայնվում։ Նա սկսում է համագործակցել Պետերբուրգի «Աշուղ» նվագախմբի հետ, ելույթ ունենում Կոմիտասի հիշատակին նվիրված «Կռունկ» ամենամյա համերգին, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի “Chamberries” կամերային քառյակի հետ։ Նրա տաղանդն այնքան պահանջված է, որ նրան որպես հատուկ հյուր հրավիրում են իրանական դասական երաժշտության երեկոներին, “Диалоги Невских берегов” միջազգային դաշնամուրային փառատոնին, “Летания” սիմֆոնիկ նվագախմբի “Времена года, Лучшее” նախագծին և Պետական ակադեմիական Կապելլայի սիմֆոնիկ նվագախմբի հետ իրականացվող «Հինավուրց լարերի երիտասարդությունը» 16-րդ միջազգային մրցույթ-փառատոնին, որտեղ հաղթում է և պարգևատրվում Գրան-Պրիով:

Ամենակարևոր փաստը, որը բնութագրում է Անիի ստեղծագործական կեցվածքը, հետևյալն է. բոլոր այս հեղինակավոր ու միջազգային համերգներին նրա մասնակցության գլխավոր նախապայմանը եղել և մնում է մեկը՝ բեմից պետք է հնչի հայկական երաժշտություն։ Այս սկզբունքայնության շնորհիվ Ռուսաստանի մշակութային սրտում, սիմֆոնիկ ու կամերային հզոր նվագախմբերի համակցությամբ, հեթանոսական ու քրիստոնեական խորություն ունեցող հայկական լարերը ներկայացրել են Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Առնո Բաբաջանյանի, Խաչատուր Ավետիսյանի և Անիի ուսուցչի՝ պրոֆեսոր Անահիտ Վալեսյանի ստեղծագործությունները։

Անի Առակյանի անցած ճանապարհը վառ ապացույց է այն բանի, որ իսկական արվեստագետը ոչ միայն նվագում է, այլև իր ուսերին է վերցնում սեփական ազգի մշակութային դեսպանը լինելու բարձրագույն պատիվն ու պատասխանատվությունը։

Նաիրա Ասլանյան

Response

  1. Նաիրա Avatar
    Նաիրա

    Հիանում եմ։😘

Թողնել պատասխան