ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Անի Վազգենի Կիրակոսյան

Շատերի պես ես էլ մի օր թողեցի իմ տունը, իմ գյուղը, իմ դպրոցը և հայտնվեցի «աշխարհից հեռու այս գյուղում», որտեղ նորից մասնիկ առ մասնիկ ինձ պետք է հավաքեի…

  Ծնվել եմ Հայաստանի այն ժամանակվա ամենամեծ գյուղում` Վարդենիկում` շատ սովորական ընտանիքում: Բայց հենց իմ շատ սովորական ընտանիքում էլ սովորեցի սիրել գիրքը, գրականությունը, կարևորել կրթությունը: Ես ապրել եմ մեկսենյականոց բնակարանում, որտեղ հազարից ավել գիրք կար: Ու հենց այդ գրքերի շնորհիվ էր, որ մեր տունն ինձ ոչ մի օր փոքր չթվաց. նրանց շնորհիվ իմ շուրջը աշխարհն անծայրածիր էր…

 Գերազանցությամբ ավարտել եմ մեր ամենամեծ գյուղի 3-րդ միջնակարգ դպրոցն ու ընդունվել ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը, մինչդեռ իմ շրջապատում բոլորը վստահ էին, որ մաթեմատիկոս եմ դառնալու: Բայց ես հասկացել էի, որ իմը գիրքն է, գրականությունն է, որ իմը հայերենն է…

 Ես ընտրեցի մասնագիտություն, որն ինձ ընդմիշտ կապելու էր իմ հող ու ջրին, իմ հայրենիքին, որովհետև վստահ էի, որ ոչ մի օր «դրսում» չեմ ապրելու: Բայց Աստծո գործերն անքննելի են…

 Համալսարանն ավարտելուց անմիջապես հետո սկսեցի աշխատել իմ գյուղի 2-րդ միջնակարգ դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: Հետո մեր դպրոցը դարձավ հանրապետության առաջին ավագ դպրոցներից մեկը, և ես շարունակեցի աշխատել արդեն որպես ավագ դպրոցի ուսուցչուհի: 

Եվ հենց այն ժամանակ, երբ թվում էր` ամեն ինչ լավ է, իմ ընտրած ասպարեզում հաջողել եմ,  կանգնեցի ընտրություն կատարելու բարդ խնդրի առջև` հայրենի՞ք, թե՞ օտարություն, կայացած մասնագիտությու՞ն, թե՞ անորոշություն, ընտանի՞ք, թե՞…

 Ես կատարեցի իմ ընտրությունը. հավաքեցի ճամպրուկս…

Այսօր` արդեն տասներեք տարի, ապրում եմ ՌԴ Տյումեն քաղաքում, որտեղ վերջին ինը տարին աշխատել եմ Մեսրոպ Մաշտոցի անվան մշակույթի կենտրոնում (նորից) որպես հայերենի ուսուցչուհի: Ինձ այստեղ օտարության մեջ չեմ զգում, որովհետև մասնագիտությանս շնորհիվ  շարունակում եմ ապրել մեր ստեղծած փոքրիկ Հայաստանում` շրջապատված հայով, հայերենով և հայկականով: Իմ աշխատանքն ինձ համար փրկօղակ է. նրա շնորհիվ է, որ կարողանում եմ լիաթոք շնչել:

Այս տարիների ընթացքում արժանացել եմ մի շարք պարգևների, պատվոգրերի և շնորհակալագրերի: 

 Ես մարդ եմ, որն ատում է սուտը, կեղծիքն ու անարդարությունը, ով կարողանում է անսահման սիրել ու նվիրվել, ով ամենաշատը վախենում է մենակությունից և հիասթափությունից:

Մեծ սիրով ընդունել եմ առաջարկը` մասնակցելու «Սփյուռքի դպրոց» առցանց թերթի կազմակերպչական աշխատանքներին, որովհետև  ինձ համար դա ևս մեկ հնարավորություն է մոտ կանգնելու այն ամենին, ինչն ինձ հոգեհարազատ է: