Հայացքներն ուղղորդել դեպի հայրենիք

Ռազմիկ Դավոյանի անվան կիրակնօրյա դպրոցի << ՀԱՄԱԶԳԱՅԻՆ >> պարախումբ
Այսօր, այս դժվարին ժամանակներում, երբ մեր ազգի և պետականության առջև ծառացել են նոր մարտահրավերներ, առավել քան երբևէ, կարևորվում է հայապահպանության և հայեցի դաստիարակության դերը ոչ միայն Սփյուռքում, այլ նաև մայր հայրենիքում։
Մեր ինքնության պահպանման և հայ մնալու երաշխիքը մեծապես պայմանավորված է ազգային դպրոցների գոյությամբ և այնտեղ դասավանդող ուսուցիչների զորությամբ։ Նրանք յուրօրինակ, անհատական պատասխանատվություն են կրում հայ ժողովրդի և նրա պատմության առջև։ Գերխնդիրը հայ երեխաների մեջ արժանապատվության, ազգային, քրիստոնեական և բարոյական արժեքների դաստիարակումն է՝ մշակութային ժառանգականությամբ էթնիկ ինքնությունը պահպանելու համար…
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՌԴ-ում, Համազգային հայ կրթական և մշակութային միությունը ամենայն պատասխանատվությամբ իրականացնում է կարևոր առաքելություն։ Ուծացման տեմպերը նվազեցնելու համատեքստում նա հայկական կրթօջախների ստեղծումը դիտարկում է որպես առաջնային կռվան ու կարևորում կիրակնօրյա (մեկօրյա) դպրոցների դերը։ Դրանք են Սփյուռքում ապահովում հայապահպանություն և ձևավորում եկող սերնդի ազգային դիմագիծն ու հոգեկերտվածքը։ Դպրոցը՝ արհեստավարժ ուսուցիչներով կոչված է սահմանելու մեր ինքնությունը, ծանոթացնելու հայ ժողովրդի ստեղծած պատկառելի մշակութային ժառանգությանը, աշխարհաքաղաքական առկա մարտահրավերների պարագայում հստակեցնելու հայոց պետականության ապագայի տեսլականը և դաստիարակելու հայոց բանակին ու պետականությանը նվիրյալ հայորդիներ ու հայուհիներ։
Համազգայինի ՌԴ կառույցի հայկական կիրակնօրյա դպրոցներում, բացի հայոց լեզու, Հայ գրականություն (բանավոր խոսքի զարգացում) և Հայրենագիտություն առարկաներից, պարտադիր ուսուցանվում է նաև երգեցողություն։ Երգելը ոչ միայն մարզում է ձայնը, այլև շատ ավելի մեծ ազդեցություն ունի երեխայի զարգացման վրա։ Երեխաներն ակտիվորեն բարելավում են իրենց խոսքը և հիշողությունը, քանի որ երգերի տողերն ավելի արագ են սովորում, քան պարզապես բանաստեղծությունը, և դա մարզում է հիշողությունը։ Մեր բոլոր դպրոցներում երաժշտության դասերն ուղեկցվում են դաշնամուրի նվագակցությամբ՝ աշակերտների մոտ ձևավորելով նաև երաժշտություն ունկնդրելու վարք։ Որոշակի ժամաքանակ հատկացվում է մեր ազգային և դասական երգարվեստի գոհարներին, ինչպես նաև հայ մշակույթի նվիրյալների կյանքին ու գործունեությանը ծանոթանալուն։

Համազգայինի ՌԴ կառույցի, Օդինցովոյի շրջանի, Гусарская Баллада թաղամասի նորաբաց կիրակնօրյա դպրոցում։
Համազգայինի կրթական ծրագիրը իր մեջ ներառում է ոչ միայն կիրակնօրյա դպրոցների հիմնում, այլև մշակութային տարբեր միավորների՝ թատերախմբերի, երգչախմբերի, պարախմբերի, գրական և նկարչական ակումբների ստեղծում։ Կազմակերպում և իրականացում է ՌԴ հայաշատ քաղաքներում համայնքային կյանքի աշխուժացմանը նպաստող տարաբնույթ ձեռնարկներ։
Համազգային հայ կրթական և մշակութային միության աշխարհասփյուռ կառույցը իր մեկդարյա գործունեության ընթացքում իրականացրել է բազմատեսակ ծրագրեր, որոնք բոլորն էլ ուղղված են եղել մեր վիթխարի մշակութային ժառանգության պահպանմանը, տարածմանն ու ներկայացմանը Սփյուռքի հայկական գաղթօջախներում, Հայաստանում, Ջավախքում։
Համոզված ենք, որ շատ կարևոր և անհրաժեշտ է ազգային տոների ներկայացումը նոր սերնդին՝ Հայ Առաքելական եկեղեցու և համայնքային տարբեր կառույցների, դպրոցների ու այլ միությունների՝ տարբեր ձևաչափերով համագործակցությամբ։
Համազգայինի ՌԴ կառույցը, Մոսկվայում և Մոսկվայի մարզում ունի գործող 13 կիրակնօրյա դպրոց՝ 60 արհեստավարժ ուսուցիչներով, երեք պարախումբ, մանկական երգչախումբ, գրական և նկարչական ակումբներ։ Մեր գործունեությանը մշտապես օգնում և աջակցում են Համազգայինի ԿՎ-ը, նվիրատուների խորհուրդը և Լազարյան ֆոնդը։
Սփյուռքում ապրող հայ բալիկներին ծանոթացնել մեր մշակութային ժառանգությանը, սովորեցնել գրել ու կարդալ ոսկեղենիկ մայրենիով, հայ գրականության, ավանդույթների, երգ ու պարի միջոցով մեր պատմության փառավոր էջերը ներկայացնել և նրանց հայացքները ուղղել դեպի Հայրենիք՝ ազգի հիշողությունը պահելու և մեր արմատներից չկտրվելու համար․ ահա այս առաքելությունն են իրականացնում Համազգայինի ՌԴ կառույցի կիրակնօրյա դպրոցները։
Արթուր Փայտյան, Համազգային հայ կրթական և մշակութային միության ՌԴ կառույցի ներկայացուցիչ

Leave a Reply