
«Սփյուռքի դպրոց» թերթի անձնակազմը
«Յուրաքանչյուր գրագետ մարդ պարտական է ուսուցչին։ Հզոր է այն ազգը, որն ունի լավագույն ուսուցչություն։ Ծնողները երեխային տալիս են մարմին, իսկ ուսուցիչը՝ հոգի, բարի կամք ու բարձրագույն իդեալներ»։
Ավետիք Իսահակյան
Ոսկեզօծ աշնան երկրորդ ամսի սկզբին, երբ բնությունը զարդարված է երփներանգ գույներով, հասուն ու ժպտացող մրգերով, գույնզգույն ծաղիկների անուշ բուրմունքով, նշվում է մի կարևոր տոն ՝ ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆԸ։ Չէ՞ որ ուսուցչի մասնագիտությունը բոլոր մասնագիտությունների մայրն է։ Առանց ուսուցչի փոխանցած գիտելիքների և նվիրումի չէինք ունենա ո՛չ բժիշկ, ո՛չ իրավաբան, ո՛չ գիտնական, ո՛չ շինարար ․․․ Իսկական ուսուցիչը փարոս է, որ ուղղություն է տալիս մարդուն կյանքի ողջ ճանապարհին։
Հոկտեմբերի 5-ին 100-ից ավելի երկրներում նշում են լույսի սերմնացանների տոնը։ Այս տոնական օրը մեկ անգամ ևս առիթ է տրվում մեծարելու ձեզ, սիրելի՛ ուսուցիչներ: Դուք մեր կյանքի ամենապայծառ աստղերից եք, որոնք լույս են արձակում նույնիսկ ամենամութ գիշերներին։ Ձեր նվիրվածությունն ու սերը հավետ մնում է յուրաքանչյուր սանի սրտում։
Սիրելի՛ ուսուցիչներ, մաղթում եմ ձեզ ամուր առողջություն, երկար տարիների կյանք, նորանոր հաջողություններ, գնահատող աշակերտներ և անմոռանալի հույզերով ողողված ուրախ օրեր։
Բժիշկները Հիպոկրատի երդում են տալիս՝ լինել ազնիվ ու բարեխիղճ, իսկ Հայ Ուսուցիչը Մեսրոպ Մաշտոցի հիշատակի առջև երդում է տալիս՝ ուր էլ որ լինի, հավատարիմ մնա հայերենն ուսուցանելու սրբազան գործին, որն ունի հոգևոր և ազգային կարևոր նշանակություն։
Մեր առաջին ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը գտնվում է Օշականում, որը 16 դար շարունակ դարձել է ուխտավայր հայ ուսուցիչների համար։ Մաշտոցը, բազում զրկանքներ կրելով, 405 թվականին ստեղծեց հայերեն գրերը, որը հայ ժողովրդի փրկության ամենամեծ զենքն էր։ Հայ Եկեղեցին 301թ․ քրիստոնեացավ, սակայն միայն 405 թվականից հետո հայացավ, երբ մեծ հավատով և անսպառ գիտելիքով ստեղծվեց հայոց Այբուբենը։ Առաջին հայատառ նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», խորհրդանշեց հայ դպրության, լուսավորության և գիտության սկիզբը, կանխորոշեց մեր հոգևոր վերընթաց ճանապարհը։
Դարեր շարունակ ուսուցիչը եղել է իսկական հերոս, ում մասին հորինվել են լեգենդներ, ձոնվել են հետաքրքիր պատմվածքներ, երգվել են երգեր, հյուսվել բանաստեղծություններ․․․ Ուսուցիչը համարվել է երկրորդ ծնող, հեղինակություն, կյանքի ուղեկից․․․ Նա անսահման ուրախանում է իր աշակերտի հաջողություններով և միշտ հավատում է, որ իր սանը մի օր կդառնա լույսի աղբյուր։
Հայերենի ուսուցումը Սփյուռքում այլ բնույթի դասավանդում է, և հայ ուսուցչի դերը ևս ուրիշ է։ Այստեղ ուսուցիչը յուրաքանչյուր դասի մեջ պետք է ընդգրկի և՛ հայրենասիրություն, և՛ լեզվի ուսուցում, և՛ պատմություն, և՛ հայրենաճանաչություն, և՛ ազգային աժեքներ։ Այդ տարբեր սերմերը միաբուռ շաղ տալով հայ մանուկների հոգու պարտեզում հույս է փայփայում, որ դրանցից կծլարձակի արժանապատիվ հայի կերպար։ Հրաշագործ է դառնում հայերենի ուսուցիչը, երբ կարողանում է իր դասերով աշակերտին տանել դեպի պատմական հայրենիք, դեպի մեր պապերի արյունով շաղախված երկիր, դեպի դրախտավայր Հայաստան։ Աշակերտների կրակոտ աչքերի ու վառվռուն հայացքի ցոլանքով ուսուցիչը կարողանում է հասնել իր դասի նպատակին։
Հայ ուսուցիչը պատմության ընթացքում եղել է մշակույթի, լեզվի և ինքնության պահապանը, հատկապես այն դժվարին ժամանակներում, երբ ժողովուրդը կանգնել է իր գոյությանը սպառնացող արհավիրքների առջև։ Հայ ուսուցիչը եղել է լույսի շող խավարի մեջ, երբ թշնամին փակել է հայկական դպրոցները։ Նա գտել է մի անկյուն, մի նկուղ, որտեղ կարողացել է թաքուն, անհատույց սովորեցնել «այբ, բեն, գիմը», ազգային երգն ու տաղը, դրանով ապահովել ազգի լինելիությունը․․․
Սփյուռքում տարագիր ընտանիքների երեխաներին հայերեն սովորեցնելը, հայի ոգին պահպանելը, հավատացե՛ք, հերոսություն է․․․
Խոնահվում եմ բոլոր ուսուցիչների՝ ԱԶԳԻ ՓՐԿԻՉՆԵՐԻ առջև․․․

Թողնել պատասխան