Սիրելի առարկան
– Արա՜մ, ո՞րն է քո ամենասիրելի առարկան, — հարցրեց դասղեկը, — հաստատ ֆիզկուլտուրան։
– Ո’չ, դասամիջոցն է բոլորի ամենասիրելի առարկան, – պատասխանեց Արամը։
***
Մայրիկի լեզուն
– Հայրի’կ, ինչո՞ւ են ասում մայրենի լեզու։
– Տղա՛ս, որովհետև մայրիկդ միշտ լեզվով հաղթում է։
***
Աշխարհագրության դասը
Աշակերտները լսում էին ուսուցչին ու ցրտից դողում։ Ուսուցիչը հարցրեց․
— Ո՞րն է աշխարհի ամենացուրտ կետը։
— Ես ասեմ, ընկե´ր Գասպարյան, — բացականչեց Նարեկը։
— Ասա՛, Նարե´կ ջան, — ասաց ուսուցչուհին։
— Մեր դպրոցը, — դողդողալով պատասխանեց Նարեկը։
***
Հեղինակ՝ Գոհար Զոհրաբյան
Սրամիտ Վահանը

Տուապսեի շրջանի Ջուբգա ավանում, չնայած հայերի թվաքանակը համեմատաբար մեծ է, հայկական դպրոց հաճախող աշակերտների թիվը քիչ է։ Քիչ են, բայց խելացի ու հայրենասեր։
Կոստանյան Վահանը հինգերորդ դասարանի աշակերտ է։ Նա դպրոցական ուսումնառությունը համատեղում է հայոց լեզվի ուսուցման, հայկական պարի, սպորտի և երաժշտական դպրոցի հետ։
Հանրակրթական դպրոցի հինգերորդ դասարանում արդեն սկսում են ուսումնասիրել պատմություն։ Իհարկե, Վահանը իր հայերենի ուսուցչի օգնությամբ ծանոթացել էր նաև հայոց պատմությանը։
Նոր ուսուցիչը, երևի աշակերտների աչքին ավելի հեղինակավոր երևալու համար, դասի ժամանակ ասաց, որ ուսումնասիրել է աշխարհի պատմությունը և գիտի բոլոր աստվածներին՝ անուն առ անուն։
Վահանը համեստորեն ձեռքը բարձրացնում է և ասում․
— Իսկ եթե ես ձեզ ասեմ աստվածների անուններ, որոնք դուք չգիտեք, կխոստանա՞ք, որ ինձ հինգ կդնեք և կխոստովանեք, որ ոչ բոլոր աստվածներին եք ճանաչում։
— Իհարկե, Վահա´ն, բոլորի ներկայությամբ խոսք եմ տալիս,— պատասխանում է ուսուցիչը։
Վահանը սկսում է թվարկել հայ հեթանոսական աստվածներին և բացատրել՝ ով ինչի աստվածն է։
Ուսուցիչը, չհավատալով լսածին, քմծիծաղ է տալիս։ Սակայն Վահանը, որն ունի կայուն բնավորություն և որին այնքան էլ հեշտ չէ երեխայի տեղ դնել, շարունակում է․
— Դե որ դուք ճանաչում եք նաև հին հայ աստվածներին, ասեք՝ Վահագնը ինչի՞ աստված էր և ինչո՞վ էր հայտնի։
Ուսուցիչը ծափ է տալիս և ասում․
— Վահան, մինչև այսօր ինձ ոչ ոք այսպես չէր «մերկացրել»։ Բրավո՛։
Հեղինակ՝ Նաիրա Ասլանյան
***
Մաթեմատիկայի դասին
— Ուսուցի՜չ ջան, սա շատ բարդ խնդիր է։
— Փորձի՛ր մտածել։
— Մտածեցի… ավելի բարդացավ։
***
Ստեղծագործող փոքրիկը
Վորոնեժ քաղաքում գործող «Կոմիտաս» մշակութային կենտրոնի մեկօրյա հայկական դպրոցում երեխաներին հանձնարարվել էր գրել շարադրություն «Իմ ընտանիքը» թեմայով։
Աշակերտներից մեկը` փոքրիկ Ալինան, ընտանիքի անդամներին բնութագրել էր հետևյալ կերպ․
«Հայրս շատ բարի է, համբերատար, խելացի և մեծահոգի, մայրս՝ գեղեցիկ»։
Ամեն ինչ ասված է։
Հեղինակ՝ Աբաջյան Հասմիկ
Վորոնեժ քաղաքի «Կոմիտաս» մշակութային կենտրոն

Հարց
Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ է այդ հյութեղ և ախորժալի պտուղը կոչվում «ձմերուկ»։ Ի՞նչ պատմություն կամ ժողովրդական բացատրություն գիտեք այդ անվան ծագման մասին։ Ուղարկե՛ք ձեր տարբերակները։

Թողնել պատասխան