ՍՓՅՈՒՌՔԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Մեր լեզվի և մշակույթի ուսուցանումը, հատկապես հայրենիքից դուրս, միշտ էլ եղել է հայ մանկավարժների անմիջական հոգածության առարկան՝ դառնալով ազգային ինքնության պահպանման հիմնական գործիքներից մեկը։ Այս համատեքստում ստեղծվեց «Սփյուռքի ուսուցիչների համահայկական ասոցիացիա»-ն (ՍՈՒՀԱ), որն այսօր կանգնած է Սփյուռքի հայ ուսուցիչների կողքին և գործում է որպես միավորող և ուղղորդող հարթակ։
ՍՈՒՀԱ-ի պատմությունը սկսվում է 2015 թվականից, երբ ՀՀ Սփյուռքի նախարարությունը կազմակերպեց «Սփյուռք» ամառային դպրոցը, որն իր շուրջը համախմբեց տարբեր երկրներից ժամանած ավելի քան 300 հայ ուսուցիչների։ Դպրոցի շրջանակներում մասնակիցները վերապատրաստվեցին վեց ուղղություններով.
– հայոց լեզվի արագացված ուսուցում,
-Սփյուռքի հայոց լեզվի ուսուցիչների և կրթության ոլորտի մասնագետների վերապատրաստում,
– ուսումնական դասընթացներ Սփյուռքի լրագրողների, երգի ու պարի ուսուցիչների, պարարվեստի մասնագետների, երիտասարդ առաջնորդների համար։
«Սփյուռք» ամառային դպրոցի շրջանավարտներ Ազնիվ Պարոնյանը Մոսկվայից և Աննա Օսեփյանը Օրենբուրգից, միացան մեկ գաղափարի շուրջ և որոշեցին հիմնել «Սփյուռքի ուսուցիչների համահայկական ասոցիացիա»։
Նոր միավորման խորհրդապատկերը մշակեց Հասմիկ Խաչատրյանը (Տուապսե), իսկ անվանումը ընտրվեց «Հայրենի տուն», որը խորհրդանշում է հայ ընտանիքի ջերմությունը և միասնականությունը։ Կարճ ժամանակ անց ստեղծվեց նաև առաջին փակ Facebook-յան խումբը՝ հաղորդակցման և փորձի փոխանակման համար։
2018 թ. Կրասնոդարում Երազիկ Հարությունյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հայ ուսուցիչների Համառուսական երկրորդ համաժողովը, որին մասնակցում էին Ռուսաստանի հայոց լեզվի ուսուցիչների մեծ մասը։ Օսեփյան Աննան, ներկա գտնվելով համաժողովին, ոգեշնչվեց հայ ուսուցիչների միասնությունից և որոշեց ստեղծել Ռուսաստանի հայոց լեզվի ուսուցիչների միություն։ Ավելին, Ազնիվ Պարոնյանի հետ համատեղ, նրանք ստեղծեցին մեթոդաբանության և ուսումնական նյութերի փոխանակման առցանց հարթակ։ Այս փուլը դարձավ Ռուսաստանի հայ ուսուցիչներին միավորելու և կրթական տարածք ստեղծելու նախաքայլը։
Կայացան կարևոր հանդիպումներ, այդ թվում՝ հայոց լեզվի և հայրենագիտության ուսուցիչների Համառուսական երրորդ խորհրդաժողովը՝ «Սովորել նշանակում է ճանաչել Հայաստանը»։ Օսեփյան Աննան իր ելույթում կարևորեց ՍՈՒՀԱ-ի ստեղծման անհրաժեշտությունը՝ կոչ անելով գործընկերներին աջակցել նախաձեռնությանը։ Աննայի ծրագրային ելույթը, Ազնիվ Պարոնյանի աջակցությամբ դարձավ ՍՈՒՀԱ-ի ձևավորման հիմքը։
COVID-19 համավարակը զարմանալիորեն փոխեց ուսուցման ու շփման ձևերը։
2020-2021 թվականներին, աշխարհում հաղորդակցությունների սահմանափակումների պայմաններում, Սփյուռքի հայ ուսուցիչները ակտիվացան առցանց հարթակներում։ Facebook-ում ստեղծվեց «ՌԴ-ում հայ ուսուցիչների միություն» խումբը, որն ուսուցիչների համար դարձավ միմյանց աջակցելու և փորձառություն փոխանակելու կարևոր կենտրոն։
Խմբում օրեցօր ավելանում էին ուսուցիչները՝ աշխարհի տարբեր ծայրերից, միավորելով «Հայրենի տուն» և «ՌԴ-ում հայ ուսուցիչների միություն» խմբերը։
Փետրվարին ստեղծվեցին նաև մասնագիտացված խմբեր՝ հայոց լեզվի, գրականության և այլ առարկաների ուսուցիչների համար։ Այս ժամանակահատվածում ձևավորվեցին նաև WhatsApp-յան խմբերը, որոնք դարձան համագործակցության ավելի ինտենսիվ հարթակներ։ Խմբերը միավորվելով ձևավորեցին «Սփյուռքի ուսուցիչների համահայկական ասոցիացիա»-ն։
Այս միավորումը և տեխնոլոգիական զարգացումները հանգեցրին հայոց լեզվի և հայ մշակույթի ուսուցման համաշխարհային ցանցի ձևավորմանը։
2025 թ. ապրիլի մեկից ՍՈՒԱՀ-ը արդեն ուներ 24 մասնագիտացված խմբեր և ավելի քան 450 մասնակից աշխարհի տարբեր երկրներից։ Այս ամենն ապացուցում է, որ հայոց լեզվի ուսուցիչների միությունը դարձել է գլոբալ կրթական հարթակ, որը նպաստում է հայեցի կրթության տարածմանը և զարգացմանը։
ՍՈՒՀԱ-ի պատմությունը՝ սկսած գաղափարից մինչև գլոբալ հարթակ, արտացոլում է հայ կրթական համայնքի ուժը, նպատակասլացությունը և մտահորիզոնի լայնությունը։ Այս կազմակերպությունը ոչ միայն նպաստում է Սփյուռքում հայոց լեզվի և մշակույթի տարածմանը, այլ նաև ամրապնդում է հայկական գաղափարախոսությունը կրթական դաշտում։
ՍՈՒՀԱ-ի հաջողությունները ցույց են տալիս, որ համախմբումը և համակարգված աշխատանքը կարող են արդյունավետ լինել նաև շատ այլ ոլորտներում.
– համաշխարհային առցանց հարթակներում
– մասնագիտական խմբերում և միավորումներում,
որոնք վկայում են, որ նոր տեխնոլոգիաներն ու սոցիալական ցանցերը կարող են փոխել կրթության բնագավառում ընդունված ավանդական ձևաչափերը՝ հնարավորություն տալով ավելի լայն և տարբերակված լսարանի։
ՍՈՒՀԱ-ն դարձել է ոչ միայն ինքնուրույն կրթական նախաձեռնություն, այլ նաև համաշխարհային հայ համայնքի կարևոր առանցք։ Այն նպաստում է հայոց լեզվի, հայ մշակույթի և հումանիտար արժեքների տարածմանը տարբեր երկրներում, ազգային ինքնության պահպանմանը, միջազգային կրթական դաշտում հայեցի կրթության մրցունակ և նորարարական բնույթին։
ՍՈՒՀԱ-ի պատմությունը՝ սկսած 2015 թվականից մինչ այսօր, ոգեշնչում է այլ կրթական և մշակութային կազմակերպություններին՝ ցույց տալով, որ համախմբված և նպատակասլաց աշխատանքը կարող է վերաճել գլոբալ շարժման և ապացուցում է, որ փոքր ազգերը կարող են մեծ քայլեր կատարել, երբ հզոր են միասնությամբ ու նպատակասլացությամբ։
Հայ ուսուցիչների միությունը շարունակում է աճել և զարգանալ՝ հանուն հայապահպանության և Սփյուռքի հայկական դպրոցներում կրթության որակի բարձրացման։ Ակնկալում ենք, որ ՍՈՒՀԱ-ն շարունակելու է ընդլայնվել՝ ընդգրկելով նոր մասնագիտություններ, նոր երկրներ և նոր խմբեր, իսկ հայոց լեզվի և հայ մշակույթի տարածումը կշարունակի մնալ նրա գլխավոր առաքելությունն ու նպատակը։
Սփյուռքի դպրոցների մասին առցանց թերթի ստեղծումը մեր կազմակերպության հերթական նախագիծն է, որը իրականություն է դառնում մի խումբ ստեղծագործող մանկավարժների անշահախնդիր, տքնաջան աշխատանքով։ Հուսով ենք թերթը աստիճանաբար կընդարձակի իր աշխարհագրությունն ու բովանդակային սահմանները։

Սփյուռքի ուսուցիչների համահայկական ասոցիացիա
Աննա Օսեփյան, Ազնիվ Պարոնյան

Leave a Reply