
Ամեն տարի օգոստոսի տասնհինգին հաջորդող կիրակի օրը` Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը։
Ըստ քրիստոնեական ավանդության՝ Սուրբ Աստվածամայրը խաղաղ մահ է ունեցել և թաղվել Գեթսեմանի այգում, այնուհետև նրա մարմինը վերափոխվել է երկինք։
Սուրբ Աստվածամոր վերափոխման տոնը Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է, որը հաջորդում է Վարդավառին։ Այն ընդունված է անվանել Խաղողօրհնեք, քանի որ այդ օրը եկեղեցում կատարվում է Խաղողօրհնեքի ծեսը։
Հնագույն ժամանակներից մեզ հասած այս ծեսը ունի նախաքրիստոնեական արմատներ։ Խաղողի հետ կապված ծեսեր եղել են նվիրված Անահիտ աստվածուհուն և դրան նախորդող Վանի թագավորության ժամանակաշրջանում Խալդի Աստծուն ու նրա տիկնոջը` Առուբաինին։ Քրիստոնեական ավանդազրույցները մեզ տանում հասցնում են մինչև Նոյ Նահապետ և նրա որդիներ։
Ահա մի հատված Անդաստանի ծեսից․ «Երկնքի լույս Թուխ – մանուկներեն ցողված են այս մեր այգիների ողկույզները: Աստված օրհնեց մեր այգիները Նոյի տապանով, Մովսեսի տապանակով, Քրիստոսի Սուրբ Խաչով, Աստվածածնի արցունքով, Լուսավորչի լույս հավատով, Հաց ու գինի, Տեր կենդանի: Մեր այգիներն էլ միշտ պիտի առատ լինեն, ողկույզները՝ միշտ անսպառ»:
Աստծո որդին ևս նմանեցվել է խաղողի որթի։ Սուրբ պատարագի գինին պատրաստում էին հենց այդ նույն խաղողից։
Անցյալում խաղողօրհներքի ծեսը տեղի էր ունենում եկեղեցուն կից այգիներում և քահանան մի ձեռքին բռնած խաչը, իսկ մյուսին` մկրատը հենց այգիներում օրհնում էր խաղողը։ Մինչև տոնը խաղողի պահք էր և միայն խաղողը օրհնելուց հետո կարելի էր ճաշակել։
Օրհնված խաղողից այնուհետև ողկույզներ են տարվում դրվում լուսաղբյուրների և խաչքարերի վրա, «որպեսզի թռչնակներն էլ անմասն չմնան երկրի այս բարեբերությունից»:
Ծանոթանանք ևս մի գեղեցիկ հատվածի Անդաստանի ծեսից․
— էս մի ճութը հողի պաշտպան հրեշտակին,
— Էս մի ճութը թռչուններին,
— Էս մի ճութը մուկ-մորեխին,
— Էս մի ճութը որբին ու աղքատին,
— Էս մի ճութը անցորդին,
— էս մի ճութն էլ Արեգակին, Լուսնյակին, Լուսաստղին…
Սուրբ Մարիամ Աստվածածնին նվիրված եկեղեցիները զավակատու են, և ընդունված են ուխտագնացությունները այնտեղ։
«Տիրամոր գովքը» երգում հիշատակվում է․
Քեզ հավատամ, խոստովանիմ,
Անմահական սու՛րբ Տիրամեր,
Քու տաճարին էրկրպագիմ,
Շատ պատվական սու՛րբ Տիրամեր։
Տոնախմբություններին ոչ միայն երգում ու պարում էին, այլև ընդունված էր մատաղ մատուցելը, իսկ բաժին հանելն ամենակարևոր արարողակարգերից մեկն էր։
Ժողովրդական բանահյուսությունից մեզ են հասել մի շարք ժողովրդական երգեր խաղողաքաղին նվիրված, «Տիրամոր գովքը» երգը, ինչպես նաև «Աստվածածնա պարը» որ պարում էին այս տոնին։
Իմ յարն իջավ ի էգին, ի էգին,
Օսկի դանակն ի ձեռին, ի ձեռին,
Քաղեց խարջի խաղողն ի էգին,
Ճմռեց օսկի խաղողն ի ձեռին:
Խարջի հավողը ճըմռեմ ի բարին, ի բարին,
Օսկի մաճառը խըմեմ ի բարին, ի բարին,
Չարը ոտի տակ ճըխլեմ, իմ գերին, իմ գերին,
Օսկի գինին խըմեմ իմ գերին, իմ գերին:
Հավող, հավող, քեզ մաճառին կը տամ,
Մաճառ, մաճառ, քեզ գինուն կը տամ,
Գինի, գինի, քեզ հարսանքին կը տամ,
Հարսնիք, հարսնիք, քեզ նորածին,
Նորավոր թագավորին կը տամ:
Այս եկեղեցական տոնը միախառնվում է ժողովրդական սիրված ծեսին և դառնում իրական գունագեղ ուրախություն։
Հասմիկ Օրդյան

Թողնել պատասխան