ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Երեխաներն են մեր ազգային ժառանգության վաղվա կրողները

Ամեն տարվա հունիսի մեկը աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում Հայաստանում, ստացավ իր  գեղեցիկ խորհուրդը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օր։ Աշխարհի բոլոր ծայրերում երեխաների համար անհոգ մանկություն, սեր ու խաղաղություն, կրթություն ու դաստիարակություն ապահովելու ուղերձն է իր մեջ կրում այս գեղեցիկ օրը։

Հայ երեխաների համար հունիսի 1-ը նաև յուրահատուկ խորհուրդ ունի․ այն համախմբում է աշխարհի բոլոր  հայ մանուկներին ու պատանիներին, դառնում տոն-կամուրջ։ Իսկ համախմբման լավագույն միջոցներ են լեզուն, մշակույթը, պատմությունը։ Հայրենիքից դուրս ապրող հայ երեխանները, բնականաբար, կրում են տարբեր միջավայրերի մշակույթի, աշխարհայացքի, մտածելակերպի առանձնահատկությունները, սակայն նրանց համախմբում  է միևնույն ինքնությունը, ազգային պատկանելությունը, հայոց լեզուն, դեպի հայրենիք տածած անհուն սիրո  և կարոտի զգացումը։ Այս ամենի ամրապնդման, նրանց հայեցի կրթության ու դաստիարակության համար անչափ կարևոր է հայրենիքից դուրս գործող հայկական կրթօջախների, հասարակական կազմակերպությունների, պարբերականների, որոնց թվում և մեր՝  «Սփյուռքի դպրոց» թերթի դերը։ «Սփյուռքի դպրոց» առցանց թերթը իր էջերում տեղ է տալիս դպրոցահասակ երեխաների ինքնարտահայտման դրսևորումներին։ Թերթում յուրաքանչյուր հայ երեխա ազատորեն կարող է արտահայտել իր կարծիքը, որոնել, ստանալ և հաղորդել գաղափարներ ու տեղեկատվություն։ Թերթը նաև կամրջող հարթակ է սփյուռքահայ մանուկների, պատանիների համար։

Իր լեզուն, մշակույթն ու պատմությունը իմանալու  իրավունքը յուրաքանչյուր հայ երեխայի անօտարելի իրավունքն է։ Այս հարցում անչափ կարևոր է ծնողի դերակատարությունը, քանի որ ընտանիքում է ձևավորվում երեխայի աշխարհայացքը, արժեհամակարգը, ազգային ինքնագիտակցությունը։ Հայրենիքից դուրս ապրող երեխան պիտի գիտակցի, որ հայոց յուրաքանչյուր տառ ու բառի սերտումով ամրացնում է հայրենիքին կապող կամուրջը, խորացնում մեր ինքնության  արմատները։

Այս լուսավոր տոնը հիշեցում է ոչ միայն ուրախ ու անհոգ մանկության, որը ևս խաթարված է մեր օրերում, այլև ապագա սերնդի հանդեպ մեծերի պատասխանատու վերաբերմունքի մասին։ Երեխայի հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը պետք է արտահայտվեն ամեն օր, ոչ միայն տոն օրերին։

Սիրելի ընթերցող, «Սփյուռքի դպրոց»-ը միշտ ուշադրության կենտրոնում է պահում երեխաների դաստիարակման, զարգացման, կրթության, ժամանցի տարաբնույթ խնդիրներն ու մտահոգությունները։ Շնորհավորելով հայ երեխաներին` ուզում ենք մաղթել․ եղե՜ք ուժեղ և իմաստուն, որ կարողանաք հաստաբուն ծառի հաստաբազուկ ճյուղերի պես դիմակայել բոլոր դժվարություններին ու խոչընդոտներին։ Աշխարհի թնդանոթների սարսափազդու դղրդյունը թող փոխարինվի ձեր զրնգուն ծիծաղով, երգով ու նվագով։

Ձեր ձեռքերում է ապագան։ Հայրենիքի վաղվա օրը կերտվում է ձեր այսօրվա մեջ, սիրելի հայ երեխանե՛ր ․․․․

Leave a Reply

Discover more from ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading