ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Մարիա Շոթայի Կիրակոսյան

Ծնվել եմ 1992 թվականի մայիսի 31-ին Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղում՝ մանկավարժի ընտանիքում։ Այսինքն՝ մանկավարժությունը իմ կյանք մտավ ոչ թե այն օրը, երբ ես ընտրեցի մասնագիտությունս, այլ՝ շատ ավելի վաղ։ Այն մեր տանն ապրում էր դեռ իմ ծնվելուց առաջ։

Դպրոց, ուսուցիչ, դասեր, երեխաներ, տետրեր ու դասամատյաններ… սրանք իմ մանկության աշխարհի սովորական մասն էին։ Երևի հենց այդ պատճառով էլ, երբ եկավ մասնագիտություն ընտրելու պահը, երկար մտածելու կարիք չեղավ․ ես պարզապես հայրիկիս խորհրդով շարունակեցի այն ճանապարհը, որի վրա արդեն վաղուց է՛ի։

2009 թվականին ընդունվեցի Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Մանկավարժություն և մեթոդիկա «Տարրական կրթություն» բաժինը։ Ուսանողական տարիներին սկսվեց նաև իմ աշխատանքային ճանապարհը։ 2010 թվականից աշխատեցի Կաթնաղբյուրի միջնակարգ դպրոցում․ նախ` որպես գրադարանավարուհի և տեխնոլոգիայի ուսուցչուհի, հետո՝ որպես դասվար։

Բայց, պարզվեց, մանկավարժի «բավական է, արդեն ամեն ինչ գիտեմ» արտահայտությունը վտանգավոր է։ Ես նորից նստեցի ուսանողական նստարանին՝ այս անգամ սովորելու հայոց լեզու և գրականություն։ Ավարտեցի մագիստրատուրան և վերջնականապես հասկացա, որ իմ կյանքում «ուսուցիչ» բառը պարզապես մասնագիտության անվանում չէ։

Տարիների ընթացքում աշխատեցի, սովորեցի, փորձեցի, սխալվեցի, նորից փորձեցի ու հասկացա մի կարևոր բան՝ երեխաներին սովորեցնելու համար նախ ինքդ պիտի չդադարես սովորել։

2017 թվականին գրել եմ «Գենետիկա՞, թե՞ դաստիարակություն» գիտամանկավարժական հոդվածը, որը հրապարակվել է «Նախաշավիղ» ամսագրում։ Հետաքրքիր է, որ այդ հարցի պատասխանը մինչ օրս շարունակում եմ փնտրել ոչ միայն գրքերում, այլև երեխաների մեջ։ Ամեն երեխա գալիս է իր բնավորությամբ, իր աշխարհով, իր փոքրիկ գաղտնիքներով, իսկ ուսուցչի գործը երբեմն հենց այդ աշխարհը բացելու ճիշտ բանալին գտնելն է։

2018 թվականին ստացել եմ ուսուցչի որակավորման առաջին աստիճանի տարակարգ։ Իմ աշխատանքային բնութագրում գրված է, որ ես գրագետ ու բանիմաց ուսուցչուհի եմ, սիրում եմ նորարարական, ստեղծագործական մեթոդներ կիրառել, կազմակերպում եմ միջոցառումներ և բաց դասեր, վայելում եմ աշակերտների ու ծնողների սերն ու հարգանքը։

Այլ կերպ ասած՝ իմ ամենամեծ մասնագիտական ձեռքբերումն այն է, երբ երեխան, որը դասի սկզբում ասում էր՝ ես չեմ կարող, դասի վերջում ասում էր՝ ուրիշ վարժություն  էլ կտա՞ք, փորձեմ։

Իմ ճանապարհին եղել են նաև դադարներ ու փոփոխություններ։ Բայց, ինչպես երևում է, մանկավարժությունից հեռանալ ես չեմ կարողանում։ Վեց տարվա դադարից հետո ես կրկին վերադարձա դպրոց։ Այս անգամ արդեն Եգորևսկ քաղաքի Դավիթ Անհաղթի անվան հայկական դպրոց, որի ստեղծման գաղափարը տարիներ շարունակ եղել է սրտումս և արդեն իրականություն է դարձել։ Զարմանալի զուգադիպությամբ նույն ուսումնական տարում հրավեր ստացա աշխատելու Կոլումնայի հայկական դպրոցում։

Այժմ համատեղում եմ երկու դպրոցների աշխատանքը։ Ֆիզիկապես բարդ է, բայց այն գիտակցումը, որ հայ երեխաների մի  խմբի ինքնաճանաչողության ճանապարհի  ջահը ևս ինձ է տրված, պարտավորեցնող է և ոգեշնչող  այնքան, որ ֆիզիկական դժվարությունը դարձնում է առոչինչ։ Եվ հիմա արդեն հասկանում եմ մի պարզ բան՝ ուսուցիչը կարող է դուրս գալ դպրոցից, բայց դպրոցը ուսուցչի միջից այդքան հեշտ դուրս չի՛ գալիս։

Այսօր ես կրկին դասարանում եմ․ նոր երեխաներ, նոր միջավայր, նոր փորձություններ, նոր պատմություններ, բայց հին սերը՝  հայոց լեզվի, գրականության, երեխաների և, ամենակարևորը, հայ երեխայի մեջ հայերենն ու հայկականը կենդանի պահելու գործի նկատմամբ։

Երբեմն մտածում եմ՝ երևի ես երբեք էլ չեմ ընտրել մանկավարժությունը։ Երևի մանկավարժությունն է ինձ ընտրել դեռ այն ժամանակ, երբ ես պարզապես մանկավարժների ընտանիքում ծնված մի փոքրիկ աղջնակ էի։

Իմ կենսագրությունը ավարտված չէ. ուսուցչի ամենահետաքրքիր էջը միշտ այն էջն է, որը դեռ պիտի գրվի…